ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ |
21.11.2018 10:10 |
Ինչպիսի հարգանքի արժանացնես քո ծնողներին, նույնպիսի հարգանքի կարժանանաս քո որդիներից ծերության ժամանակ: Սոկրատ Ասկերանի շրջանի Ջրաղացների համայնքում շարունակվում են բարի ավանդույթները: Արդեն երկրորդ տարին է, ինչ նոյեմբերի 13-ին գյուղում նշվում է տատիկների ու պապիկների օրը: Օր, երբ բոլորը ցանկանում են շնորհակալություն հայտնել մեր մեծերին նրանց տված սիրո, ջերմության ու դաստիարակության համար: Ուշագրավ է, որ ջրաղացներցիների համար բարությամբ լեցուն այս տոնը համընկել է բարության համաշխարհային տոն օրվա հետ: Այդ գեղեցիկ օրը գյուղում միայն բարությունն էր թագավորում, խանդավառությամբ լցված տատիկներն ու պապիկները շոյված էին երիտասարդների բարյացակամ և ջերմ վերաբերմունքից: Մեծ, թե փոքր իրենց երջանիկ էին զգում: Տարեցներից ոչ պակաս ուրախ էին նաև երիտասարդ ջրաղացներցիները, չէ որ ինչքան բարի գործ ես կատարում, այնքան ավելի լավատես, ուրախ ես դառնում, և կյանքը դառնում է առավել ներդաշնակ: Դպրոցի ակումբում սիրո, քնքշանքի, երախտագիտության զգացմունքներ էին թևածում: Տատիկներն ու պապիկները՝ որպես օրվա պատվավոր հերոսներ, համակվել էին անբացատրելի հույզերով: Հավանաբար նրանք սրտատրոփ սպասում էին այս պահին և այսօր իրենց երջանիկ և մխիթարված էին զգում: Սրտառուչ այս միջոցառումը, որը գնահատման և խոնարհումի առանձնահատուկ տուրք էր, կազմակերպվել էր համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովի և դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանի համատեղ փոխհամագործակցության շնորհիվ: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նունե Ավանեսյանը. -Այսօր հիշարժան օր է բոլորիս համար: Մեր տատիկներին ու պապիկներին մեծարելու և նրանց աշխատանքը գնահատելու բարի ավանդույթը մեզ՝ երիտասարդ սերնդիս մեծ ոգևորությամբ և ուրախությամբ է պարուրում: Մենք սիրով ենք հիշում նրանց կատարած գործերը և պահպանում այն ավանդույթները, որ նրանք մեզ են ավանդել: Այսօր այն պահն է, երբ մեր մեծերին ենք ուղղում այն մեծ սերը, ջերմությունն ու երախտագիտությունը, որը տածում ենք նրանց հանդեպ: Սիրելի՛ տատիկներ ու պապիկներ, մենք երախտապարտ ենք Ձեզ, այն ինչ ժառանգել ենք ձեզանից, պատվով կպահպանենք, կլինենք ձեր արժանի հերթափոխը: Ձեզ մաղթում ենք արցախյան երկարակեցություն, ուրախ օրեր և ապահով ծերություն: Դպրոցականներն իրենց ասմունքով, երգ ու պարով հիանալի տրամադրություն սփռեցին դահլիճում: Փոքրիկ դհոլահարների ելույթներն իրենց խրոխտ կատարումներով մեծ վստահություն հաղորդեցին ներկաներին: Նրանք համոզվեցին, որ այս սերունդը ուժեղ, արիասիրտ է լինելու, իսկ երեխաների աչքերում այնքա՜ն հավատ ու գնահատում կար…Երեխաները հանդես եկան մի հետաքրքիր ու զավեշտալի բեմականացմամբ, որն արցախյան ընտանիքի մի փոքրիկ դրվագ էր ներկայացնում: Աշխույժ և ջերմ մթնոլորտը տատիկներին ու պապիկներին մանկացրել ու աներևակայելի ապրումներ էր հաղորդել: Գյուղի տարեցների շուրթերն աղոթք էին մրմնջում և օրհնում միջոցառման կազմակերպիչներին: Անթաքույց հուզմունք էր պատել տատիկ Էֆերինա Բալայանին, ով երկար տարիներ դպրոցում ուսուցչուհի էր աշխատում: Նրա ձեռքով կրթվել ու դաստիարակվել են բազում սերունդներ, ովքեր այսօր իրենց տեղն են գտել կյանքում ու հասել հաջողությունների: <<Մեզ՝ տարեցներիս համար նոյեմբերի 13-ը նշանակալից օր է դարձել: Անչափ ուրախ և երախտապարտ ենք մեզ հիշելու, գնահատելու համար, քանզի այսպիսով վերստին մեզ օգտակար ենք զգում և գիտակցում, որ դեռևս շատ անելիքներ ունենք: Բառեր չեմ գտնում արտահայտելու այն զգացմունքները, որ պարուրել են մեզ ու ջերմացրել մեր սրտերը: Բոլորիս անունից երախտագիտություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին, հատկապես, մեր աշակերտներին՝ իրենց ելույթներով մեզ ուրախ և հաճելի պահեր պարգևելու համար >>: Համայնքի տարեցները չէին կարողանում զսպել իրենց ապրումները, շատերը խոսեցին, արտահայտեցին իրենց մտքերը: Նրանք հորոդորեցին երիտասարդներին սիրել հայրնեի գյուղը, կառչել հարազատ հողից, չէ որ Հայրենիքից դուրս երջանկություն չկա, և յուրաքանչյուր ոք պետք է արմատներ գցի մայր հողում: Խանդաղատանքով և երախտագիտությամբ էր լեցուն համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովի սրտի խոսքը. -Մեծերի հանդեպ մեծարանքն ու յուրահատուկ սերը գալիս է տարիների խորքից, քանզի հայերս լավ գիտենք ընտանիքի դերը, մեծին հարգելն ու պատվելը: Մեզ համար միշտ էլ վճռորոշ է մեծի խոսքը, աշխատում ենք լսել նրա տված խորհուրդները, խրատները: Ինչպես ասում են՝ մեծին լսողի ոտքը երբեք քարին չի դիպչի: Այսօր մեծարելով մեր տատիկներին ու պապիկներին՝ մենք ինքներս ենք բարձրանում մեր աչքում և օրինակ հանդիսանում մատաղ սերնդի համար: Համայնքի ղեկավարը պատվոգրերով պարգևատրեց գյուղի տարեցներին և մաղթեց նրանց առողջություն և հարազատների ջերմությամբ շրջապատված ապահով ծերություն: Միջոցառման վերջում դպրոցի ծնողական կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվեց հյուրասիրություն տարեցների համար, որի ժամանակ տատիկներն ու պապիկներն անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում տարվեցին քաղցր և անմոռանալի հուշերով , հիշեցին անցյալը: Ախր այնքա՜ն ջահել էին, այնքա՜ն շատ էին ուզում աշխատել՝ ասես բարի մի մրցակցություն էր տիրում իրար միջև…Մեծ ոգևորություն կար այն տարիներին, ապրում էին երեխաների համար, իսկ հիմա՝ թոռ ու ծոռներին պետք է օգնեն, ոտքի կանգնեցնեն: Ասել է, թե՝ պետք է ապրեն, դեռ շատ անելիքներ ունեն … Հիրավի, Ջրաղացների համայնքում տեղի ունեցող միջոցառումները իմաստալից են և արժանի ընդօրինակման: Այս համայնքում, որտեղ մարդիկ աշխատասեր են, ազնիվ ու բարի, տիրում է համերաշխություն, թագավորում է սերը, ջերմությունը… Թող միշտ գյուղի երկնակամարը կապույտ լինի, իսկ մեր տարեցները նստեն գյուղամիջում և հիանան մանուկների անմեղ կարկաչով… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |