ՆՈՐԱԳՅՈՒՂՆ ԻՄ ՇՔԱՆՇԱՆՆ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԿՐԾՔԻՆ |
30.10.2018 17:18 |
Արշավիր Ալեքսանի Գալստյանը ծնվել է 1927 թվականի հունվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի յոթամյա դպրոցում, իսկ միջնակարգը՝ Խնապատում։ 1946 թվականին ընդունվել է Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտի պատմական բաժինը։ Երկամյակն ավարտելուց հետո աշխատել է Նորագյուղի յոթամյա դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ 1949թ. նշանակվել է նույն դպրոցի տնօրեն։ 1952թ. ընտրվել է Ստեփանակերտի կոմերիտշրջկոմի առաջին քարտուղար։ 1954թ. նշանակվել է Խնապատի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1961 թվականի փետրվարի 5-ին ընտրվել է Նորագյուղի խոշորացված կոլտնտեսության վարչության նախագահ։ Ուղիղ 32 տարի աշխատել է այդ տնտեսությունում ու նրա նախագահության տարիներին Նորագյուղի §Հաղթանակ¦ կոլտնտեսությունը դարձել է մարզի առաջավոր տնտեսություններից մեկը։ Նրա աշխատանքային գործունեության ծանրագույն կշիռը նոր Նորագյուղի կառուցումն է։ 1993թ. հունվարից անցել է վաստակած թոշակի։ 1993-97թթ. աշխատել է Արցախշինտրեստի օժանդակ տնտեսությունում որպես վարիչ։ Արշավիր Գալստյանն իր աշխատանքային գործունեության տարիներին արժանացել է բազմաթիվ պարգևների և գովասանագրերի։ Ստացել է §Գերազանցիկ ուսուցիչ¦ կոչումը, §Աշխատանքային Կարմիր դրոշի¦ երկու շքանշան, §Աշխատանքային արիության¦ 4 մեդալ, §Գրիգոր Նարեկացի¦ մեդալ։ 2016 թվականին երկարամյա և բարեխիղճ աշխատանքային գործունեության, գյուղի զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար Նորագյուղի համայնքի ավագանու որոշմամբ Արշավիր Գալստյանին շնորհվեցին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։ 2017 թվականին ծննդյան 90-ամյակի եւ Հայրենիքի շենացման գործում ներդրած մեծ ավանդի համար Արշավիր Գալստյանը պարգևատրվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պատվոգրով։ -Պարոն Գալստյան, ինչպե՞ս խիզախեցիք նախաձեռնել նոր գյուղ կառուցելու հարցը։ Եվ տարիների հեռավորությունից դիտելով ի՞նչ զգացողություններ են ձեզ մոտ առաջանում։ - Միմիյան հպարտության զգացողություններն են այս տարիների իմ հավատարիմ ուղեկիցները։ Նոր գյուղ տեղափոխվելու հետ բազմաթիվ խոչընդոտները և դժվարությունները հաղթահարելով՝ ժամանակին, արդարացի և նպատակային էր օրեցօր իր տարածքներն ընդլայնող ադրբեջանական Խոջալու գյուղի հարևանությամբ հայկական բնակավայր ունենալու ժամանակի հրամայականը։ Այն իրականություն դարձավ մեր 4 գյուղերի (Նորագյուղ, Սարդարաշեն, Ռև, Ղշլաղ) բնակչության և ակտիվի միասնության շնորհիվ։ Մեզ հաջողվեց բացատրական այնպիսի աշխատանք տանել, որ այդ գյուղերի բնակիչները դարձել էին մի կոլեկտիվ, մի ընտանիք, որոնց աշխատանքներն ուղղված էին գերագույն նպատակի իրագործմանը։ §Նոր Նորագյուղի տեղափոխման և հիմնադրման ծրագիրն արդարացված է գյուղի մերօրյա տարեգրությամբ։ Նորագյուղն իր ուրույն տեղն ունեցավ և՛ նախկին Ինքնավար Մարզի, և՛ անկախ Արցախի Հանրապետության տնտեսական ու սոցիալական առաջադիմության մեջ։ Գյուղի աշխարհագրական դիրքը և բնակիչների բնավորությունը կանխորոշեցին Նորագյուղի ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան շարժման և ազատագրական պատերազմի ընթացքում¦,- սա Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գնահատականն է գյուղի տեղափոխման մասին։ - Փաստորեն խոշոր տնտեսության հոգսերի հետ միասին ուսել էիք առավել ծանր մի բեռ ևս։ -Այո, այդպես է ստացվում։ Գործը գլուխ բերելու համար օգտագործվել է խոշոր կոլեկտիվ տնտեսության հնարավորություններն ու առավելությունները ճիշտ ու նպատակային օգտագործելու շնորհիվ։ Կոլտնտեսությունը տուն կառուցողներին տրամադրեց հողամաս, կոլտնտեսության տրանսպորտային միջոցները 7 տարի անընդմեջ անվճար ծառայում էին տուն կառուցողներին։ Միաժամանակ կոլտնտեսությունը պարտավորվել էր ապահովել շինանյութերով, ջրով։ Անհրաժեշտությունից ելնելով գյուղում բացվեց փայտամշակման արհեստանոց, որտեղ առկա էին փայտամշակման բոլոր սարքավորումները։ Մի խոսքով արվել է ամեն հնարավորը, որպեսզի տուն կառուցողները զերծ մնան ավելորդ քաշքշուկներից, և նվազագույն ծախսերով տուն կառուցեն։ Ահա թե ինչի է ընդունակ խոշոր տնտեսությունը։ Ցավալի է, որ հանցագործ ղեկավարության անմտության պատճառով մենք զրկվեցինք կոլեկտիվ տնտեսության առավելություններից։ Նորագյուղի օրինակը ցույց է տալիս, որ կոլեկտիվ տնտեսությունների քանդումը հանցագործություն էր։ -Պարոն Գալստյան, կարծում եմ սերունդները դեռ իրենց գնահատականը կտան ձեր կատարած ազգանպաստ գործին։ -Առհասարակ այսօր այս հարթավայրում երբ կանգնած է Նորագյուղը և օր-օրի իր զարգացումն է ապրում՝ իմ հպարտությունն է։ Հպարտ բնակավայրն իր գոյությամբ ինքնին ամենամեծ գնահատականն է։ Ես ընդամենն իմ որդիական պարտքն եմ կատարել իմ հարազատ ժողովրդի, իմ Արցախ աշխարհի հանդեպ։ Որպես այդ գործերի նախաձեռնող ու միաժամանակ նոր գյուղ կառուցելու կազմակերպիչ Նոր Նորագյուղը համարում եմ իմ ամենամեծ գնահատականը , իմ շքանշանը Ղարաբաղի կրծքին։ Միաժամանակ իմ երախտագիտությունն եմ հայտնում 4 գյուղերի բոլոր բնակիչներին, ովքեր խոհեմաբար են մոտեցել այդ հրատապ խնդրի լուծմանը։ -Դեռ անելիք ունե՞ք Նորագյուղում… -Չնայած վաղուց անցել եմ թոշակի, այնուամենայնիվ իմ մտքերը, ձգտումներն ուղղված են Նորագյուղի բարգավաճմանն ու այն գրավիչ դարձնելուն։ Իմ ամենանվիրական երազանքն է Նորագյուղը տեսնել քաղաքատիպ ավան։ Գյուղի նախագիծը կազմելիս կենտրոնում 3 հեկտար տարածք ենք առաձնացրել մշակույթի պալատ և անհրաժեշտ օժանդակ կառույցներ կառուցելու նպատակով՝ ժամանակակից ու գրավիչ կոմպլեքս ունենալու համար։ Սակայն սկիզբ առած արցախյան շարժումն անկատար թողեց այն։Ներկայում այդ տարածքը, մեղմ ասած, աղբանոցի է վերածվել, ինչը գյուղի ղեկավարության և ինտելիգենցիայի բացթողումն է։ Իմ նպատակն է Արցախի ղեկավարության օժանդակությամբ Նորագյուղի սրտում կանգնեցված տեսնել այնպիսի կառույցներ, որոնք նոր շունչ ու թարմություն կտան գյուղին, իսկ նորագյուղցիների կյանքը կդառնա ավելի հետաքրքիր, երիտասարդների ազատ ժամանացի կազմակերպումը՝ բովանդակալից։ -Պարոն Գալստյան, խոսենք Նորագյուղի որոշիչ դերի մասին՝ Արցախյան Շարժման և դրան հաջորդած տարիներին։ -Ցավալի է, որ այս տարի մենք ազգովի Շարժման 30-ամյակ ենք նշում, սակայն ոչ մի տեղ Նորագյուղի մասին խոսք անգամ չկա, մինչդեռ Նորագյուղից է սկիզբ առել այն։ Նախ Նորագյուղն իր դիրքով ապահովեց Ասկերան - Ստեփանակերտ անյլընտրանքային ճանապարհային կապը, որը հետագայում պատմություն մտավ որպես կյանքի ճանապարհ։ Այդ ճանապարհը դեռևս գյուղը տեղափոխելու տարիներին էր կառուցվել և մարդկային կյանքեր վտանգելու գնով։ Կոլտնտեսության տարիներին գյուղում էլեկտրական ալրաղաց էր կառուցվել, որը արցախյան ազատամարտի տարիներին շրջափակման մեջ հայտնված Ղարաբաղը հացով ապահովողը դարձավ։ Եվ վերջապես 88-ի փետրվարին առաջին գաղտնի ժողովը Նորագյուղում հրավիրվեց, որի մասին §Հայոց աշխարհ¦ թերթում հոդված էր տպագրվել, որտեղ նշված էր, որ Նորագյուղում կայացած ժողովում՝ Հայաստանին վերամիավորվելու համար բարձրացված հարցը մեծ արձագանք է գտել Ղարաբաղում։ Ուղղակի պետք չէ կեղծել սեփական պատմությունը կենդանի վկաների ներկայությամբ։ Ի վերջո ճշմարտությունը պիտի ջրի երես բարձրանա, քանզի ճշմարտությունը մեկն է ու այն զորեղ է։ - Պարոն Գալստյան, ի՞նչ կասեք Արցախում տիրող ներկայիս վիճակի մասին։ -Խորհրդային կարգերը վերացան և կարճ ժամանակաընթացքում ստեղծվեցին նոր հարաբերություններ, որտեղ առաջին պլանում մասնավոր սեփականությունն է։ Հողերը սեփականաշնորհվեցին, գյուղացին մնաց միայնակ իրեն բաժին հասած հողի հետ, որոնց զգալի մասը մնաց անմշակ։ Գյուղերը զրկվեցին սեփական մեքենա-տրակտորային կայաններից։ Ճիշտ է հետո նորից ստեղծվեցին մեքենա-տրակտորային կայաններ, սակայն հետագայում իշխանությունները եկան այն համոզման, որ դրանք արդարացված չեն և լուծարվեցին՝ կրկին դառնալով մասնավոր սեփականություն։ Իզուր չէ, որ հողերը սեփականաշնորհելուց որոշ ժամանակ անց ակուտալ էր դարձել ասելը՝ ոչ թե հողն են տվել գյուղացուն, այլև՝ գյուղացուն հողին։ Ներկայում, փաստորեն Արցախը կերակրողն արյունով ազատագրված հողերն են։ Կեցցես հողի այն մշակներն, ովքեր ժամանակին կարողացել են ճիշտ և վճռորոշ քայլ կատարել՝ ընտրելով հողագործությունն ու գյուղատնտեսությամբ զբաղվելը, քանզի Արցախի ապագան գյուղատնտեսությունն է։ -Ի՞նչ է աշխատանքը մի մարդու համար, ով 32 տարի ղեկավարել է Ղարաբաղի խոշորագույն կոլտնտեսություններից մեկը։ -Աշխատանքը բոլոր տեսակի բացասական երևույթների կանխարգելիչ է։ Ես երբեք չեմ դադարել աշխատելուց, և աշխատանքն է միակ դեղամիջոցը բոլոր հիվանդությունների։ Ուրախանում և հպարտանում եմ, երբ տեսնում եմ, որ տարեց-տարի ավելանում են Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվողները։Շատ երիտասարդներ աստիճանաբար մասնագիտանալով հողագործության մեջ, այժմ կայուն բերք են ստանում՝ հոգալով և՛ իրենց ընտանիքների հոգսերը, և՛ նպաստելով Արցախի շենացմանը։ Պետք է հստակ մի բան իմանալ՝ հողի հետ աշխատողը երբեք սոված չի մնա։ Ինձ մտահոգողը գյուղերում ստեղծված դժվարին կացության, սոցիալական ծանր վիճակներն են։ Մեր իշխանությունները պետք հստակ իմանան, որ գյուղը մեր շտեմարանն ու գենոֆոնդն է, հետևաբար գյուղերում այնպիսի պայմաններ պիտի ստեղծվեն, որպեսզի երիտասարդությունը մնա գյուղում։ Մինչդեռ այսօր բազմաթիվ երիտասարդներ որևէ լավ ձեռնարկում իրականություն դարձնելու ճանապարհին այնպիսի արհեստական խոչընդոտների են հանդիպում, որ հուսալքված թողնում են ոչ միայն գյուղը, այլև Հայրենիքը, իրենց օրվա վաստակն օտար երկրներում գտնելու հույսով։ Կան գյուղեր, որտեղ երտասարդները տուն կառուցելու համար տնամերձ են ցանկանում ձեռքբերել, սակայն հանդիպում են գյուղի ղեկավարության կողմից անտարբեր վերաբերմունքի, հաճախ նաև արհեստածին խոչընդոտի։ Գյուղերում երիտասարդներին, ովքեր ցանկանում են տուն կառուցել պետք է գոնե տնամերձն անվճար տրամադրվի։ Եթե համայնքը նյութապես ի վիճակի չէ օգնելու, թող գոնե խոչընդոտ չհանդիսանա։ Մեր շրջապատում արատավոր երևույթներ շատ կան, որոնք պետք է արամատախիլ արվեն։ Ես այդ ամենի մասին վերջերս երկրի նախագահ Բակո Սահակյանին և Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանին էլ եմ ասել։ Կան հիմնարկություններ, որտեղ բացարձակ անտարբերության մթնոլորտ է տիրում, փաստորեն մարդկանց առջև արհեստական խոչընդոտներ ստեղծելով, որոշ հիմնարկություններում հիմք է դրվում կաշառակերության, աննորմալ և արատավոր այլ երևույթների։ Արցախցին հերոսական ժողովուրդ է, նրա հետ այդպես վարվելն անթույլատրելի է։ Օրենքներ կան, որոնք միայն թղթի վրա են. և համոզված եմ, որ շատ ղեկավարներ նույնիսկ չգիտեն իրենց ղեկավարած հիմնարկությունում տեղի ունեցող արատավոր երևույթների մասին։ Այս տեսանկյունից, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ստեփանակերտի Մանուկյան փողոցի ատամնաբուժական կենտրոնի բուժանձնակազմին հիանալի սպասարկման, ազնիվ վերաբերմունքի համար, ովքեր կարող են օրինակ հանդիսանալ։ -Պարոն Գալստյան, կյանքի մեծ փորձ ունեք, ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդներին։ -Լինեն ազնիվ, աշխատասեր, ընկերասեր, ապրեն արդար խղճով և մեծապես սիրեն հողը։ Հողի հետ աշխատողը հողից լիցքեր է ստանում, նոր ուժերով աշխատանքը շարունակում և դա է ապրեցնում։ Երբ մարդ ստանում է իր արդար վաստակը գոհունակություն է ապրում, այդպիսով նաև դաստիարակվում ու դաստիարակում է։ Ասեմ, որ մեր շրջապատում քիչ չեն քաղաքականությամբ զբաղվողները, ովքեր նաև գյուղատնտեսությամբ են զբաղվում և երկու տեղն էլ արդարացնում են, հաջողում։ Արցախն ագրարային երկիր է, և հողի հետ ճիշտ վարվելու, նրա լեզուն հասկանալու պարագայում այն վարձահատույց է լինում։ Հողն ամենաթանկն է, որը պաշտպանելու համար բազում կյանքեր են զոհվել, ուստի այս հողի վրա պետք է մարդկանց համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, որպեսզի տառապանքների միջով անցած արցախցին կարողանա բարեկեցիկ կյանքով ապրի, աճի ու բազմանա։ Դա կլինի իսկական հայրենասիրական մոտեցում սեփական ժողովրդի ու երկրի ապագայի հանդեպ։ Փաստորեն Նորագյուղն անցնելով կեսդարյա ճանապարհ ու հավատարիմ մնալով նախնիներից ժառանգած աշխատասիրությանը՝ դարձավ մեր նորանկախ հանրապետության մարդաշատ և առաջատար գյուղերից մեկը։ Այժմ Նոր Նորագյուղն իր հաղթական թևերը փռել է լայն հարթավայրի վրա և ճաշակում է իր հաղթականի պտուղները։ Հաղթանակ, որի անուրանալի կռողը Արշավիր Գալստյանն է։ Ազնիվ ու անկաշկանդ մի մարդ, ով ուխտեց ի կատար ածել մի երազանք, որը ծնունդ էր առել դեռևս 1920-ականների սկզբին, և իրականություն դարÓել 60-ականներին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|