ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ԲՈԼՈՐ ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ…
10.10.2018 10:02

Հոկտեմբերի 8-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հաճելի միջոցառումներով հագեցած օր էր: Դպրոցի տոնականորեն զարդարված դահլիճը հյուրընկալել էր թոշակառու ուսուցիչներին: Ուսուցչի մասնագիտական օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը կազմակերպել էին դպրոցի ուսուցիչներ Անժելիկա Համբարձումյանը և Նելլի Ասլանյանը:

Այս դպրոցում թոշակառու ուսուցիչներին հարգել, մեծարելն ու հիշելը բարի ավանդույթ է դարձել ու բոլոր հիշարժան և տոն օրերին մեր սիրելի թոշակառուները դպրոցի պատվավոր հյուրերն են, որոնց միշտ էլ սրտի թրթիռով են սպասում աշակերտներն ու ուսուցիչները:

Ուսուցչի մասնագիտական տոնը գեղեցիկ առիթ է երախտագիտության խոսք հղելու բոլոր ուսուցիչներին: Տոնը համաժողովրդական բնույթ է կրում, և այդ օրը չի լինի մի մարդ, ով բարի խոսքով չհիշի իր դպրոցական տարիներն ու դասավանդող ուսուցիչներին: Չէ որ ուսուցիչն է յուրաքանչյուրին տանում գիտելիքների աշխարհ, սովորեցնում լինել խիզախ ու արդարացի, ազնիվ ու սկզբունքային, բարի ու կարգապահ:

Դպրոցականները հանդես եկան գեղեցիկ ասմունքով, երգով ու պարով: Նրանք մեծարանքի խոսքերով պատվեցին սիրելի ուսուցիչներին, խոստացան լավ սովորել, բարձր պահել դպրոցի անունը:

Արցախյան պատերազմի տարիներին ուսուցիչների հայրենասիրության դասերը կոչեցին մեր զավակներին՝ լծվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, օգնեցին հաղթահարելու մեզ պարտադրված դժվարությունները և պատվով հաղթանակ տանելու անհավասար պայքարում:

Աշակերտներն արժեվորեցին մեր ուսուցիչների անգնահատելի ներդրումն Արցախի անկախ պետականության կերտման, ժողովրդավարական հասարակության զարգացման, մեր ժողովրդի առջև ծառացած հրատապ խնդիրների լուծման գործում:

Դպրոցի կազմակերպիչ Գայանե Հայրիյանը շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթեց ուժ, եռանդ և առողջություն:

Նա միաժամանակ ներկայացրեց այս ուսումնական տարում թոշակի անցած ուսուցիչներ Սիլվա Ջհանգիրյանի և Էդիկ Գաբրիելյանի անգնահատելի ավանդի մասին զեկույցներ: Հանձին նրանց՝ Գայանե Հայրիյանը շնորհավորեց բոլոր թոշակառու ուսուցիչներին՝ ցանկանալով նրանց ուրախ և խաղաղ օրեր:

Ավանդության համաձայն Սիլվա Ջհանգիրյանը և Էդիկ Գաբրիելյանն Ասկերանի արհմիության կողմից ստացան դրամական պարգևներ:

Շնորհավորանքի խոսք ասաց նաև դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը.

-Կյանքում լավ և վատ մասնագիտություններ չկան, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, սակայն անհերքելի է, որ շատ դժվար է ուսուցիչ լինել, քանզի նա գործ ունի մատաղ սերնդի դաստիարակության, նրանից մարդ կերտելու հետ: Ամենօրյա տքնաջան աշխատանքում ուսուցիչը կաթիլ առ կաթիլ գիտելիք է ներարկում աշակերտի մեջ՝ հուսալով, որ մի օր անպայման տեսնելու է իր ցանած պտուղների արդյունքը:

Ձեզ ուժ, կորով և անսպառ եռանդ եմ մաղթում:

Մաթեմատիկայի թոշակառու ուսուցչուհի Ալիսա Հայրապետյանը անչափ շոյված էր նման գեղեցիկ միջոցառման համար.

-Ամենամեծ երջանկությունն այն է, երբ զգում ես, թե ինչքան ես գնահատված: Իմ լավագույն տարիները ես անց եմ կացրել այս կրթօջախում, դասավանդել եմ տարբեր սերունդների: Գոհ ու շնորհակալ եմ իմ աշակերտներից և ուսուցիչներից: Այս և նմանօրինակ բոլոր հանդիպումները փառավորում են, ուրախացնում են մեզ՝ թոշակառուներիս: Մենք հպարտանում ենք դպրոցի բոլոր հաջողություններով,  ապրում սպասումներով՝ լսելու նոր ձեռքբերումների և միայն լավի մասին:

Հուզմունքով էր պարուրված քիմիայի և կենսաբանության թոշակառու ուսուցչուհի Սուսաննա Գաբրիելյանի սրտի խոսքը.

-Երբեմն մտածում եմ, ինչքա՜ն երջանիկ ու հպարտ եմ ես: Չէ որ անթաքույց հարգանք ու գնահատանք եմ տեսնում իմ բոլոր նախկին աշակերտների աչքերում: Այսօր իմ մասին լսում եմ, որ ժամանակին եղել եմ դպրոցի խստապահանջ ուսուցիչներից մեկը: Ուրախ եմ դրա համար, քանզի իմ պահանջկոտությամբ ու կարգապահությամբ ես հասել եմ հաջողությունների, և դրանք իմ աշակերտների հաջողություններն են: Եթե ինձ հնարավորություն տային նոր մասնագիտություն ընտրելու, անվարան, կընտրեի ուսուցչի մասնագիտությունը, քանզի ես սիրում եմ այդ բարդ ու դժվարին աշխատանքը, ես սիրում եմ իմ աշակերտներին և երիտասարդ ուսուցիչներին խորհուրդ կտայի սիրել երեխաներին, խտրականություն չդնել ոչ ոքի միջև, լինել նրանց համար որպես մայր ու խորհրդատու:

Այսօրվա միջոցառումը վկայում է նրա մասին, որ գնահատված ենք բոլոր ուսուցիչներս և մենք՝ թոշակառուներս ապրում ենք հենց այսպիսի բարի ու ջերմ պահերով: Շնորհակալություն, որ ժամանակավորապես կտրեցիք մեր առօրյա հոգսերից ու խնդիրներից:

Իսկապես, օրվա միջոցառումն արժանի է բարձր գնահատականի: Ուրախալի է տեսնել, որ երիտասարդ սերունդներն ինչպիսի պատկառանքով են մեծարում թոշակառու և վաստակաշատ մեր ուսուցիչներին: Ակնհայտ է, որ դպրոցում այս ավանդույթները գալիս են սերնդեսերունդ, ինչի համար ես՝ որպես Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ, մեծագույն հարգանք եմ տածում նման միջոցառումների կազմակերպիչների հանդեպ:

Փառք ու պատիվ բոլոր մեր ուսուցիչներին, փառք ու պատիվ նրանց ամենօրյա անխոնջ և անմնացորդ աշխատանքի համար:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter