ԱՊՐԻՐ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՄԱՀՈՎԴ ԱՆԳԱՄ ԾԱՌԱՅԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ
16.11.2018 19:24

Իրավամբ մեծ ու ուժեղ կամքի տեր մարդիկ, ովքեր իրենց երկրային կյանքի ժամանակ կարողացել են աշխարհին իրենց ասելիքն ասել, մեծ պատգամ են թողել մեզ՝ §Ապրիր այնպես, որ մահովդ անգամ ծառայես Հայրենիքիդ¦։  Եվ ազատամարտի տարիներին Հայրենիքի սիրով բոցավառված, ասել է թե ֆանատիկորեն Արցախով շնչող երիտասարդների պակաս չզգացվեց։  Արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարեգրությունը լի է սխրալից էջերով, որոնցից մեկը կրում է ՅՈՒՐԱ ԳՐԻԳՈՐԻԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ պանծալի անունը։

Նոյեմբերի 16-ին Աստղաշենում բանակ-հասարակություն

-դպրոց կապի շրջանակներում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր Յուրա Անտոնյանի ծննդյան 55-ամյակին։ Նախքան միջոցառման հանդիսավոր մասին անցնելը ներկաները ծաղիկներ խոնարհեցին արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում՝ իրենց լուռ խոնարհումն ու հարգանքը բերելով աստղաշենցի 14 նվիրյալներին։

Միջոցառմանը մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, շրջանի արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանը, բարձրաստիճան սպաներ, հերոսի հարազատները, մարտական ընկերները, զինվորականներ, աստղաշենցիներ։

Հուշ-ցերեկույթը սկսվեց Տերունական աղոթքով և Արտաշես սարկավագի օրհնությամբ։

Ողջունելով ներկաներին Աստղաշենի Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Նելա Գաբրիելյանը կարևորեց Հայրենիքի պաշտպանության գործում բոլոր սերնդունդների կատարած սխրագործությունները։  Նրա խոսքը միաժամանակ կոչ էր, որ պետք է ապրենք այս հողի վրա որպես լիարժեք տերեր, քանզի հանուն այս հողի իրենց ծաղկուն կյանքը չխնայեցին բազմաթիվ քաջորդիներ։

Հնչեց Արցախի պետական օրհներգը։ Ներկաները հոտընկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի նվիրյալ զավակների հիշատակը։ Բարձր բեմից իր լռին ու խոհուն հայացքն էր ուղղել ներկաներին օրվա հերոսը, ասես պատգամելով մշտարթուն և զգոն լինել՝ հավատարիմ նախնյաց՝ §Ուժն է ծնում իրավունքը¦ պատգամին։

Յուրա Գրիգորիի Անտոնյանը ծնվել է 1963թ. նոյեմբերի 16-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում։ Ավարտել է գյուղի ութամյա դպրոցը։ 1982-84թթ. զորակոչվել է խորհրդային բանակի շարքերում ծառայելու։ Զորացրվելով ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական բաժինը, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել գյուղի խոզաբուծական ֆերմայում՝ որպես վարիչ։  Յուրան աչքը բացել ու իր հայրենի Աստղաշենի մի ամբողջ թաղամասում զգացել է թշնամու հայատյաց խլրտումները։ Իսկ ծայր առած արցախյան շարժումը նորովի նորոգեցին անարդարության հետ չհամակերպվող երիտասարդի զգացմունքները՝ թուրք ազգայնամոլների հանդեպ լցվելով անկասելի ատելությամբ։ Նա առաջիններից մեկն էր, որ զինվորագրվեց գյուղի կամավորական ջոկատին, քանզի համոզված էր, որ առանց զենքի ուժի այլևս անհնար է խոսել բարբարոսի հետ։ Իսկ երիտասարդ ընտանիքի, զավակների և ամբողջ մի ազգի ճակատագիր կախված էր նվիրյալ երիտասարդների ճիշտ ու ժամանակին կայացրած վճռից՝ մահ կամ ազատություն։ Իր անձնվիրության և նվիրվածության համար շուտով ստանձնում է վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Նա անվեհեր ու աներկյուղ մարտիկ էր, ով նաև խելահույզ մարտ էր վարում։ Յուրան աններում, անողոք, խստապահանջ էր Կարագյավի, Խոջալուի, Նախիջևանիկի կրակակետերը ոչնչացնելու պատմական և պատվաբեր գործում։  Քարագլխի ռազմավարական խոշոր նշանակության տեղամասի պաշտպանության ժամանակ  նա զրահամեքենայի հրամանատարն էր, իսկ Գագիկ Ասրյանը՝ նրա վարորդը։ Անհավասար մարտի ժամանակ Յուրայի ղեկավարած զրահամեքենան դիպուկ կրակոցներով ու ճարպիկ մանրևներով խառնաշփոթ առաջացրեց թշնամու դիրքերում և խուճապի մատնելով ոսոխին՝ ստիպեց նրան նահանջել։ Մարտերից մեկի ժամանակ ձեռքից վիրավորվեց, սակայն չլքեց մարտադաշտը։ Յուրան կռվի ամենաթեժ կետերում էր, առաջնագծում։ Եվ իզուր չէր, որ նրա հրամանատար Արմեն Ղահրամանյանը Յուրային բնութագրել էր որպես իսկական ֆանատիկի, ով կարծես թե ծնվել էր կռվելու ու հանուն վեհ արժեքների զոհվելու համար։

Հերոսական դրվագներն անթիվ են Յուրայի անցած փառավոր մարտական ուղում, որոնք անցնում են բերնե-բերան, սերնդե-սերունդ՝ դառնալով հայրենասիրության մարմնավորում և դաս՝ գալիք սերունդների համար։

Աստղաշենի Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները հպարտորեն և պատվի մեծ զգացումով էին ներկայացնում հանդիսականներին օրվա խորհուրդը՝ Աստղաշենի 14 նվիրյալ զավակների սխրագործություններն են դրանք, որոնց շնորհիվ այսօր ծաղկում է Աստղաշենն ու Արցախը։ Եվ այժմ Աստղաշենի երկնքում մշտապես բոցավառվում ու բոցկլտում են Աստղաշենի 14 աստղերը՝ որպես հավերժի ջահ ու կանթեղ։

Ներկաները դիտեցին Յուրա Անտոնյանի կարճ, սակայն իմաստալից կյանքի հավերժացած դրվագներն ու ակնթարթները, որոնք նորովի էին նորոգում անդառնալի կորստյան ցավն ու կսկիծը։

Անսքող տխրություն և վիշտ էր իջել ներկաների ալեհույզ դեմքերին, մինչդեռ Յուրայի և նրա բախտակիցների պատգամն է ապրողներիս՝ ինչ էլ որ լինի երջանիկ լինել ու երբեք չհանձնվել։

Յուրա Անտոնյանն օժտված էր ինքնաշեն գործիքների պատրաստման շնորհքով։ Նրա ձեռքերով պատրաստված Երկրի արհեստական արբանյակի և շոգեքարշի մոդելների շնորհիվ դպրոցը մարզային մրցույթում մրցանակային տեղ էր զբաղեցրել։ Ու հենց դպրոցում է նա ստեցել հայրենասիրական առաջին դասերը։

Ներկաների հետ օրվա հերոսի մասին իր մտորումներով կիսվեց Յուրայի ուսուցչուհի Ֆլորա Գասպարյանը, ով նաև հերոսի 55-ամյակին նվիրված բանաստեղծություն էր ձոնել։

-Յուրան իր մեջ կրում էր մարդկային լավագույն արժանիքները։ Նա վայելում էր գյուղի հասարակության սերն ու հարգանքը։ Գերազանցապես սերտելով հայոց պատմությունը և հայերի հանդեպ պատմական անարդարությունները՝ նրա անհանգիստ հոգին ալեկոծում էր։ Դա էր թերևս պատճառը, որ հատուցման ժամին նա չխնայեց ոչինչ՝ անգամ կյանքը։ Այսօր կարծես թե Յուրան դարձել է տուն՝ աստղ դարձած,- ասաց Ֆ. Գասպարյանը՝ ընթերցելով հոբելյարին նվիրված բանաստեղծությունը։

Անհուն կարոտով ու հպարտության վեհ զգացումով էր լցված Յուրա Անտոնյանի դուստր Անուշի սրտի խոսքը։ Տեղի տված հույզերը զսպելով Անուշը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ իրենց սիրասուն հոր հիշատակը հավերժացնելու համար։ Միաժամանակը Անուշը խաղաղություն մաղթեց Արցախ աշխարհին, որպեսզի նման դառը մանկություն, ինչպիսին իրենք՝ զոհված ազատամարտիկների զավակներն են ունեցել, երբեք ոչ մի երեխա չունենա։ Այլև ապրեն խաղաղ ու անհոգ մանկության օրեր։ Վեց տարեկան էր, երբ զրկվեց հորից, սակայն այսօրվա պես հիշում է, թե ինչպես էր շոյում հոր վիրավոր ձեռքը՝ ցանկանալով փարատել, ցավը հոր վիրավոր ձեռքից վանել։

Անուշը շնորհակալություն հայտնեց համագյուղացիներին և հարազատներին, ովքեր ծանր ու օրհասական օրերին մշտապես իրենց ընտանիքի կողքին են եղել, և մեծապես օգնել արժանապատվորեն դիմակայելու ծանր վշտին։

Այժմ Անտոնյաննների գերդաստանում փոքրիկ Յուրա Անտոնյան է հասակ առնում, շրջապատված սիրելիների ջերմությամբ ու հոգատարությամբ։ Հայրական գուրգուրանքներից չկշտացած Խաչիկը որդուն կնքելով հոր անունով՝ ոչինչ չի խնայում զավակին հերոս պապիկին արժանի թոռ մեծացնելու համար։

Յուրայի քույր Անահիտը եղբոր ծանր կորստյան վշտի հետ ոչ մի կերպ չի համակերպվում, մտածելով՝ գուցե մոտը լիներ այսօր ողջ լիներ եղբայրը։ Սակայն լավ ճանաչելով Յուրային և քաջատեղյակ լինելով նրա ողջախոհ մտածելակերպին համոզված էր, որ եղբայրն այլ կերպ չէր կարող։ Հայրենիքի վտանգի պահին Նա Հայրենիքինն էր։  Անահիտը հարազատների անունից շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, իսկ զինվորներին մաղթեց խաղաղ, անփորձանք ծառայություն, որպեսզի նրանց սովորած ռազմական հմտությունները օգտագործվեն միմիայն զինավարժությունների ժամանակ։

Անվախ, համարձակ, տաղանդավոր՝ սա Աստղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սլավա Գրիգորյանի նկարագրությունն է օրվա հերոսի մասին։ Ս. Գրիգորյանը ներկայացրեց դպրոցի ՆԶՊ կաբինետը Յուրա Անտոնյանի անունով անվանակոչելու որոշումը։ Ինչպես նշեց տնօրենը, մեր հերոս տղաների համար ինչ էլ անենք, էլի քիչ է, սակայն դա ապրողներիս շատ է հարկավոր, քանզի Յուրայի նման հերոսների սխրագործություններով այսօր սերունդներ են դաստիարակվում։ Ս. Գրիգորյանը ներկայացրեց դժվարին 90-ականները, արցախյան շարժման ծանր ու դժվարին տարիները և աստղաշենցիների միահամուռ և միակամ կատարած սխրագործությունները, պատմեց Աստղաշենի ջոկատի անցած փառավոր մարտական ուղու մասին։

-Յուրան այնտեղ էր, որտեղ պահն օրհասական էր և քաջակորով ռազմիկի շունչ էր հարկավոր։ Սակայն ինչպես ասում են՝ պատերազմն իր չգրված օրենքներն ունի։ 1994 թվականի ապրիլի 18-ն ու 28-ը սևով են գրված Աստղաշենի տարեգրության մեջ։ Այդ օրերին երկուական ազգի նվիրյալների աստղաշենցիները հրաժեշտ տվեցին։ Ու այնպիսի՜ համախմբվածություն էր առկա հասարակության մեջ, որոնց համակել էր համընդհանուր վիշտը։ Գյուղը այո, սգում էր, սակայն լաց ու կոծ չկար, քանզի յուրաքանչյուր ոք զգում էր, որ ապրում ենք պատերազմական իրավիճակում, իսկ պատերազմի ժամանակ զոհերն անխուսափելի են,-ասաց Ս. Գրիգորյանը։

Յուրայի մարտական ընկեր Գագիկ Գրիգորյանը օրերով կարող է խոսել Յուրայի սխրագործություններից, նրա մարդկային արժանիքներից։ Նա բոլորի վիշտն ու ցավը կիսող, հասկացող, հուսադրող և գոտեպնդող անձնավորություն էր։ Նույնիսկ ամենադժվար թվացող պահերին Յուրան կարողանում էր հեշտությամբ ելքը գտնել։ Անցնելով բազմաթիվ վտանգների միջով Յուրան իր մահկանացուն կնքեց 1994 թվականի ապրիլի 28-ին Կարագյավ-Ղարբանդ տեղանքում՝ թշնամու արձակած արկի բեկորից։ Իսկ մի քանի օր հետո պիտի Արցախ աշխարհում խաղաղություն հաստատվի և հրադադարի համաձայնագիր ստորագրվի։

- Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցներն ասում էին մեզ. դուք մեր կրած տանջնաքներն ու տեսած օրերը չտեսնեք, սակայն մենք տեսանք վատթարագույնը, քանզի պատերազմը բոլորիս տուն էր մտել։ Այժմ ձեզ եմ ասում, սիրելի զինվորներ ու երիտասարդներ, տա Աստված դուք երբեք չտեսնեք այն, ինչ տեսանք մենք։ Ապրեք խաղաղ երկնքի տակ՝ ձեր հոգիներում մշտավառ պահելով մեր անմահ քաջերի հերոսական նկարագիրը, -ասաց Գ. Գրիգորյանը։

Ելույթներն ընդհատվում էին ՊՆ §Ասպետ¦ խմբի մենակատարների հայրենասիրական երգերի ազդեցիկ և ոգևորիչ կատարումներով և դպրոցի աշակերտների գեղեցիկ արտասանություններով։

Աստղաշենի արվեստի դպրոցի սաների §Ռազմակոչ¦ պարը հույս և հավատ հաղորդեց ներկաներին, որ մատաղ սերունդը պատրաստ է պատվով ու փառքով հանձն առնել Արցախ աշխարհի պաշտպանության և պահպանության սրբազան գործը։

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանի խոսքն ուղղված Յուրա Անտոնյանի հարազատներին և ներկաներին փոխանցեց կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։ Նա երախտագիտություն հայտնեց հերոսածին մորը՝ Հայրենիքի սիրով տոգորված զավակ դաստիրակելու համար։  Աստղաշենը թերևս միշտ էլ աչքի է ընկել իր աննախադեպ համախմբվածությամբ, ինչն էլ եղել է նրա հաղթանակների գրավականը։ Եվ այսօր մենք ձեզ հետ ենք մեկ անգամ ևս փաստելու, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Ու դեռ միասին ճանապարհ ունենք գնալու՝  դեպի Արցախ աշխարհի հզորացում, բարգավաճում և ճանաչում։

Հուխ-ցերեկույթն ավարտվեց §Ազատ, անկախ Արցախ¦ երգի §Ասպետ¦ համույթի տղաների խրոխտ կատարմամբ։ Միջոցառման ողջ խորհուրդն ու ասելիքն ամփոփված էր երգի բառերի մեջ. Հանուն այդ վեհ գաղափարների էլ մարտի են ելել Հայրենիքի սերն ու կարոտը սրտերում հազարավոր քաջորդիներ, որպեսզի այսօր հպարտորեն ծածանվի ազատ ու անկախ Արցախի եռագույնը։ Եվ երբեևէ չպիտի մոռանանք, որ ազատ ու անկախ երկրում ապրելու մեր իրավունքը վաստակել ենք մեր քաջազունների շնորհիվ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter