ԳԻՐՔԸ ՍԵՂՄԵԼ ԷՐ ԿՐԾՔԻՆ, ԱՍԵՍ ՄԻՆՈՒՃԱՐ ՈՐԴՈՒՆ ԷՐ ԳՐԿԵԼ
26.09.2018 17:32

Երբ Ասկերանի §Բերդ¦  թերթի խմբագրություն մտավ զոհված ազատամարտիկի մայր Եվգենյա Ստեփանյանը, մենք չզարմացանք, քանզի նա մեր թերթի մշտական ընթերցողներից է և գրի ու գրականության սիրահար: Սակայն վայրկյաններ հետո Եվգենյա մայրիկի դեմքին մի յուրահատուկ տրտմություն նկատեցինք, հուզմունքից դողում էր նրա ձայնը, ցավից քարացած  աչքերում այնքա՜ն չասված խոսքեր կային և այնքա՜ն անկատար երազանքներ: Տառապանքի կնիք էր դաջված նրա դեմքին, իսկ աչքերի թախիծը վկայում էր նրա մեծ ու անդառնալի վշտի մասին: Կնոջ դեմքն արտահայտում էր վրդովմունք և ցավ, ներողամտություն և զայրույթ: Իրարամերժ մտքերը, ցանկություններն ու հույսն իրար էին խառնվել: Ի վերջո հանգիստ և համակերպվող հայացքն ուղղեց մեզ…

…Մի կերպ հավաքեց իրեն և սկսեց պատմել մեզ այցելելու իր նպատակը: Բոլորովին վերջերս, հարազատներից մեկի տանը պատահական իր ձեռքն ընկավ Արցախյան ազատամարտում զոհված ասկերանցիների հիշատակին նվիրված §Ասկերան. հերոսության հասցեներ¦ գիրքը: Մեծ զարմանք ապրեց, քանի որ իր մտքերի մեջ միշտ էլ երազում էր, որ այդպիսի գիրք ունենա Ասկերանը և հաճախ էր բարձրաձայնում  այդ մասին բարեկամների, ընկերների շրջապատում:

Եվգենյա մայրիկը զարմանքից մնացել էր ապշած: Գիրքը հրատարակվել էր 2005 թվականին՝ բարերար Սամվել Հակոբյանի հովանավորչությամբ, իսկ հեղինակը պատմաբան Մհեր Հարությունյանն է: Մի պահ ասես կուրացել էին զոհված ազատամարտիկի մոր աչքերը, չէր կարողանում կենտրոնանալ և թերթել այդ սուրբ գրքի էջերը: Իսկ երբ հասավ այն էջին, որում տեղեկություններ էր ներկայացված իր մինուճար որդու մասին՝ այլևս անկարող էր զսպել տարիներ շարունակ իր մեջ պահված մշտարթուն ցավը: Ինչպես ինքն է պատմում, եղբայրը՝ Վարազդատ Հայրիյանը դժվարությամբ հանգստացրեց իրեն: Իսկ ինքը չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ 13 տարի առաջ հրատարակված գիրքը տեսնում է հիմա, այն էլ պատահական:

Եվգենյա մայրիկն այցելել էր խմբագրություն, որպեսզի իր խորին երախտագիտությունը հայտներ գրքի հեղինակին, թեև տարիներ հետո, նա կամենում էր թերթի միջոցով բոլոր զոհված ազատամարտիկների հարազատների անունից շնորհակալություն ասել գրքի հեղինակին ու հովանավորին նման վեհ գործ կատարելու համար:

Լևոն Բարխուդարի Ստեփանյանը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 8-ին Բաքու քաղաքում: Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Բաքվի ավտոդպրոցում, ապա աշխատել որպես վարորդ:

1977 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, Վրացական ԽՍՀ Ախալքալաք քաղաքում տեղակայված զորամասում պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո՝ վերադարձել հարազատների մոտ ու անցել աշխատանքի:

Լևոնն ընտանիք էր կազմել և թվում էր, թե պետք է ապրեին խաղաղ ու երջանիկ կայնքով: Կայնքն այնքա՜ն գեղեցիկ էր և հետաքրքիր, այն էլ երիտասարդ տղայի համար, ով ուժերի ծաղկուն շրջանում էր գտնվում: Ընտանիքում մեծանում էին երեք որդիները:

Սակայն սկսվեց Ղարաբաղյան շարժումը, և Ստեփանյանների ընտանիքն անմիջապես տեղափոխվեց Ասկերան: Երեք որդիների հայրը մշտական բնակություն հաստատելուց հետո, զինվորագրվեց ընդհատակում գործող կամավորական ջոկատներից մեկին:  Սկզբում որպես վարորդ հաց էր մատակարարում խրամատներում գտնվող իր ընկերներին: Պարտականությունները կատարում էր նվիրաբար, երբեմն էլ վտանգելով իր կյանքը: Լևոնն առաջին անգամ վիրավորվեց 1992 թվականի հունիսի 12-ին՝ արկի բեկորից: Զինվորական հոսպիտալում ապաքինվելուց հետո, նորից վերադարձավ ընկերների մոտ, բայց այս անգամ զենքը ձեռքն առավ և նետվեց մարտի դաշտ: Նա մասնակցեց Աղդամի և նրա շրջակա հենակետերի վնասազերծման մարտերին, Ղարբանդի ռազմագործողությանը: Ընկերասեր, բարի և խիզախ Լևոնը կորցրել էր քուն ու դադար, նա անողորմ թշնամուց վրեժխնդիր էր ցանկանում լինել: Երբեք չէր մոռանում, թե ինչպես թողեցին ամեն ինչ և թշնամուց մի կերպ փախչելով՝ հասան Արցախ: Նրա աչքերից չէին հեռանում այն զազրելի տեսարանները, որ իրականացնում էին գազազած ազերիները:

1994 թվականի ապրիլի 13-ն էր՝ գարնանային արևոտ և բուրումնավետ մի օր, երբ արցախյան բնությունը լրիվությամբ զարթոնք էր ապրում, երբ մարդիկ այնպես էին ուզում զգալ այդ երանելի ջերմությունը: Անգու՜թ պատերազմ…

Այդ չարաբաստիկ օրը Լևոնը ծանր վիրավորվեց Ղարբանդում: Ստեփանյանների ընտանիքում սկսվեցին տանջալից օրեր, որոնք փոխվեցին ամիսների, ապա տարվա: Ազատամարտիկը երկարատև բուժման մեջ էր: Երևանում, ապա Ստեփանակերտում շարունակվեցին նրա բուժումները: Մայրն ու կինը չէին հեռանում նրա ակնողնուց, այնքա՜ն անքուն գիշերներ էին անցկացնում նրանք, իսկ մանկահասակ երեխաները դեռևս չէին գիտակցում, որ իրենց սիրելի հայրիկն անբուժելի հիվանդ է: Նրանք պտտվում էին անկողնուն գամված հոր շուրջը և հայրի՜կ կանչում, իսկ հայրը…Անողորմ ճակատագիր…

1995 թվականին սեպտեմբերի 21-ին երեք զավակների հայրը և մոր մինուճար որդին հեռացավ այս կյանքից՝ այլևս չդիմանալով դաժան ցավերին:

Լևոն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է §Արիության համար¦ մեդալով:

Թեև չափազանց դժվար էր, սակայն Ստեփանյանները կարողացան իրենց մեջ ուժ գտնել ու հաղթահարել վիշտը՝ երեխաներին ոտքի կանգնեցնել էր պետք…

Ասում են, ժամանակը բուժում է բոլոր վերքերը, բայց ով է ասել, և ուր են այն եզակի դեղերը, որոնք պետք է ապաքինեին այդ ահավոր վերքերը: Երբ զրուցում էի զոհված ազատամարտիկի մոր հետ, վերստին համոզվեցի, որ ոչ մի որդեկուրույս մոր վերք չի բուժվում: Այն մխում է, մխում և այդպես էլ մնում անբուժելի:

§Մայրը  չպետք է գովի իր զավակին, սակայն իմ որդին յուրահատուկ էր: Անչափ բարի, ծնողասեր ու աշխատասեր էր: Ատում էր սուտը և երբեք սուտ չէր խոսում: Երբ վերադարձանք հայրենիք և որդիս անմիջապես ընդգրկվեց ընդհատակյա ջոկատում, ես շատ էի վախենում ու դեմ էի դրան, Բաքվից ստացած վախն ամրապնդվել էր իմ մեջ: Մարդիկ զարմանում էին, չէ որ ես ակտիվ, հայրենասեր մարդ էի: Ուղղակի մայրական իմ սիրտը չէր կամենում որդուն տեսնել ռազմի դաշտում, հետո հասկացա, որ ես միակը չեմ և համակերպվեցի իրականության հետ: Օրերով որդուս չէինք տեսնում: Հարսս՝ Գալյան, ով մի աննման անձնավորություն է, անտրտունջ սպասում էր և հավատում, որ մի օր հաղթանակով կպսակվի մեր պայքարը և Լևոնը տուն կվերդառանա: Նա երազում էր ամուսնու հետ որդիներին մեծացնել և տալ ճիշտ դաստիարակություն: Ավա՜ղ, երեխաներին առանց Լևոնիս մեծացրեց, սակայն տվեց հայեցի դաստիարակություն, և այսօր իմ թոռները մեր հասարակության հարգանքն են վայելում:

Իրոք, Աստծո արարքներն անքննելի են: Մահը մահ է, բայց դաժան մահն ահավոր է պատկերացնել: Որդիս տանջվեց անտանելի ցավերի մեջ, անհնար էր նրան բուժել, մինուճարս հեռացավ այս կյանքից՝ չտեսնելով իր զավակների ապագան, չճաշակելով թոռների քաղցրությունը, իսկ կնոջը թողեց հավերժ կարոտի և մորմոքի մեջ: Սեպտեմբերին լրացավ որդուս 60-ամյա հոբելյանը, նշեցինք առանց նրա…¦ - երբեմն լռում էր որդեկորույս մայրը, ընկնում հուշերի մեջ, ապա շարունակում:

-Փառք Աստծո, ապրեցինք, շնորհակալ եմ իմ ժողովրդից, մեր երկրի ղեկավարությունից: Որպես փախստականի իմ ընտանիքին լավ ընդունեցին հարազատ իմ Ասկերանում, օգնության ձեռք մեկնեցին:

Իսկ այս գիրքն իսկական գանձ է ինձ համար, որը ես տեսա տարիներ հետո: Ոչ ոքից չեմ նեղանում, հավանաբար թյուրիմացաբար էր այդպես ստացվել, կարևորն այն է, որ այսօր իմ ձեռքին է, և մեր բոլոր զոհվածների հիշատակը անմար է մնալու,-ասաց Եվգենյա մայրիկը, իսկ նրա աչքերում քարացել էր զավակին կորցնելու ծանր վիշտը:

Նա այնպես էր գիրքը սեղմել կրծքին, ասես իր մինուճարին էր գրկել:

Մեր զրույցի վերջում հերոս ծնած մայրն աղոթքի խոսքեր շշնջաց և Աստծուց Արցախ աշխարհի համար խաղաղություն խնդրեց, բոլոր մանուկներին մաղթեց անհոգ և առողջ մանկություն:

Հիրավի, հայ մայրերն ուժեղ են ու արիասիրտ: Նրանք կարողանում են ուժ գտնել և հաղթահարել ցանկացած դժվարություն և ցավ, չէ որ իրենց զավակները նահատակվել են հանուն մեծ գաղափարների, հանուն երկրի ազատության ու անկախության: Տղաների արյունով ներծծված այս հողը սրբություն է բոլորիս համար, մեր պարտքն է պահել ու պահպանել Արցախի ամեն մի թիզ հողը, որի համար անմնացորդ ու նվիրաբար պայքարել են քաջ հայորդիները:

Մեծարենք բոլոր մեր զոհված ազատամարտիկների հարազատներին, առանձնահատուկ վերաբերմունքով շրջապատենք նրանց ծնողներին, թեկուզ մի բարի խոսքով ու գործով կտրենք նրանց դառը հիշողություններից և հիշենք, որ նրանք հերոսներ են ծնել…

Գնահատենք այն անհատներին, ովքեր անմահացնում և հայոց պատմության մեջ ոսկե տառերով են գրում մեր հերոսների անունները՝ կատարելով վեհանձն ու արժանավայել աշխատանք:

Շնորհավո՛ր 60-ամյա հոբելյանդ սիրելի Լևոն, մեր բոլորիս հուշերում դու մնացել ես որպես ազնիվ, բարի և ժպտերես մի հայորդի, ով իր Հայրենիքն ավելի բարձր դասեց, քան իր երիտասարդ կյանքը…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter