ԲԱՐԵԿԱՐԳ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՏԻՎՆ Է
30.10.2018 11:22

2018 թվականի հունվարի 1-ից Ասկերանի շրջանում գործում է §Խաչենշին¦ փակ բաժնետիրական ընկերությունը, որի գործառույթները բավականին լայնամասշտաբ ու բազմազան են։ Չնայած այս կարճ ժամանակաշրջանին ընկերությունը կարողացել է արժանանալ շրջանի բնակիչների վստահությանն ու հարգանքին, դառնալով հուսալի գործընկեր ու ծառայությունների որակյալ մատուցող և սպասարկող։ Կարծում ենք շատերին հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպիսի ծառայություններ և սպասարկման ինչ ոլորտներ

է ընդգրկում ընկերությունը։ Այս և նման հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ընկերության տնօրեն Արմեն Բախշիյանից։

-Պարոն Բախշիյան, նախ սկսենք նրանից, թե ինչ գործունեություն է ծավալում շրջանում §Խաչենշին¦ ՓԲ ընկերությունը։

- Ընկերությունը ստեղծվել է 2018թ. հունվարի 1-ից՝ իր մեջ ընդգրկելով §Ասկերանի կոմունալ տնտեսություն¦ ՓԲԸ,  §Ջրային տնտեսություն¦ ՓԲԸ  Ասկերանի տեղամասը, §Արցախուղի¦ ՓԲ ընկերության մեկ ճանապարհային բրիգադ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 1-ից միացել է նաև §Ջրահեռացում և ջրամատակարարում¦ ՓԲ ընկերության Ասկերանի տեղամասը (վերին ենթատեղամասով), որի սպասարկման ոլորտում ընդգրկված է շրջանի 24 համայնք։ Արդյունքում ստացվեց բազմապրոֆիլ հիմնարկությունը, որը զբաղվում է սանմաքրման և կանաչապատման, աղբահանման, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրերի մատակարարման ծառայությունների մատուցմամբ։

- Բավականին ժամանակ է, ինչ շրջանում գործում է ընկերությունը, այս ժամանակամիջոցում ի՞նչ աշխատանքներ են իրականցվել։

- Ստեղծման առաջին իսկ օրվանից սանմաքրման և կանաչապատման բաժնի աշխատակիցների մշտական ուշադրության կենտրոնում են եղել ինչպես Ասկերան քաղաքի սանմաքրման և աղբահանության, այնպես էլ շրջանում առկա ասֆալտապատ ճանապարհների, մայթեզրերի մաքրման և սպասարկման աշխատանքները։

Մեծ աշխատանքներ են տարվել կանաչապատման ուղղությամբ։ Շրջվարչակազմի աջակցությամբ Ասկերան-Ակնա տանող ճանապարհի երկայնքով տնկվել է շուրջ 1200 նոր տնկի։ Պարբերաբար խնամվում են նախկինում տնկված ծառերը։ Ասկերանի որոշ հատվածներում իրանակացվել են դեկորատիվ ծաղիկների սածիլների տեղադրման աշխատանքներ։ Ամառային տաք եղանակով պայմանավորված կանաչապատ տարածքները պարբերաբար ջրվել են։ Ասկերան-Ստեփանակերտ ավտոմայրուղու մայթեզրերը և հարակից տարածքները մաքրվել են խոտերից, թփուտներից և չորացած ծառերից։ Արդյունքում առաջացած վառելափայտն օգտագործվել է բարեգործական նպատակներով. այն բաժանվել է առավել կարիքավոր և անապահով ընտանքներին։ Այս ժամանակաընթացքում մի քանի անգամ իրականացվել են Ասկերան քաղաքի որոշ փողոցներում և շրջանի վարչական տարածքով անցնող հանրապետական նշանակության ճանապարհների մայթեզրերում առկա մոլախոտերի և թփուտների մաքրման աշխատանքներ։ Սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման անհրաժեշտությունից ելնելով ուշադրության կենտրոնում ենք պահում բազմահարկ շենքների նկուղային հարկերի մաքրությունը։

-Ճանապարհաշինության բաժնի կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։

-Պետք է նշեմ, որ ճանապարհաշինության ոլորտում բավականին աշխատանքներ իրականցվել են շրջվարչակազմի ֆինանսավորմամբ։ Կատարվել են Ասկերանի, Նախիջևանիկի, Վարդաձորի, Սառնաղբյուրի, Վարազաբունի, Ավետարանոցի, Ջրաղացների, Ակնաղբյուրի, Սարուշենի, Ուղտասարի, Մոխշմհատի, Ծաղկաշատի, Դահրավի, Խանցքի, Խաչենի, Ռևի, Սղնախի, Ակնա թաղամասի, Լուսաձորի համայնքներ տանող ճանապարհների բարեկարգման և կոպճապարտման աշխատանքներ։ Ներկայում աշխատանքներ են ընթանում Վերին և Ներքին Սզնեքների համայնքներ տանող ճանապարհների բարեկարգման և կոպճապատման ուղղությամբ։ Բացի դրանից համայնքների սեփական եկամուտների հաշվին Ասկերանում, Նախիջևանիկում, Վարդաձորում, Սառնաղբյուրում, Ուղտասարում, Բերքաձորում, Նորագյուղում, Խրամորթում, Դաշուշենում, Շոշում և Իվանյանում իրականացվել են հուշարձանների  ոռոգման համակարգի, ճանապարհների բարեկարգման, աղբանոցների կառուցման աշխատանքներ։ Քանի որ ընկերության իրավասությունների մեջ չի մտնում ճանապարհների ասֆալտապատումը, ուստի մեր ձեռքի տակ եղած միջոցներով ժամանակ առ ժամանակ ավազով կամ խիճով լցնում ենք առաջացած փոսերը։

- Պարոն Բախշիյան, ի՞նչ կասեք ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման բաժինների կատարած աշխատանքների մասին։

-Այս ժամանակահատվածում ոռոգման ծառայությունից օգտվել է 426 հողօգտագործող, արդյունքում ոռոգվել է 4020հա ցանքատարածություն։ Ոռոգման շրջանում հիմնական դժվարությունը ջրի սակավությունն էր, ինչը Խաչենի ջրամբարից փետրվար, մարտ ամիսներին ջրառ չկատարելու արդյունք էր։ Ներկայում աշխատանքներ են իրականացվում ջրանցքերի մաքրման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ջրամատակարարմանն ու ջրահեռացմանը, ապա այս ծառայությունից շրջանում օգտվում է 3260 բաժանորդ, որից՝ 96-ը իրավաբանական, 3164-ը ֆիզիկական անձինք։ Հարկ է նշել, որ ամառային ամիսներին ջրի սակավության պատճառով որոշ համայնքների լրացուցիչ ջրամատակարարում ենք իրականացրել ջրատար մեքենայով։

-Հիմնարկության տեխնիկական հագեցվածության մասին ի՞նչ կասեք։

-Տեխնիկական հագեցվածության առումով պետք է նշեմ, որ հիմնականում առկա շարժական տեխնիկական միջոցները բավականին մաշված են, սակայն թույլ են տալիս լուծել ներկա պահին մեր առջև ծառացած խնդիրները։ Անհրաժեշտությունից ելնելով ընթացքում պլանավորում ենք ձեռքբերել լրացուցիչ տեխնիկական միջոցներ։

- Ապահովվա՞ծ եք համապատասխան մասնագետներով և ինչպիսի՞ հիմնախնդիրներ ունի ընկերությունը։

-Պետք է նշեմ, որ ինձ համար բավականին հեշտ է ղեկավարել նման բազմաֆունկցիոնալ հիմնարկը, մանավանդ, որ աշխատողների մեծ մասն ունի նշված համակարգում աշխատելու երկարամյա փորձ։ Նման մարդկանց հետ միշտ էլ կարելի է լուծել ցանկացած բնույթի խնդիր։

-Պարոն Բախշիյան, հանրապետության բոլոր ուղղություններից շրջանի տարածք մուտք գործելուն պես արդեն իսկ ականատես ենք դառնում դրական փոփոխությունների։ Այսուհետ ևս բեղմնավոր և արդյունավետ գործունեություն ենք մաղթում։ Միաժամանակ, կցանկանայինք լսել ձեր մաղթանքները։

-Շնորհակալություն։ Ավելորդ չեմ համարում նշել, որ ընկերության յուրաքանչյուր աշխատող պատվախնդրորեն է կատարում իր առջև դրված խնդիրը։ Մենք ամեն մի նորի կողմնակից ենք և մեր գործունեության հիմքում մեր պետության և բնակչիների շահն ու բարօրությունն է։

Մի պետություն, որն ապրում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակով, մաղթանքը միմիայն մեկը կարող է լինել՝ հաստատուն խաղաղություն ու կայունություն։  Կարծում եմ, Արցախում ապրող յուրաքանչյուր ոք մեծ պատասխանատվություն է կրում մեր չքնաղ երկրամասի բարեկարգման, բարգավաճման և զարգացման համար։ Չինական մի գեղեցիկ ասույթ կա՝ նախատիր քեզ, այլ ոչ թե արեգակին, եթե քո այգին չի ծաղկել։ Ուստի ամենօրյա իմ գործելաոճով աշխատում եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները մեծանան իսկապես բարեկարգ, հզոր, զարգացած ու բարգավաճող պետությունում, որտեղ իշխում են սերն ու խաղաղությունը։

Հ.Գ. Ընկերության կատարած աշխատանքների աշխարհագրությունն ու ծավալները պատկերացնելու համար նշենք, որ լուսանկարներն արվել են մեկ օրում։ Դրանք արվել են Իվանյանի, Ավետարանոցի, Ակնա թաղամասի վարչական տարածքներում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու ժամանակ։

Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ



 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter