ԹՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ ՍԱՎԱՌՆԵՆ ՁԵՐ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ… |
14.11.2018 10:55 |
Միթե աշխարհում կա ավելի ուրախ ու երջանիկ մոլորակ, քան մանուկների մոլորակն է: Այդ մոլորակում, որտեղ միայն անմեղությունն ու մաքրությունն է տիրում, ամեն ինչ կախարդական ու հեքիաթային է: Այստեղ արևն այնքա՜ն պայծառ է ժպտում, թռչուններն այնքա՜ն ուրախ են դայլայլում, իսկ մանուկներն ասես բարի հեքիաթի հերոսներ լինեին՝ զմայլված իրենց հրաշագեղ կերպարներով: Հենց այդպիսի մաքրամաքուր մի մոլորակ էր հիշեցնում ԱՀԱԸ Ասկերանի մանկապարտեզը, որտեղ նոյեմբերի 13-ին կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում: Մանկապարտեզի միջին խմբի սաները նշում էին ոսկեծամիկ աշնան տոնը: Ակումբը վեր էր ածվել աշնանային հիասքանչ այգու, որտեղ իրար միահյուսվել էին ոսկեգույնն ու կարմիրը, կանաչն ու դեղինը: Բուրումնավետ մրգերի կախարդական բուրմունքը տարածվել էր դահլիճում, իսկ ոսկեդեղին փուչիկները և երփներանգ ծաղիկների բույրերն ավելի էին շեշտում աշնան հմայքը: Հրաշալի այս դրախտավայրում հանկարծ հայտնվեցին 38 հրեշտակներ՝ իրենց զուլալ և ուրախությունից փայլող աչքերն ուղղելով ներկաներին: Երեխաներն աշնանային մրգերի ու բանջարեղենի կերպարներ էին ընդունել, զավեշտական հեքիաթի վերածված դահլիճը ծփում էր ուրախությունից: Տարվա այս հրաշագեղ եղանակը փոքրիկները ներկայացնում էին մեծ սիրով ու ջերմությամբ: Դաստիարակ Թամար Ղազարյանը, ուսումնական մասի օգնական Նարինե Գրիգորյանը, երաժիշտ Էլինա Հայրիյանը և դաստիարակի օգնական Մարո Իսրայելյանը ջանք ու եռանդ չէին խնայել, որպեսզի երեխաների աշնան հանդեսը լիներ գեղեցիկ ու պատշաճ մակարդակի: Փոքրիկներն արտասանեցին, երգեցին և մեծարեցին տարվա այս յուրահատուկ եղանակն ու նրա տված բարիքները: Նրանցից բխող անմեղությունն ու պարզությունը փոխանցվել էր մեծերին, ովքեր ասես մանուկներ էին դարձել և անկեղծ ուրախանում էին փոքրերի հետ: Երեխաների <<Պապն ու շաղգամը>> փոքրիկ բեմականացումը մի առանձնահատուկ ոգևորություն բարձրացրեց դահլիճում, այնքա՜ն զավեշտալի, այնքա՜ն անաղարտ էին երեխաները, իսկ մկան դեր ստանձած փոքրիկ Դիանան, ով ամենակրտսերն էր խմբում, յուրահատուկ գորովանք առաջացրեց ներկաներիս մոտ: Հիանալի հանդեսն ավարտվեց գեղեցիկ անակնկալով: Փոքրիկ Պավելի ծննդյան օրվա կապակցությամբ մուլտհերոս Վինի Թուխն էր եկել երեխաներին ուրախացնելու և հաճելի պահեր պարգևելու համար: ԱՀԱԸ Ասկերանի գրասենյակի տնօրեն Անահիտ Դանիելյանը շնորհավորելով փոքրիկներին օրվա գեղեցիկ միջոցառման առթիվ՝ մաղթեց անամպ և խաղաղ երկինք, անհոգ և ուրախ մանկություն, արցախյան առատ բերք ու բարիք: Նա կարևորեց նաև այն փոխհամագործակցությունը, որ կա ծնողների ու մանկապարտեզի աշխատախմբի միջև, ինչի շնորհիվ կազմակերպվում են նմանօրինակ միջոցառումներ: Իրավմամբ, վառ տպավորություններ ստացանք փոքրիկների աշնանային հանդեսից: Մանուկներից բխող ուրախությունը փոխանցվել էր յուրաքանչյուրիս և պատել անթաքույց հավատով. այս երեխաներն են մեր երկրի փայլուն ապագան, մեր հույսն ու ապավենը: Թող խաղաղության աղավնիները սավառնեն նրանց գլխավերևում, թող միայն հաջողություններն ուղեկցեն մեր մանուկներին… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |