ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ |
03.10.2018 14:28 |
Հոկտեմբերի 2-ին Ամերիկայի ՀԱԸ Ասկերանի մանկապարտեզի վերանվանման հանդիսավոր միջոցառումն էր: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, ԱՀԱԸ ՀՀ և Արցախի ներկայացուցիչներ, հյուրեր, ասկերանցիներ: ՀԱԸ Ասկերանի նախակրթարանը վերանվանվում էր ամուսիններ Եփրեմ և Զաբել Բասմաջյանների անունով, որոնց որդի Հակոբ Բասմաջյանը ևս ներկա էր հանդիսավոր արարողությանը: Հյուրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԸ Ասկերանի գրասենյակի տնօրեն Անահիտ Դանիելյանը: Նա շնորհավորելով բոլորին այս հիշարժան օրվա առթիվ՝ երախտագիտություն հայտնեց բարերարներին, որոնց շնորհիվ տարիներ շարունակ գործում է մանկապարտեզը: Մոտ 275 երեխաներ են հաճախել այս օջախը, ստացել պատշաճ դաստիարակություն, իսկ վերջերս էլ մանկապարտեզի շենքում բացվել է նաև <<Շող>> կենտրոնը, որը նպատակ ունի աջակցել ու սատարել սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին: Շնորհավորանքի խոսք ասաց Հայաստանյան ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Վարդան Ափինյանը. -Աստված թող օրհնի այս կրթական օջախը և բոլոր աշխատողներին, ովքեր մանուկների հետ քրտնաջան աշխատում, կրթում, սովորեցնում և դաստիարակում են: Աստված թող օրհնի բոլորիս, փառք տանք բոլոր բարերարներին, ովքեր իրենց ներդրումներն են կատարում այսպիսի մեծ գործի համար, մաղթենք Արցախ աշխարհին խաղաղություն, իսկ մեր մանուկներին անհոգ մանկություն: ՀԱԸ ՀՀ ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանի ելույթը սրտաբուխ էր և ջերմությամբ լցված. -Հայ Ավետարանչական ընկերակցության համար կրթությունը շատ կարևոր է, մեր սերունդը պետք է կրթված, խելացի ու դաստիարակված լինի: Դրա համար ընկերակցությունը մեծ ներդրումներ է կատարում Հայաստանում, Արցախում և շատ երկրներում: Մեր ծրագրի շրջանակներում է, որ Ասկերանում ունենք այսպիսի հիանալի մանկապարտեզ և հպարտ ենք այս մանկապարտեզով: Ուրախ ենք, որ կարողանում ենք այս երեխաների կրթության հիմքերը դնել, քանզի այս տարիներն ամենակարևոր տարիներն են նրանց համար: Մենք պետք է նրանց ոչ միայն գիտելիք տանք, այլ նաև լավ դաստիարակենք, որպեսզի կարողանան իրենց ճանապարհը ճիշտ գնալ: Այստեղ է իմ լավագույն ընկերը՝ Հակոբ Բասմաջյանը, ով տարիներ շարունակ ծառայում է Կանադայի Մոնրեալի Հայ Ավետարանական եկեղեցում, իսկ այժմ այնտեղի հոգաբարձուների ատենապետն է: Այսօր այս մանկապարտեզը վերանվանվում է նրա ծնողների հիշատակին, որոնց ես անձամբ էի ճանաչում: Նրանք ջարդից մի կերպ ազատված , հայրենասեր և ուժեղ հայեր էին: Հակոբ Բասմաջյանը հուզված և միաժամանակ հպարտ էր օրվա խորհրդով. -Անչափ շնորհակալ եմ ինձ ջերմորեն ընդունելու և հարգելու համար: Ես եկել եմ Կանադայից ու առաջին անգամ եմ Արցախում: Տպավորություններս չափազանց վառ են ու պետք է շեշետեմ, որ զբոսաշրջության համար չեմ եկել Հայաստան ու Արցախ, այլ եկել եմ տեսնելու, թե ինչ խնդիրներ ու մտահոգություններ ունի արցախցին, որպեսզի ապագայում կարողանամ օգտակար լինել: Ես մեծ հպարտությամբ եմ շարունակում իմ ծնողների բարեսիրական առաքելությունները և հույս ունեմ, որ այն ինչ սկսվել է այսօր, կշարունակվի, և իմ ընտանիքի անդամները ևս կմասնակցեն բարեգործություններին: Ասկերանի շրջվարչակազմի և ասկերանցիների անունից շնորհակալական խոսք ասաց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը. -Իրոք, որ բարեգործությունը սահմաններ չի ճանաչում: Երեկ մենք ցավով տեղեկացանք, որ մեր ազգի դեսպանը, մեր ամենամեծ բարեգործը, ամենամեծ հայը՝Շարլ Ազնավուրն այլևս մեզ հետ չէ: Ծանր կորուստ է դա ամբողջ հայ ազգի համար, մենք պիտի հիշենք ու վառ պահենք նրա հիշատակը: Այսօր մենք շնորհակալություն ենք հայտնում այս օրը մեզ պարգևողներին: Մեծ ոգևորություն զգացինք, երբ իմացանք, որ մանկապարտեզը այսուհետ կրելու է Եփրեմ ու Զաբել Բասմաջյանների անունը: Ընտանիք, որ մազապուրծ փախել է պատմական Այնթափից ու Արաբկիրից և ապաստանել տարբեր տեղերում: Ցավոք, այսօր մենք ունենք այն, ինչ ունենք, սակայն հավատացած եմ, որ մեր ապագան պայծառ է լինելու: Մենք կունենանք մեր երազած Հայաստանը: Սփյուռքը մեր խիղճն ու պատիվն է, և այսօր հպարտանում ենք, որ մեր սփյուռքահայ բարեկամները այսպիսի ներդրումներ են կատարում Արցախում: Ի շնորհիվ մեր բարերարների մենք ունենք կենտրոն, որտեղ դաստիարակվում են մի խումբ սակավակարող և բազմազավակ ընտանիքների երեխաներ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում այդ ծրագրերի նախաձեռնողներին ու իրականացնողներին… Միջոցառման մասնակիցները ծանոթացան մանկապարտեզի պայմաններին, տեսան, թե ինչպես է կազմակերպվում երեխաների առօրյան, ապա <<Շող>> կենտրոնում վայելեցին գեղեցիկ հանդես, որը նրանց համար նախապատրաստել էին կենտրոնի և մանկապարտեզի միջին խմբի երեխաները: Մանկապարտեզի դահլիճը զարդարված էր խայտաբղետ փուչիկներով, իսկ փատերին փակցված էին գույնզգույն ծաղիկներ, որոնց իր ժպիտներն էր ուղղել արեգակը՝ լույսի և հույսի շողեր սփռելով մանուկների վրա: Անմիջապես երևում էր մանկապարտեզի և <<Շող>> կենտրոնի աշխատողների ստեղծագործական միտքն ու անմանցորդ նվիրումը սիրած գործին: Հանդեսն սկսվեց ԱՀ պետական օրհներգով ու Տերունական աղոթքով: Ապա, ականատեսը եղանք իսկական տոնախմբության, այնքա՜ն մեծ էր երեխաների ուրախությունը, այնքա՜ն երջանիկ էին նրանք: Մանուկները անմնացորդ սիրով էին հանդես նախապատրաստել իրենց բարերարների, ծնողների և հյուրերի համար: Կենտրոնի սաների ելույթները երախտագիտություն էին արտահայտում: Նրանք նպատակ ունեին լավ սովորել, օրինակելի քաղաքացիներ դառնալ և բարձր պահել իրենց ուսուցիչների ու բարերարների անունները, իսկ մանկապարտեզի միջին խմբի երեխաների երգերը անմեղություն և խաղաղություն էին ավետում: Միջոցառման մասնակիցներին մեծ ոգևորություն պարգևեցին նաև Ասկերանի արվեստի դպրոցի սաների խրոխտ պարերը: Երեխաներից բխող ջերմությամբ էին պարուրվել հյուրերը: Ակնհայտ էր, որ կենտրոնում իրականացվում է թիմային աշխատանք, որի առհավատչյան այսպիսի հրաշալի միջոցառումն էր: Վերջում հաճելի անակնկալ մատուցեց Ասկերանի արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը՝ կենտրոնին նվիրելով ձեռքի հիանալի մի աշխատանք, որը պատրաստված էր դպրոցի սաների ձեռքով: Իրավմամբ, օրվա խորհուրդն անգնահատելի էր: Մանուկների անմեղ ու ջինջ դեմքերը, նրանց անհոգ խինդն ու ծիծաղը վկայում էին, որ այս կրթօջախում դաստիարակության հետ մեկտեղ, նրանք ստանում են նաև մայրական գորովանք ու քնքշանք: Առանձնապես դա տեսանելի էր <<Շող>> կենտրոնի սաների դեմքերին: Գնահատենք և պատվենք բոլոր այն անձնվեր մարդկանց, ովքեր անում են ամեն ինչ, որպեսզի ծիծաղը չպակասի մեր մանուկների դեմքերից և նրանք երբեք չզգան, որ որևէ կերպ տարբերվում են ուրիշ երեխաներից… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |