ՈՒՂՏԱՍԱՐՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔ |
06.11.2018 14:17 |
Ուղտասարում դպրոց գործում է 2003 թվականից։ Այն հարմարեցված էր տնակներում, հնարավորությունների սահմաններում ստեղծվել էին պայմաններ՝ վերաբնակվեցվող գյուղում երեխաների ուսումնադաստիարակչական գործն իրականացնելու համար։ §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորած պատվիրակությունը կրկին Արցախում էր և առիթը նորից ու նորից արցախցիներին գոտեպնդելն ու ոգևորելն էր։ Հետպատերազմյան Արցախում բազմաթիվ հիմնախնդիրներ լուծվեցին հենց §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի միջոցներով։ Եվ ինչպես ազատամարտի տարիներին հայ ազգի պարծանք Ավոն էր ասել՝ Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու. Արցախը կորոշի հայության ճակատագիրը, ապա հիմա մեծ ազգասերի ու ազգի նվիրյալի խոսքերը որպես պատգամ է աշխարհասփյուռ հայերի համար, որոնց ճիգերն ու ջանքերն ի մի է բերվում և ի նպաստ հայրենիքի շենացման օգտագործվում §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի պատասխանատուների տքնաջան աշխատանքի միջոցով։ Կանադայի Տորոնտո քաղաքի Հայաստան համահայկական հիմնադրամի պատասխանատու Մկրտիչ Մկրտիչյանի ջանքերով Արցախում մի շարք բարեգործական ծրագրեր են կյանքի կոչվել։ 26 տարի շարունակ նա արցախցիների կողքին է, կիսել է նրանց հոգսերն ու բազմաթիվ երջանիկ պահեր պարգևել նրանց։ Հերթական ծրագրի շրջանակներում Տորոնտոյի Հայաստան հիմնադրամի և Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Ուղտասարի համայնքում կառուցված դպրոցական շենքը կրում է Արցախի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը։ Հանդիսավոր բացմանը ներկա էր ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Մկրտիչ Մկրտիչյանը՝ տիկնոջ հետ, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի Հայաստանի և Արցախի պատասխանատուներ, ուղտասարցիներ։ Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը և ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն Հայրենիքի ազատության իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակը։ Օրը իսկապես տոնական էր իր ամբողջ բովանդակությամբ, իսկ նորակառույց դպրոցի ճակատին դաջված Ավոյի խոսքերը Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք Հայոց պատմության վերջին էջը խոսքերը բոլորիս ևս մեկ անգամ խորհելու առիթ էր տալիս։ Ուղտասարի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վլադիմիր Հակոբջանյանը երախտիքի իր խոսքում նշեց, որ ուրախ և հպարտ են, որ Արցախի և Սփյուռքի բարեկամության արդյունքում ունեն հարամարավետ ու գեղեցիկ կրթօջախ։ -Հավաստիացնում ենք, որ կարդարացնենք ձեր բոլոր սպասելիքները մեր աշխատասիրությամբ, նվիրվածությամբ, հայրենասիրությամբ և ջանք ու եռանդ չենք խնայելու ավելի հզոր ու զարգացած Արցախ կերտելու ճանապարհին մեր համեստ լուման ներդնել հարցում։ Համոզված եղեք, որ հենց այս դպրոցից են նաև ուսում առած կյանք մտնելու բազում Ավոներ, ու մասն են կազմելու այն հոծ հայրենասերների բազմության, ովքեր պայքարելու են քանի դեռ հայը պահանջատեր է, քանի դեռ հայոց եռագույնը չի ծածանվել Շահումյանում, Նախիջևանում, Վանում։ Տա Աստված, որ կարմիր ժապավեններ կտրվեն Արցախի բոլոր համայնքներում,- ասաց Վ. Հակոբջանյանը։ ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը ողջույնելով ներկաներին, նշեց, որ այս ուսումնականում երրորդ դպրոցն է բացվում Արցախում, որից երկուսը՝ Հայաստան համահայկական հիմնադրամի հովանավորությամբ։ - Եվ այդ շարքի մեջ Ուղտասարի դպրոցն առանձնահատուկ դեր ունի, քանի որ այն կոչված է ամրացնելու Արցախի սահմանը։ Փաստորեն 2001 թվականից այս տարածքում սկսեց ձևավորվել Ուղտասարի համայնքը, և վերաբնակիչների առջև ծառացած բազում դժվարությունների պատվով դիմագրաված ուղտասարցիների համար է այս մեծ նվերը։ Անվանակոչելով այն Արցախի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով, նրա ծննդյան տարեդարձին ընդառաջ ավելի արժանապատիվ նվեր չէր կարող լինել։ Եվ այսուհետ դպրոցականները հերոսի խիստ ու բարի հայացքի ներքո գիտելիքների իրենց շտեմարանն ավելացնելու հետ մեկտեղ նաև հայրենասիրության դասեր կառնեն։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնին և հայկական համայնքին, անձնապես մեզ համար հարազատ դարձած Մկրտիչ Մկրտիչյանին, ով արդեն բազում տարիներ մեր կողքին է, Արցախը ներսից գիտի և ամեն ինչ անում է, որպեսզի օր առաջ թեթևացնի արցախցու հոգսերը։ Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանն իր սրտի խոսքը սկսեց §Այս Ղարաբաղն է…¦ բանաստեղծական տողերով, իսկ դպրոցականների ձեռքից բաց թողնված աղավնին խաղաղություն պիտի ավետի ու հաստատի Արցախի բոլոր մասերում։ -Ինձ համար մեծ ուրախություն ու պատիվ է այստեղ գտնվելը, այս հրաշալի միջոցառմանը մասնակցելը։ Ուղիղ երկուսուկես տարի առաջ այստեղ գտնվելով տեղ էինք որոնում համայնքային կենտրոն կառուցելու համար, սակայն ծանոթանալով դպրոցի և աշակերտների ուսումնառության պայմաններին համայնքի ղեկավարի համաձայնությամբ որոշեցինք դպրոցական շենք կառուցել։ Եվ նախկին հարթավայրի փոխարեն այսօր այստեղ հուշարձան ունեցանք։ Այստեղից ներքև Ավոյի ընկած տեղը հուշարձան է կանգնեցված, սակայն ի տարբերություն այն հուշարձանի այս մեկն ապրող հուշարձան է, քանզի այստեղ ամեն օր ու ամեն ժամ սերունդներ են դաստիարակվելու։ Եվ ես վստահ եմ, որ այստեղ է հենց ուսում առնելու Արցախի Հանրապետության ապագա ղեկավարը,- ասաց Մ. Մկրտիչյանը, դառնալով երեխաներին հորդորեց նրանց լավ սովորել, որպեսզի իր ասածները իրականություն դառնան և ամոթով չթողնեն։ Մ. Մկրտիչյանը դպրոցին նվիրեց Մոնթե Մելքոնյանի այրի Սեդա Մելքոնյանի ուղարկած նվերը, որը պատգամ-նամակ էր երեխաներին, միշտ բարձր պահել Հայրենիքի անունն ու պատիվը, սիրել գիրն ու ուսումնառության տարիներին ոչ մի հարցում չթերանալ։ Անձնապես չկարողանալով ներկա գտնվել սիրելի ամուսնու անունը կրող դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, Սեդան պարտավորվում էր նաև մոտ ապագայում անպայման այցելել դպրոց։ Մ. Մկրտիչյանը երեխաներին հանձնեց նաև դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքներով, ինչը կրկին Տորոնտոյի Հայաստան հիմնադրամի նվերն էր։ Այսքանով հանդերձ անելիքներն Ուղտասարում չեն վերջանում։ Մ. Մկրտիչյանի հավաստմամբ մոտ ապագայում այստեղ պիտի լուծվի նաև խմելու ջրի հարցը։ Ուղտասարի համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանի խոսքը հուզիչ էր, լի երախտագիտությամբ ու բերկրանքով, քանզի ուղտասարցիների համար նմանատիպ դպրոցական շենք ունենալն անիրագործելի երազանք էր թվում։ Այն մի անհաղթահարելի բարձունք էր և այսօր այդ բարձունքը հաղթահարված է բարյացակամության, սրտացավության ու հոգատարության շնորհիվ։ Ուղտասարցիների անունից շնորհակալություն հայտնելով բարերարներին Մ. Պետրոսյանը ներկայացրեց երջանիկ լինելու իրենց տեսլականը. Այնժամ, երբ դու կարողանում ես ճիշտ գնահատական տալ դիմացինիդ բարյացակամ վերաբերմունքին, հոգատարությանն ու մտահոգություններին, այդժամ հասկանում ես ինչ է երջանկությունը, և քո աշխատանքը դառնում է առաքելություն, պարտականություն և կրկնակի երջանկություն է պարգևում քեզ։ Ուղտասարի համայնքի ավագանու որոշմամբ՝ համայնքի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և հայրենանվեր գործունեության համար Մկրտիչ Մկրտիչյանին շնորհվեց Ուղտասարի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։ Դպրոցի հարակից տարածքից բարերարին անհատույց տրամադրվեց նաև 4 հեկտար հողատարածք։ Մ. Պետորսյանը տեր և տիկին Մկրտիչյաններին հանձնեց նաև խորհրդանշական նվերներ։ §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի նորանշանակ տնօրեն Հայկակ Արշամյանն այս տարի երկրորդ անգամն էր Արցախում և երկրորդ անգամ դպրոցական շենքի բացման հանդիսավոր արարողության էր մասնակցում։ -Կառուցված կրթօջախը ուսում տալու հետ մեկտեղ նաև հայրենասիրություն է սովորեցնելու այս երեխաներին, որպեսզի նրանք ավելի ամուր կանգնեն իրենց պապենական հողին։ Նման համայնքներում այսպիսի կառույցները սերտորեն կկապեն տեղաբնակներին իրենց հող ու ջրին, և հավատ կներշնչեն վաղվա օրվա հանդեպ,- ասաց Հ. Արշամյանը։ Դպրոցականները հանդես եկան հայրենասիրական բանաստեղծությունների և երգերի գեղեցիկ և ազդեցիկ կատարումներով՝ նվիրված Ավոյին։ Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց տեր և տիկին Մկրտիչյաններին։ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը կատարեց նորակերտ դպրոցական շենքի օրհնության արարողակարգ։ Դպրոցական շենքն իրենց ներկայացնում է երկհարկանի շինությունը, որի առաջին հարկը նկուղային է, որտեղ տեղակայված են մարզադահլիճը, աշխատանքի և տեխնոլոգիայի դասասենյակները։ Դպրոցում առկա է նաև համակարգչային դասասենյակ, որը հավակնում է դառնալ բարձր դասարանցիների ամենասիրելի դասասենյակը։ Ոգևորությունը, անկեղծ ժպիտն ու երախտիքով լի հայացքներն ամենուր էին։ Երբեմնի ամայի տարածքում Ուղտասարի սրտում կառուցված հոյակերտ դպրոցական շենքն այսուհետ ուղտասարցիների հույսն ու հավատն է առավել ամուր այդ հող ու ջրին կառչելու, մատաղ սերնդի բարեկեցիկ գալիք ապահովելու համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |