ՁԵՐ ԱՎԱՆԴՆ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ Է, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ |
05.10.2018 15:23 |
…Վաղուց էի ցանկանում գրել այս մարդու մասին… Երանի, թե գրեի…Կենդանի կլիներ, կկարդար այս հոդվածը և հոգին կփառավորվեր: Նա կհամոզվեր, որ իր ապրած ու արարած տարիներն իզուր չեն անցել, նա կարողացել է ձեռք բերել այնպիսի անուն և պատիվ, որ շատ շատերը կերազեին ունենալ: Նրա ձեռքով կրթվել ու դաստիարակվել են բազում սերունդներ, ովքեր հասարակության լիարժեք անդամներն են դարձել, որոնցով հպարտանալ կարող է ցանկացած ուսուցիչ: Նա ուսուցիչ ու մարդ էր մեծատառով, նա մարդու այն տեսակից էր, որոնց անհնարին է մոռանալ, որոնցից կարելի էր սովորել, սովորել ու սովորել… Լևոն Լազարի Ասրյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 17-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում: 1937 թվականին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը և այն գերազանց ավարտել 1947 թվականին: Նույն թվականին ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմական բաժինը և ստացել միջնակարգ դպրոցի ուսուցչի որակավորում: Այնուհետև աշխատանքի է անցել հարազատ գյուղի միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցիչ: Միաժամանակ դասավանդում էր ֆիզկուլտուրա և դպրոցի ավագ ջոկատավարն էր, քանի որ ամենաերիտասարդ ուսուցիչն էր դպրոցում: Լևոն Ասրյանն ընտանիք էր կազմել համագյուղացի Լենա Յուզբաշյանի հետ: Նրանց ընտանիքում արդեն ծնվել էր դուստրը՝ Ալինան, երբ 1951 թվականին Լևոն Ասրյանը զորակոչվեց ծառայելու Խորհրդային բանակի շարքերում: Երկու տարի նա ծառայեց ինժեներատեխնիկական զորքերում, այդ ընթացքում ավարտեց տեխնիկի դասընթացներ ռադիոսարքավորումների գծով և Խարկովի բարձրագույն ավտոդպրոցում գերազանցությամբ ստացավ առաջին կարգի մեխանիկի կոչում: Որպես պահեստազորի սպա՝ վերադարձավ հայրենիք: Զորացրվելուց հետո, 1953 թվականին աշխատանքի անցավ Ասկերանի յոթամյա դպրոցում, որը հետագայում դարձավ ութամյա, ապա միջնակարգ դպրոց: Մինչև կենսաթոշակի անցնելը՝ որպես պատմության ու աշխատանքի ուսուցիչ դասավանդեց դպրոցում: 1955 թվականին ծնվեց որդին՝ Յուրին: Լևոն Ասրյանը բազմակողմանի զարգացած մարդ էր: Նա հրաշալի երաժիշտ էր և ինքնուրույն սովորել էր նվագել կլարնետի վրա: Պատահական չէր, որ Ասկերանի միջնակարգ դպրոցում ստեղծել էր գեղարվեստական-ինքնագործ խմբակ, որը ղեկավարում էր ուսուցչուհի Ժենյա Սահակյանը, իսկ Լևոն Ասրյանը նվագում էր կլարնետի վրա: Ի շնորհիվ նրանց խմբակը միշտ զբաղեցրել է մրցանակային տեղեր և հանդես է եկել տարբեր տեղերում… Իմ հիշողության մեջ ընկեր Ասրյանը մնացել է որպես բարի, ուրախ, գեղեցկադեմ մի անձնավորություն, որին սիրում և հարգում էինք բոլորս: Նրա դասերն անցնում էին հետաքրքիր, բովանդակալից: Ընկեր Ասրյանը նաև հիանալի խառատ էր, դպրոցում բացել էր փայտամշակման և երկաթամշակման արհեստանոց, որտեղ տղաները հաճախում էին ուրախությամբ, չէ որ սովորելու շատ բան ունեին: Նա վերանորոգում էր հեռուստացույցներ, ավտոմեքենաներ, հեռավոր գյուղերից ու շրջաններից նրա մոտ էին գալիս և օգնություն խնդրում: Թվում էր, թե չկա նման արհեստ, որին չտիրապետեր շնորհաշատ մարդը: Երբ դպրոցը դեռևս ութամյա էր, ընկեր Ասրյանը պատմության հետ մեկտեղ դասավանդում էր նաև աշխատանք, ֆիզկուլտուրա, նկարչություն, գծագրություն, ֆիզիկա, աշխարհագրություն և ռուսերեն լեզու: Հնարամիտ ուսուցիչը դպրոցի ֆիզիկայի կաբինետը ավտոմատացրել էր, և Մոսկվայից ժամանած հանձնախումբը զարմացել էր ու ասել, որ անգամ Մոսկվայում չկա նման բան: Իսկ դրանից առաջ նա կարողացել էր այնպիսի ռադիոսարքավորումներ դնել դասասենյակներում, որ դպրոցի տնօրենն իր սենյակից իմանում էր, թե ինչ է կատարվում դասապրոցեսներում ՝ այդպիսով վերահսկելով ուսման որակը: Իսկ այդ տարիների Ասկերանի միջնակարգ դպրոցը մարզում հայտնի էր կրթական և կարգապահական բարձր մակարդակով: Ընկեր Ասրյանը մեծ ավանդ է ունեցել դպրոցի կայացման գործում, նա հիանալի մանկավարժ էր և իր աշակերտներին ուսման հետ տալիս էր նաև հայեցի դաստիարակություն: Նա սովորեցնում էր լինել լավ մարդ, ազնիվ ու հավատարիմ ընկեր և իր անձնական հատկանիշներով օրինակ էր հանդիսանում բոլորի համար: Լևոն Ասրյանը 1984 թվականին պարգևատրվել է §Աշխատանքի վետերան¦ մեդալով, իսկ 1986 թվականին ստացել է §Ավագ ուսուցիչ¦ կոչումը: Նա արժանացել է նաև բազմաթիվ հուշամեդալների, սակայն ամենամեծ պարգևը համընդհանուր սերն ու հարգանքն էր, որ ստացավ Լևոն Ասրյանն իր ժողովրդի և աշակերտների կողմից: Անհերքելի փաստ է, որ ընկեր Ասրյանը տարբեր սերունդների դաստիարակության գործում մեծ ներդրում է ունեցել: Եվ այսօր, այն անհատները, ովքեր աշակերտել են նրան ու հասել բազմաթիվ հաջողությունների, անպայման իրենց սրտի խոսքն են ցանկանում հղել սիրելի ուսուցչի հիշատակին: Հիշում եմ, մենք հիանում էինք ընկեր Ասրյանով, նրա յուրօրինակ հումորով և դաստիարակվում էինք հենց նրա ու նրա նման մեր ուսուցիչների օրինակով: Թող անհամեստություն չթվա, սակայն պետք է շեշտեմ, որ այդ տարիներին մենք դպրոցում ստանում էինք բարձր մակարդակով կրթություն, լավ դաստիարակություն, պարզապես մեզ սովորեցնում էին իսկական մարդ լինել: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ընկեր Ասրյանը, չնայելով իր տարիքին, ընդգրկվեց պայքարի մեջ: Տարիքն առած մարդն առաջին շարքերում էր, երբ ազերիները 1988 թվականի փետրվարի 22-ին հարձակվեցին Ասկերանի վրա: Նա դուրս էր եկել պաշտպանելու հարազատ բնօրրանը: Այնուհետև որպես թարգմանիչ նրան հրավիրում էին մասնակցելու տարբեր հարցաքննությունների, որոնք ձեռնարկում էր Մոսկվայից եկած խումբը, հարցաքննում էին ադրբեջանցիներին: Լևոն Ասրյանն իր պարտքն էր համարում մեր շրջանում գտնվող ռուս զինվորականներին տեղեկություններ տալ պատմական Արցախի, Ասկերանի ամրոցի մասին: Նա հանգամանալից պատմում էր Ղարաբաղյան խնդրի մասին, իսկ ռուսներն անգամ չգիտեին, թե ուր և ինչու են եկել: Նրանք շփոթում էին Լեռնային Ղարաբաղը Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի հետ: Երբ մենք սովորում էին բարձր դասարաններում, իսկ Ղարաբաղյան հարցը հասունացել և վեր էր ածվում զինված պայքարի՝ ընկեր Ասրյանը մեզ բացատրում էր, որ դա է միակ ելքը: Առանց զենքի հարցը լուծվել չի կարող, իսկ արցախցին պետք է դուրս գա թշնամու լծի տակից: Նա կոչ էր անում լինել ուժեղ, համբերատար ու գնալ միայն հաղթանակի… Այնպես ստացվեց, որ թոշակառու Լևոն Ասրյանը մեկնեց հեռավոր Ռուսաստան և մնաց այնտեղ… Ավա՜ղ հայրենասեր մարդը չկարողացավ վերջին անգամ լինել հարազատ Ասկերանում, շնչել անմահական օդն ու խմել զուլալ ու սառը ջուրը: Գիտեմ, նրա բարի հոգին սավառնելով երկնակամարում՝ եկավ ու հասավ Հայրենիք… Երբ նախապատրաստվում էի գրել այս հոդվածը, որոշեցի զրուցել ընկեր Ասրյանի նախկին աշակերտներից մի քանիսի հետ: Կամենում էի վերստին լսել այն, ինչ գիտեի ինքս: Այդ լուսե մարդուն մեծարելու և գնահատելու պահին ցանկանում էի մասնակից անել շատերին: Նարինե Գաբրիելյանը, ով ապրում է Հայաստանում, սիրով է հիշում ընկեր Ասրյանին. §Նրա դաստիարակության և մարդկային շնորհքի շնորհիվ այս կյանքում ես իմ տեղն եմ գտել: Նա մի սուրբ էություն էր, որին նմանվել էինք ցանկանում և այսօր այնքա՜ն երախտապարտ ենք նրան¦: Անմոռանալի ուսուցչի մասին իր հուշերն է կիսում Էվելինա Բարսեղյանը. §Փառք եմ տալիս նման հրաշալի մանկավարժին և իսկական մարդուն: Երբ լսեցի, որ մահացել է մեր սիրելի ուսուցիչը, մեծ ցավ ապրեցի: Նա կենդանի մնացած այն վերջիններից էր, որ իր մեծ ավանդն էր ունեցել Ասկերանի միջնակարգ դպրոցի կայացման գործում: Նա իր ամենալավ տարիները, եռանդը և գիտելքներն է տվել մեզ և այսօր կարող էր հպարտանալ մեզանով…¦: Գագիկ Մարտիրոսյանը ջերմությամբ էր հիշում ուսուցչին. §Շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար: Նա մեզ և՛ գիտելիքներ է տվել, և՛ սովորեցերել տիրապետել տարբեր արհեստների, որոնք մեզ շատ են պետք եղել այս կյանքում: Զավակներիս հաճախակի եմ պատմում աշակերտական իմ տարիների և իմ ուսուցիչների մասին: Նրանց տալիս եմ այն խրատներն ու խորհուրդները, ինչ տվել են ինձ ուսուցիչներս: Ընկեր Ասրյանը յուրահատուկ անձնավորություն էր, մենք շատ էինք սիրում նրան¦… Սիրելի ուսուցչին ջերմությամբ է մտաբերում Վիգեն Գաբրիելյանը.§Լևոն Ասրյանը լուսավորյալ անձնավորություն էր հասարակության համար: Բոլորը սիրում ու հարգում էին նրան մարդկային բնավորության լավագույն հատկանիշների համար: Նա Ասկերանի շրջանի պատմության լավագույն մասնագետն էր, փայլուն մանկավարժն էր… Ընկեր Ասրյանը դասավանդել է բազմաթիվ աշակերտների, որոնք այսօր բավականին հեղինակություն են վայելում հայ իրականության մեջ: Նրան լավ գիտեն ու բարձր են գնահատում նրա շատ ու շատ աշակերտները, ովքեր այսօր աշխատում են հայկական երկու հանրապետությունների տարբեր բնագավառներում՝ զբաղեցնելով բարձր, պատասխանատու պաշտոններ: Նա սկզբունքային, ազնիվ, բանիմաց ու խստապահանջ մասնագետ էր: Հայրենասեր մարդ էր, որ ճանաչված էր ոչ միայն որպես մանկավարժ, պատմության ուսուցիչ, այլև որպես ակտիվ հասարակական գործիչ, որը քիչ բան չի արել նաև հարազատ բնակավայրի՝ Ասկերան ավանի զարգացման ու հեղինակության բարձրացման համար: Նրա անունն ու գործը հավերժ կմնան մեր հիշողություններում¦… Ասում են, մարդուն պետք է սիրել ու արժևորել կենդանության օրոք, սակայն կարծում եմ, առավել գնահատելի է, երբ նրան հիշում են նաև հետմահու: Իսկ քանի հիշում ենք, ուրեմն նա կենդանի է: Շուտով քո մահվան տարեդարձն է ընկեր Ասրյան, ննջիր խաղաղությամբ, Արցախում սավառնող քո հոգին թող հանգիստ լինի, դու հավիտյան մեր սրտերում ես… Փառք բոլոր մեր թոշակառու ուսուցիչներին, փառք բոլոր նրանց, ովքեր ոչինչ չեն խնայել մեզանից մարդ կերտելու, հասարակության համար պիտանի քաղաքացիներ դաստիարակելու համար… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|