ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ՀՈԳՈՒ ԳԱՆՁԱՐԱՆ |
10.10.2018 13:06 |
Անտարակույս, յուրաքանչյուր մարդու կյանք մի գիրք է, և ամեն մի գիրք՝ մի մարդու կյանք։ Գրադարանավարի մասնագիտական տոն օրվան նվիրված Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպվեց ասմունքի ցերեկույթ՝ Ասերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ասմունքի սաների մասնակցությամբ։ Ողջունելով պատանի ընթերցասերներին և ներկաներին գրադարանի տնօրեն Նունե Կարապետյանը շեշտեց գրքի կարևորությունը մեր կյանքում՝ հորդորելով աշակերտներին լինել գրքի լավագույն բարեկամը, քանզի նա է միակ բարի խորհրդատուն և բոլոր ժամանակներում մարդու լավագույն բարեկամը և իզուր չեն ասում, որ ամեն մի գիրք մի բանտի դուռ է փակում։ Ն. Կարապետյանը հավաստեց, որ տարեց-տարի ավելանում է գրադարան հաճախողների թիվը։ Նա գործընկերներին մաղթեց բեղմնավոր և արգասաբեր աշխատանք՝ հասարակության ակտիվ շերտի հետ, իսկ երեխաներին՝ հաճախակի լինեն գրադարանում, քանզի գրիք սիրողը երբեք չի կարող վատ մարդ լինել։ Ասմունքի խմբի ղեկավար Նինել Գաբրիելյանը շեշտելով բոլոր ժամանակներում գրադարանավարի բարձր ու անգնահատելի դերի մասին նշեց, որ ինչքան էլ զարգանան տեղեկատվական տեխնոլոգիաները, միևնույն է տպագիր գիրքը մնալու է անփոխարինելի։ Ուստի գրադարանավարի տոնը շնորհավորելու էին եկել հանդիսատեսի դատին ներկայացնելու գրքի խճանկարը վերնագրով պատրաստած հանդեսը։ Երեխաները ասմունքեցին, արտահայտեցին իրենց սերը գրքի, Արցախ աշխարհի հանդեպ, նաև խմբովին երգեցին։ Գրքի խճանկարը մի ներկայացում էր, որտեղ երեխաները խոսում էին գրքի անունից՝ թե ինչպես պետք է վարվեն գրքերի հետ։ Երեխաները խոստացան աչքի լույսի պես պահեն գիրքը, քանզի նրանք այսուհետ սերտել են գրքի հետ վարվելու կանոնները։ Վերջում երեխաները ներկայացրեցին կայանալիք մշակութային խաչմերուկի համար պատրաստած համարները՝ արժանանալով հանդիսականի բուռն ծափահարություններին։ Խորհրդանշական օրվա առթիվ Նունե Կարապետյանի կողմից երեխաները փոքրիկ գրքույկներ նվեր ստացան։ Խոսելով գրադարանի այսօրվա դերի մասին Նունե Կարապետյանը նշեց, որ նրանք մշտապես գտնվում են մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում, և նրանց կատարած աշխատանքը գնահատվում է։ Դա էլ իր հերթին խթան է հանդիսանում ավելին անելու, ամեն անգամ նոր գաղափարներով հաճախորդների առջև իրենց դռները բացելու համար։ Գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար Նունե Կարապետյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրի։ Ի դեպ, Ն. Կարապետյանը շուրջ 30 տարի է ինչ աշխատում է Ասկերանի գրադարանում, որից՝ 14-ը տնօրեն։ Ասել է թե՝ ապրել է նրա բոլոր վայրիվերումները և այսօր մեծ հարգանք ու պատիվ վայելող աշխատանքային կոլեկտիվի հետ իրենց հանգիստ ու խաղաղ նավարկություն են անցնում՝ անելով հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարողանան բավարարել գրադարան մտնող յուրաքանչյուր հաճախորդի ցանկությունը։ Գրադարանը գրքային ֆոնդի պակաս շատ ունի, ինչի պատճառով հաճախորդներ են կորցնում։ Ինչպես նշեց գրադարանի տնօրենը, Ստեփանակերտի կենտրոնական գրադարանի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, այնտեղից գրքերի պակասը լրացնելու, գրադարանի գրքային ֆոնդը լրացնելու համար։ - Օրերս գրադարանավարի մասնագիտական տոնի առթիվ կազմակերպված հանդիպմանը մշակույթի նորանշանակ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ գրադարանները գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում են։ Բացի դրանից առաջարկներ եղան, որպեսզի նախարարության միջոցով տպագրվող գրքերից հանրապետության գրադարաններին նվիրատվության ուրվի։ Այդպիսով մատաղ սերունդը կսկսի ճանաչել նաև իր երկրամասի ստեղծագործողներին։ Խոստումնալից հանդիպում էր, որից մեծ սպասելիքներ ունենք,- ասաց Ն. Կարապետյանը։ Հուսանք, որ կարդարացվեն բոլոր սպասլելիքները և գրադարանը յուրովի ու նորովի կբացվի Ասկերանի ընթարցասեր հասարակության առջև։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|