ՑԱՆԿԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵՆՔ ՍԻՐՈՎ… |
12.10.2018 16:15 |
Ասում են, նա ով մանկությունից գիտի, որ աշխատանքը կյանքի օրենքն է, ով երիտասարդ հասակից հասկանում է, որ հացը ձեռք է բերվում միայն քրտինքով, նա ընդունակ է ամեն տեսակի սխրագործության, որովհետև անհրաժեշտ օրն ու ժամին նա կամք և ուժ կունենա կատարելու այն: Բարեբախտաբար, այդպիսի մարդիկ շատ կան մեր շրջապատում: Նրանք անխոնջ աշխատում, ստեղծում, արարում են և դա անում են քափ ու քրտինքի մեջ՝ ամենօրյա աշխատանքում գտնելով իրենց կյանքի իմաստը, նպատակը և երջանկությունը: Ակնհայտ է, որ հաջողությունն ավելի շատ բաժին է հասնում նրան, ով համարձակորեն է գործում և դրսևորվում իր գործողություններում: Այդ մարդկանցից մեկն էլ Գարեգին Լևոնի Հովսեփյանն է, ով 2010 թվականից զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով: Այժմ, երբ նա զինվորական կեսաթոշակի է անցել, իրեն լրիվությամբ նվիրել է սիրած գործին: Գարեգին Հովսեփյանը ծնվել է 1967 թվականի հունվարի 22-ին Ստեփանակերտ քաղաքում: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ստացել է բարձրագույն կրթություն և ձեռք բերել տնտեսագետի մասնագիտություն: 1986 թվականին զորակոչվել է ծառայելու խորհրդային բանակի շարքերում: Սկզբում՝ Վրաստանի Գորի, ապա Ադրբեջանի Նախիջևան քաղաքներում անց է կացրել զինվորական ծառայությունը: 1988 թվականի նոյեմբերին զորացրվել և խոչընդոտներ հաղթահարելով՝ վերադարձել է հարազատ քաղաքը: Իսկ Արցախում արդեն հասունացել էր Ղարաբաղյան Շարժումը, լցվել էր արցախցու համբերության բաժակը, եկել էր արդարություն վերականգնելու իսկական պահը: Գարեգինն առանց երկմտելու ընդհատակյա խմբերում էր, իր հասակակիցների հետ կորցրել էր քուն ու դադար: Տղաները գիտակցում էին, որ պետք է բռունցք դառնալ և զենքով լուծել արդեն հասունացած հարցը և վերջ տալ անարդարություններին: Երբ պայքարը վեր ածվեց զինված պատերազմի, Գարեգինը հակաօդային ուժերում էր: Ծանր ու անհավասար պատերազմում հաղթանակ տոնեցինք, նոր ու գեղեցիկ երկիր կերտեցինք… Փա՜ռք ու պատիվ Արցախյան գոյապայքարի բոլոր մասնակիցներին, նահատակված մեր հերոս տղաներին, հրաշքով փրկված մեր քաջորդիներին… Պատերազմի ավարտից հետո Գարեգինը շարունակեց ծառայել ԱՀ ՊԲ-ի շարքերում: Նվիրված զինվորականի համար մեծ պատասխանատվություն և պատիվ էր ծառայել Հայրենիքին, քանզի, լինելով Արցախյան պատերազմի մասնակից, լավ գիտեր մեր այսօրվա ազատ ու անկախ երկիրը ստեղծելու գինը: Ինչպես Գարեգինն է ասում, բազում մեր հայորդիների արյամբ ներծծված այս սուրբ հողի ամեն մի մասնիկի համար պատասխանատու են բոլորը: Հակաօդային ուժերում ծառայեց 20 տարի, ապա որպես պահեստազորի սպա, անցավ զինվորական կենսաթոշակի: Երբ սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, Գարեգինը վերստին վտանգված հայրենիքի նվիրյալ զինվորն էր… Վրեժով լցված հայրոդու համար սրբություն էր պատմական Արցախի ամեն մի թիզ հողը և պատահական չէ, որ նախկին ազատամարտիկը գյուղատնտեսական գործունեություն սկսեց ծավալել թշնամուց ազատագրված հողում՝ այդպիսով նրան ցույց տալով, որ հայն է այս երկրի լիիրավ տերն ու տիրակալը: Գարեգին Հովսեփյանն սկզբից զբաղվում էր հացահատիկային մշակաբույսերի մշակմամբ: Իհարկե, նախնական շրջանում դժվարություններ էին ի հայտ գալիս՝ կապված գյուղտեխնիկայի, աշխատուժի հետ: Թեև նա կարողանում էր դրսևորել անհրաժեշտ ճկունություն, աշխատասիրություն և հաշվենկատություն բիզնեսում, սակայն այդ որակները բավարար չէին առաջացած խնդիրները լուծելու համար, հարկավոր էին նաև ֆինանսական միջոցներ: Հետագայում նա լիզինգային կարգով ձեռք բերեց տեխնիկա, ինչը հնարավորություն տվեց ավելի ընդլայնելու գործունեությունը: Ոչ մի աշխատանքից չի վախենում Գարեգինը և նրա համար հարգի է ամեն տեսակի աշխատանք: Կարևորն այն է, որ կարողանաս օգտակար լինել ընտանիքդ և շրջապատիդ: Վերջերս Գարեգինն ավելի է հրապուրվել հողի հետ աշխատանքով և ինչպես ինքն է շեշտում՝ աշխատում է մեծ ոգևորությամբ: Երբ հարց տվեցի, թե հեշտ է արդյոք զբաղվել հողագործությամբ, նա պատասխանեց. -Ինչպես կարող է հեշտ լինել, չէ որ հողի հետ պետք է վերաբերվել առանձնահատուկ սիրով, հասկանալ նրա լեզուն: Բացի հացահատիկային մշակաբույսերի մշակումից, զբաղվում եմ նաև սոխի աճեցմամբ, ինչը ևս հետաքրքիր գործ է: Իհարկե, կատարում եմ մեծ ծախսեր, սակայն գոհ եմ իմ աշխատանքի արդյունքից: Այս աշխատանքը նաև մեծ աշխատուժ է պահանջում, և թեև ինձ օգնում է տղաս՝ Լևոնը, սակայն առանց մեծ ուժի հնարավոր չէ իրականացնել այդ գործունեությունը: Մոտ 30 բանվորներ են աշխատում իմ մոտ, ովքեր ապրում են մոտակա բնակավայրերում՝ Ասկերանի և Մարտունու շրջաններից: Ասել է թե, ես 30 ընտանիքների համար օրվա հացի խնդիր եմ լուծում: Կարծում եմ, դա մի յուրօրինակ օգնություն է իմ հայրենակիցներին, ինչի համար ես ինձ լավ եմ զգում: -Գիտենք, որ նաև բարեգործությամբ եք զբաղվում… -Այն ինչ անում եմ, մտածում եմ, որ յուրաքանչյուր արցախցու պարտքն է: Իհարկե, ով հնարավորություն ունի, պետք է ինչ-որ օգտակար բան անի մեր ժողովրդի համար: Մենք պարտավոր ենք մեր տղաների հիշատակը հարգել, իսկ նրանց ընտանիքներին օգնել՝ դա մեծ հայրենասիրական քայլ եմ համարում: -Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ հողագործներին: -Հարկավոր է սիրել աշխատանքը՝ անկախ նրանից, թե ինչ աշխատանք է դա: Պետք է գործին վերաբերվել ազնվորեն, ջանք ու եռանդ չխնայել լավ արդյունքի հասնելու համար: Հողի հետ աշխատելիս, պետք է լցվել մեծ համբերությամբ՝ հավաքելով ամբողջ կամքդ ու պատասխանատվությունդ: Պետք է կարողանաս հարգել ինքդ քեզ ու մտածես ամեն տեսակի դժվարություն հաղթահարելու մասին: Կցանկանայի ավելացնել նաև, որ աշխատանքը մարդուն փրկում է պարապությունից և դրանից բխող վատ սովորույթներից: -Ինչ կմաղթեիք Արցախի ժողովրդին: -Իհարկե, բոլորիս համար կարևորը կայուն խաղաղությունն է: Մենք՝ ավագ սերունդս շատ դաժան և տխուր օրեր ենք տեսել, անցել ենք բազում դժվարությունների միջով: Թող այսուհետ ոչ մի մայր չլացի իր զավակի կորստի համար, մեր երեխաները մեծանան կապույտ երկնքի ներքո, ուր կսավառնեն միայն խաղաղության աղավնիները: Իմ ժողովրդին մաղթում եմ ուժ, եռանդ և թող արցախցուն վայել՝ աշխատասիրությունն ու պատվասիրությունը միշտ մեզ հետ լինեն: Գարեգին Հովսեփյանը համեստորեն լռում էր իր կատարած առաքելության մասին: Ասկերանի շրջանի բոլոր զոհված ազատամարտիկների և անհայտ կորածների ընտանիքներին նա պարենային մթերք է բաժանել: Բազմազավակ ընտանիքները ևս օգտվել են նրա սրտաբուխ արարքից: Կարծում եմ, լավ արարքները միշտ էլ գնահատելի են մեր ժողովրդի կողմից: Եվ մենք ուրախ և հպարտ ենք, որ ունենք այնպիսի մարդիկ, ովքեր իրենց քայլերով, բարյացակամ վերաբերմունքով կարողանում են փոքր ինչ թեթևացնել զոհված ազատամարտիկների, սակավակարող ընտանիքների հոգսերը: Համոզված եմ, աջակցություն ստացողը հարգանքով է լցվում այդպիսի մարդկանց հանդեպ՝ տալով նրան օրհնանքի և երախտագիտության խոսքեր: Մտածում եմ, Գարեգին Հովսեփյանի համար ավարտված չէ այն բարի առաքելությունը, որ նա սկսել է կատարել: Հողագործության մեջ նրան մաղթենք մեծ հաջողություններ և բարգավաճում՝ համոզմունք հայտնելով, որ հայրենասեր հայորդու բարեգործությունների մասին կլսենք ապագայում ևս: Կցանկանայի նաև ավելացնել Էմերսոնի հայտնի խոսքերը. <<Բարի գործի համար պարգևը հենց այն կատարելու մեջ է>>…
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |