ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՀԱՐԱԶԱՏ ԺՈՂՈՎՐԴԻՆ |
30.10.2018 11:17 |
Ասում են, նա ով բարություն է անում ուրիշին՝ բարություն է անում ինքն իրեն, քանի որ արված բարիքի գիտակցումն ինքնին մեծ ուրախություն է պատճառում: Համոզված եմ, ուրախությամբ և հպարտությամբ է պարուրված երևանաբնակ մեր համերկրացի Վարդան Գաբրիելյանի սիրտը, քանզի նա ապրում է վեհ մի գիտակցումով. <<Բարի գործերի հիշատակը պահպանելու ամենալավ եղանակը դրանք կրկնելն է>>… Իսկ բարի գործեր, որոնք պետք է հիշվեն, անհամար ու բազմապիսի են և դրանք մեր ժողովրդի հիշողության մեջ առհավետ արմատավորել է երջանկահիշատակ, Ասկերանի համայնքի պատվավոր քաղաքացի Սամվել Գաբրիելյանը: Մարդ, ում կյանքի ամենամեծ նպատակը հարազատ Ասկերանին ու ասկերանցիներին օգնելն ու սատարելը, մանուկներին ուրախություն և բերկրանք պարգևելն էր, և այսօր նրա որդիները՝ Վարդանն ու Վահեն պարտքի մեծ զգացումով են շարունակում իրենց հոր գործը և ամեն կերպ ցանկանում օգտակար լինել ժողովրդին: Մեծանուն մարդու որդիների շնորհիվ Ասկերան քաղաքը տոնական և հիշարժան օրերին հանդիսավոր տեսք է ստանում՝ ողողվելով պայծառ և տոնական գույներով: Այդ օրերին յուրաքանչյուր ասկերանցի սրտի ցավով է հիշում մեծ բարեգործին, աղոթում նրա հոգու հանգստության համար և մեծ երախտագիտությամբ լցվում պատվավոր մարդու արժանի զավակների հանդեպ: Օրերս Վարդան Գաբրիելյանն Ասկերանի համայնքին նվիրաբերեց հատուկ մեքենա, որն ավելի կհեշտացնի քաղաքում լուսամփոփներ տեղադրելու, տոնական օրերին քաղաքը զարդարելու աշխատանքները: Ինչպես նշեց Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը՝ Ասկերանի շրջանում այդպիսի մեքենա դեռևս չկա և այն ցանկության դեպքում կտրամադրվի նաև քաղաքացիներին: Քաղաքապետն անդրադառնալով Վարդան Գաբրիելյանի բազմաթիվ նվիրատվություններին՝ Ասկերանի բնակչության անունից շնորհակալություն հայտնեց բարերարին և համոզմունք հայտնեց, որ Գաբրիելյան եղբայրները կշարունակեն իրենց հոր կիսատ թողած գործերը՝ ի շահ հարազատ Ասկերանի բարգավաճման ու զարգացման: -Հպարտությամբ պետք է շեշտեմ, որ մեր ժողովուրդը չի մոռանում այն բազում գործերը, որ կատարվել են Սամվել Գաբրիելյանի կողմից, իսկ այն, որ նրա որդիները ևս կցվել են բարեգործական առաքելությունների շարունակությանը, ավելի է ուրախացնում և գոտեպնդում ասկերանցիներիս: Նշեմ, որ հաճախակի եմ հանդիպում Վարդան Գաբրիելյանի հետ, կիսվում ենք քաղաքում առկա խնդիրների, մտահոգությունների շուրջ, մտածում դրանք լուծելու մասին: Երբ ասացի, որ այդպիսի հատուկ մեքենայի մեծ խնդիր ունենք, Վարդանն անմիջապես հանձն առավ լուծել այդ հարցը և իր սեփական մեքենան նվիրաբերեց համայնքին: Ինչ խոսք, բոլորս ենք ականատես, թե ինչպիսի պատվախնդրությամբ ու մեծ ըմբռնումով են Գաբրիելյան եղբայրները մոտենում Ասկերանի կյանքին և աշխատում հնարավորինս միջամտել և օգտակար լինել ,-ասաց Ասկերանի քաղաքապետը: Մեր զրույցի վերջում Սամվել Աղաջանյանն ավելացրեց նաև, որ համագործակցելով Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ի հետ՝ քաղաքի տարբեր փողոցներում կատարվում են բարեկարգման աշխատանքներ, առաջիկայում ևս սպասվում են շինարարական նոր աշխատանքներ, որոնք կապված են լինելու տարբեր թաղամասերում մանկական խաղահրապարակներ կառուցելու, առանձին շենքերի բակերի բարեկարգման հետ: -Բոլորիս նպատակն այն է, որպեսզի մեր քաղաքը լինի մաքուր, բարեկարգ, գեղեցիկ և Ասկերան այցելող յուրաքանյուր հյուր հեռանա լավ տպավորություններով պատված,-ավելացրեց Սամվել Աղաջանյանը: Դե ինչ, Ասկերանի քաղաքապետարանին ցանկանանք բարեհաջող աշխատանքներ և բոլոր նպատակների իրականացում, իսկ մեր բարերարներին հայտնենք մեր շնորհակալությունը և մնանք հուսով, որ բարերգործությունները կշարունակվեն ապագայում ևս… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |