ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ |
15.11.2018 16:11 |
Նոյեմբերի 17-ին ողջ աշխարհը նշում է ուսանողների միջազգային տոն օրը, սակայն ոչ բոլորը գիտեն, թե որտեղից և ինչպես է սկիզբ առել ուսանողների համերաշխության օրը: 1938-39 թվականներին Հիտլերն անարգել աննեքսիայի ենթարկեց Չեխոսլովակիայի որոշ տարածքներ, այնուհետև ամբողջ երկիրը: Ի տարբերություն Լեհաստանի՝ այդ երկրի օկուպացիան տեղի ունեցավ առանց գեթ մեկ կրակոցի: Հետագայում, սակայն, չեխերը լրջագույն ընդվզումներ կազմակերպեցին ընդդեմ նացիստական օկուպանտների: Մասնավորապես հիշարժան են 1939թվականի աշնանը տեղի ունեցած դեպքերը: Գլխավոր ցույցն սկսվում է Վացլավյան հրապարակում՝ հոկտեմբերի 28-ի վաղ առավոտից: Քաղաքը լի էր Չեխոսլովակիայի դրոշներով, մասնակիցները տարածում էին հականացիստական լոզունգներ, երգում պետական օրհներգն ու ազգային-հայրենասիրական երգեր: Այդ օրը երկրի անկախության տոնն էր: Ցույցն անակնկալի է բերում Հիտլերին, քանի որ վերջինս չէր սպասում, որ Լեհաստանի դեմ տարած հաղթանակից հետո չեխերի բողոքի ակցիաները նման մասշտաբների կհասնեն: Զայրացած Ֆյուրերն անձամբ զանգահարում է Պրահա և հրամայում ցրել ցույցը: Ֆաշիստների կողմից ցույցը դաժանաբար ճնշվում է, որի ժամանակ սպանվում է ուսանող Յան Օպլետալը: Նրա թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը նորից վեր է ածվում մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ուսանողներ են ձերբակալվում: Նոյեմբերի 17-ի առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակում են ուսանողական հանրակացարանները և ձերբակալում ավելի քան 1200 ուսանողների: Գնդակահարվում են ուսանողական շարժման 9 ակտիվիստներ: Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը: 1941 թվականին Լոնդոնում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների հանդիպում է տեղի ունենում, ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների որոշվում է նոյեմբերի 17-ը նշել որպես ուսանողի օր: 1946 թվականին նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող ուսանողների համաշխարհային կոնգրեսն այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր: Ուսանողների միջազգային համերաշխության տոն օրը նշվում է նաև Հայաստանում և Արցախում: Այդ օրվա խորհուրդն ուսանողներին հետաքրքիր անակնկալներով և ուրախությամբ լեցուն օր պարգևելն ու նրանց արժևորելն է, քանզի կիրթ և գրագետ մեր երիտասարդներն ընդունակ են ոչ միայն դիմակայել մարդկության առջև դրված մարտահրավերներին, այլև օժտված են ավագ սերնդի կողմից ստեղծած ձեռքբերումներն ավելի բարձր մակարդակի հասցնելու հակումով: Նոյեմբերի 15-ին Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի կողմից Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում կազմակերպվեց համերգ՝ նվիրված ուսանողների տոն օրվան: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Վահագն Առստամյանը, բաժինների վարիչներ, ասկերանցիներ և ուսանողներ: Կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը ողջույնի իր խոսքն սկսեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի կարևոր մի պատգամով, որը նա թողել է ամեն մի մտածող հայի համար, ով ուզում է իր երկիրը հզոր ու անսասան տեսնել: Մեծն Սպարապետն ասել է. §Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին և ցաք ու ցրիվ լինում¦… Ռոմելա Գրիգորյանը շնորհավորելով բոլոր ուսանողներին տոնի առթիվ՝ միաժամանակ հորդորեց պահել ու պահպանել մեր ազգային մշակույթը, որը, որպես անգնահատելի գանձ, մեզ է փոխանցվել սերնդեսերունդ: §Բերդ¦ համույթի անզուգական կատարումները հիանալի տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Մենակատարներ Հերմինե Խաչատրյանի, Ռադիկ Մանասյանի և Արայիկ Հասրաթյանի ժողովրդական երգերը բխում էին հոգու խորքից և աննկարագրելի զգացմունքներ պարգևում երաժշտությունը սիրող ու գնահատող հանդիսատեսին, իսկ դուդուկահար Աշոտ Մուսայելյանի §Զեփյուռի նման¦ երաժշտական կատարումը մի առանձնահատուկ քնքշությամբ ու մաքրությամբ պարուրեց ներկաներին՝ յուրաքանչյուրի սրտում արթնացնելով երանելի ու անմոռանալի հույզեր: Անշուշտ, մեզանից յուրաքանչյուրը մեծ բավականություն ստացավ օրվա միջոցառումից, §Բերդ¦ համույթի երաժիշտներին հաջողվեց հանդիսատեսին փոքր ինչ կտրել առօրյա հոգսերից ու մտքերից՝ տանելով դեպի երաժշտության անաղարտ աշխարհը: Մաղթենք Արցախ աշխարհին կայուն խաղաղություն, թող երիտասարդ սերունդը գնահատի դարերի ընթացքում իր նախնիների ստեղծածը՝ պահպանելով հայի արժանապատվությունն ու կեցվածքը: Մեր ուսանողներին, ովքեր բոլոր ժամանակներում համարվել են առաջընթացի, տնտեսական և գիտատեխնիկական զարգացման, կրթական և գիտական ներուժի հզորացման գրավական, ցանկանանք ամուր կամք, ուսման մեջ մեծ հաջողություններ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|