ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
03.10.2018 16:18 |
Անչափ ծանր է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կորստյան ցավը։ Թերևս դժվար է հավատալ լեգենդար երգչի և մեծ մարդասերի մահվան բոթին, քանզի Ազնավուրը հավերժ է՝ իր երգերով, իր կատարած հայենանպաստ գործունեությամբ, իր լուսավոր էությամբ, իր՝ մարդկության հանդեպ անսահման սիրով: Այս օրերին ամբողջ աշխարհն է սգում մեծ մարդու և հզոր երգչի կորուստը։ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպվեց նաև Ասկերանում։ Շրջանի վարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանի գլխավորությամբ վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներն ու աշխատակիցները վարչակազմի շենքում մեծ շանսոնյեի հիշատակին նվիրված անկյունում ծաղիկներ խոնարհեցին՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելով նրա անմահ հիշատակի առաջ։ Ներկաները խորին ակնածանքով մասնակցեցին երգարվեստի մեծագույն գործչի, մեծանուն հայի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը։ Ասկերանի մշակույթի տան տնօրեն Ռոմելա Գրիգորյանը խոսելով Շառլ Ազնավուր մեծության մասին ասաց, որ աշխարհասփյուռ հայության արվեստի նշանավոր գործիչ, հանրահռչակ երգիչ-երաժիշտ Շառլ Ազնավուրի հիշատակն անմար է մնալու ոչ միայն հայերիս այլև ամբողջ աշխարհի համար։ - Մեր ազգը հարուստ է մեծերով և յուրաքանչյուր մեծության ծնունդ պարզապես հրաշք է և աստվածատուր իրողություն։ Հայոց մեծերի շարքին է դասում նաև Վաղինակ Ազնավուրյանը, ով իր ծնունդով ազդարարեց մի նոր անհատականության սկիզբ, մի մարդ որ հայոց երգը, մեղեդին, հայոց վիշտն իր երգերի միջոցով ի մի բերեց և համայն աշխարհին ճանաչելի դարձրեց։ Առհասարկ յուրաքանչյուր անհատի անցած ճանապարհ նրա կենսագրության բանալին է։ Այսօր մենք ցավ ենք ապրում, և մեզ թվում է, թե յուրաքանչյուր արվեստագետի կյանք նման է սովորական մահկանացուների կյանքին։ Բայց ո՛չ, ինչ-որ մի թաքուն բանով այն տարբերվում է բոլորից, քանի որ այդ մեծություններն իրենց կյանքի ճանապարհին հաճախ են զգացել պատահական արկածի դիպվածը, հաճախ զգացել զենքի փայլը, հաճախ հանդիպել խոչընդոտների՝ իրենց կայացման ճանապարհին,- ասել է Ռոմելա Գրիգորյանը։ Շառլ Ազնավուրն ապրելով Հայրենիքից հեռու՝ ապրում էր Հայրենիքով և նրա հոգու ներշընչարանը հայի ժողովրդի ամբողջ կենսագրությունն էր։ Դա են թերևս վկայում 88-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին ձոնած նրա երգերը, երբ նա իր ողջ հոգին դարձրել էր հայրենասիրության վառ ջահ և նրա բոլոր մեղեդիները միայն ուղղված են եղել մի նպատակի՝ սփյուռքահայության մեջ պահել ու պահպանել հայոց ազգային դիմագիծը, պահել այն ինչ հատուկ է հայի ոգուն։ Եվ Հայաստանն աշխարհին ճանաչելի է դարձնել նաև Շառլ Ազնավուրով, նրա երգերով։ Վարչակազմի ղեկավարի առաջարկով հայրենապաշտ հայի՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 5-ին, Ասկերանում ամբողջ օրը կհնչի մեծ շանսոնյեի երգն ու երաժշտությունը։ Ազնավուրն իր հայտնիության միջոցով աշխարհին է ներկայացրել եւ համոզված ենք՝ շարունակելու է ներկայացնել Հայաստանը, մեր մշակույթն ու Հայոց ցեղասպանության փաստը, իսկ նրա անկրկնելի ձայնը դեռ երկար կփոթորկի բազմաթիվ մարդկանց սրտերը, վարակելով բոլորիս լուսավոր սիրով, որ ճառագում էր Հավերժի ճամփորդից։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |