ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՋՐԱՂԱՑՆԵՐՈՒՄ
21.11.2018 10:42

 Աշխարհ գալու գեղեցիկ սկիզբը, որն ազդարարվում է մանկան ճիչով, իր մեջ մեծ խորհուրդներ է պարունակում: Այդպիսի մի մեծագույն խորհուրդ է իր մեջ պարունակում մեր հոգևոր ծնունդը, որը կոչվում է մկրտություն: Այն մի մեծ իրադարձություն է մարդու կյանքում, որի միջոցով մկրտվողը դառնում է Հիսուս Քրիստոսի հետևորդը: Մկրտության օրինակը տվել է հենց ինքը՝ Քրիստոսը: Նրա մկրտությունը մի բարձրաղողանջ հրահանգ է, որը մեզ պարտավորեցնում է սրբորեն մոտենալ այդ վեհ

խորհրդին:

Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական (սկզբնական) մեղքից. այն մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով, և որին ժառանգորդ դարձավ ամբողջ մարդկությունը: Աստծո պատվիրանի նկատմամբ անհնազանդությունը պատճառ դարձավ, որպեսզի Ադամը զրկվի դրախտային կյանքից՝ իր շնորհական վիճակից, դառնա մահկանացու և ապրի Դրախտից դուրս: Այդ անհնազանդությունը պատնեշ առաջացրեց մարդու և Աստծո, ինչպես նաև՝ հոգու և մարմնի միջև, որով և մարդու բնությունը շնորհազրկվեց:

Մարդուն այս անկյալ վիճակից բարձրացնելու համար Աստված Ինքը ձեռք մեկնեց Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոսն իր քարոզությամբ, քավչական մահով, հարությամբ և մկրտության սուրբ խորհրդի միջոցով մարդուն ազատեց ադամական մեղքից:

Հետևաբար, ոչ միայն անհրաժեշտ է մկրտվել, այլև կարևոր է հասկանալ, թե ինչ է  նշանակում մկրտություն:

Մկրտությամբ մարդը դառնում է Աստծու որդեգիր և Քրիստոսի Եկեղեցու անդամ: Մաքրվելով սկզբնական մեղքից և ծնվելով հոգևոր ծնունդով՝ նա դառնում է երկնքի արքայության ժառանգորդ՝ վերստին ստանալով աստվածային այն պատկերը, որ ուներ դրախտում մինչ մեղսագործությունը: Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում նորը: Այդ պատճառով էլ մկրտված մարդը պետք է հեռանա իր կյանքի նախկին անհավատ ընթացքից և քայլի աստվածային արդարության ու ճշմարտության ճանապարհով:

Նոյեմբեր ամսում Ասկերանի շրջանի Ջրաղացների համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ մկրտության արարողություն: Նախաձեռնությունը Ջրաղացների Աշոտ Մելիք Շահնազարյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանինն էր, ով երկու տարի առաջ մկրտվելով՝  փափագել է իր աշակերտներին ևս մկրտված տեսնել:

Մկրտության արարողությունը Ջրաղացներում անցավ երկու փուլով՝ նոյեմբերի 3-ին և 10-ին: Առաջինը ցանկություն հայտնեց մկրտվել համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը, և նրա անձնական օրինակին հետևեցին 46 համագյուղացիներ, որոնց մեջ կային տարբեր տարիքի մարդիկ:

Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ տեր Մեսրոպ քահանա Խունոյանը Մկրտության խորհուրդը կատարեց Սուրբ Երրորդության անունով, և այդ պահին անջնջելի փոփոխություններ տեղի ունեցան մկրտվողների կյանքում՝ նրանք ազատվեցին ադամական մեղքից:

Դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը ողջունելով մկրտության կարևոր արարողությունը՝ ուրախությամբ նշեց, որ տարիներ հետո նորից վերածնվեց գյուղի եկեղեցին. <<Հույս ունենք, որ վերջապես մեր եկեղեցին կծառայի իր նպատակին և Աստծո օգնությամբ կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կօգնեն վերանորոգելու այն: Այս պահին եկեղեցում ստեղծված են պայմաններ, որպեսզի եկեղեցի այցելող մեր հավատացյալ ժողովուրդը կարողանա մոմ վառել և իր խոսքն ուղղել առ Աստված>>…

Հիրավի, Ջրաղացների համայնքի կյանքում տեղի ունեցավ մեծ իրադարձություն: Մկրտություն ստացած ջրաղացներցիները լցվեցին մեծ հավատով, հույսով և նրանք գիտակցելով մկրտության վեհ խորհուրդը՝ կաշխատեն սրբությամբ պահել նրա սուրբ պարգևները:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter