ՆՎԵՐՆԵՐ ԱՍԿԵՐԱՆԻ ԷԴՄՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ |
10.10.2018 09:45 |
Հոկտեմբերի 8-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում աշակերտներին սպասվում էր հաճելի անակնկալ: Դպրոցի հյուրն էր շրջանավարտ, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նա հարազատ կրթօջախ էր ներկայացել բարեգործական առաքելությամբ՝ դպրոցին նվիրելով մարզական համազգեստ և գույք: Ներկա էին նաև Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, սպրոտի գծով գլխավոր մասնագետ Գրիգորի Մարտիրոսյանը և դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը: Ոգևորված դպրոցականներն ուրախությամբ էին լսում Կարեն Շահրամանյանին, ով իր սրտի խոսքում ասաց. -Մեծ հպարտությամբ եմ նշում, որ ինքս ավարտել եմ այս դպրոցը՝ ստանալով գերազանց կրթություն և դաստիարակություն: Ցավոք, այն ժամանակ սպորտով զբաղվելու համար այսպիսի պայմաններ չկային, սակայն մենք ունեինք այնպիսի ձգտում ու պատասխանատվություն և ի շնորհիվ մեր ուսուցիչների կարողանում էինք հասնել մեծամեծ հաջողությունների: Այսօր ձեր հնարավորությունները շատ են, դուք պետք է կարողանաք ուսման հետ մեկտեղ, հաջողութունների հասնել նաև սպորտում, քանի որ այս կրթօջախն այդպիսիսն է եղել տարիներ շարունակ: Իմ սովորելու տարիներին թե՛ շրջանում, թե՛ մարզում մեր դպրոցը միայն մրցանակային տեղեր էր զբաղեցնում: Պատրաստակամությունս եմ հայտնում միշտ էլ աջակցել դպրոցին ու աշակերտներին, քանզի այս դպրոցի պատիվը բարձր է ինձ համար: Մաղթում եմ բոլորիդ խաղաղ երկինք, հաջողություններով լի ուսումնական տարի: Դպրոցի անունից շնորհակալական խոսք ասաց դպրոցի տնօրենը, ասելով, որ պետք է այնպես անել, որպեսզի արդարացվեն Կարեն Շահրամանյանի հույսերը, ով այդպես հպարտանում և ուրախանում է իր հարազատ դպրոցով: Կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը շեշետեց. -Ինչ խոսք, ժամանակին լավ պայմաններ և հնարավորություններ չկային, սակայն բոլորս ունեինք մեծ կամք, նպատակներ, ոչնչի առաջ կանգ չէինք առնում ձեռքբերումներ արձանագրելու համար: Պետք է շեշտեմ, որ գերազանց սովորողներն ակտիվորեն զբաղվում էին նաև սպորտով: Դուք, որ հիանալի սերունդների հետնորդներն եք, պետք է կարողանաք ընդօրինակել նրանց և պահպանել այս դպրոցի երբեմնի փառքը, իսկ մենք կանենք այն, ինչ սպասվում է մեզանից: Շնորհակալություն Կարեն Շահրամանյանին: Իրավմամբ, այսօրվա սերունդն իր ավագ սերնդով հպարտանալու և նրան նմանվելու իրավունք ունի: Չէ որ ամեն ինչ արվում է, որպեսզի նա ունենա ամեն մի հնարավորություն կրթվելու, դաստիարակվելու և մեր երազած Արցախի իսկական քաղաքացին դառնալու համար… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|