ԱՇՆԱՆ ՓԱՌԱԲԱՆՄԱՆ ՏՈՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՄՊՍ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ |
21.11.2018 10:59 |
Նոյեմբերի 20-ին տոնական տրամադրություն, ջերմ ու ուրախ մթնոլորտն էր գերիշխում Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։ Կենտրոնում նշվում էր, թերևս, բոլորիս կողմից սիրված տարվա եղանակներից մեկը՝ բարեբեր և բերքառատ աշունը։ Տոնական միջոցառմանը ներկա էին վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանը, աշխատակազմի ղեկավար Վահագն Առուստամյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը , հյուրեր, ծնողներ։ Միջոցառման մեկնարկը տրվեց նկարչության մրցույթով, որի թեման կրկին աշունն էր։ Մրցույթին մասնակցում էին Ասկերանի և Խնածախի մասնաճյուղի նկարչության խմբակների սաները։ Խանդավառված երեխաները ներկապնակի ողջ գույները պատկերել էին թղթի վրա ու թախծալից աշունը ոսկեդեղին գույներով արտացոլում էր երեխաները վառ երևակայությունն ու գեղագիտական ճաշակը։ Մինչ խանդավառված երեխաները պատկերում էին աշնան տեսարաններ՝ դահլիճում աշնան փառաբանման տոնն էր սկսվել։ Երգի-պարի, ասմունքի, թատերական խմբի երեխաները իսկական տոն պարգևեցին ներկաներին։ Սաները զարդարված աշնանային գունագեղ ու պերճաշուք հանդերձանքով հանդիսականներին էին ներկայացնում աշնան մելամաղձոտ, սակայն մեղմօրոր շունչը, նրա պարգևած բերքն ու բարիքը։ Երեխաներն արտասանեցին մեր հայրենի հողում աճող մրգերին ու բանջարեղեններին ձոնված բանաստեղծություններ՝ հորդորելով հաճախակի օգտագործել դրանք, քանզի բոլորն էլ հարուստ են վիտամիններով և կարևոր տեղ պետք է ունենան մեր սննդակարգում։ Դրանք անփոխարինելին են և շինանյութ՝ մեր օրգանիզմի համար։ Պարի խմբակի սաների պարային գեղեցիկ և բազմաոճ կատարումները հիացմունք պատճառեցին ներկաներին։ Թատերական խմբի երեխաները ներկայացրեցին հացի կարևորությունը, նրա արարման հետ կապված դժվարությունները, որոնք որպես հայրենասիրության արտահայտություն էին ներկայացնում։ Քանզի չկա ավելի գովաբանելի բան, քան սեփական ժողովրդին քրտնաջան աշխատանքով սրբազան հացով ապահովելը։ Երեխաները փառաբանեցին նաև հողի աշխատավորին, բերք ու բարիք ստեղծողին և մեր Հայրենիքն անսասան պահպանողներին։ Ամփոփելով միջոցառումը տնօրեն Մերի Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց հանդիսականին՝ իրենց հետ օրվա ուրախ տրամադրությունը կիսելու համար։ Մանուկներին մաղթեց անհոգ և ուրախ մանկություն, որպեսզի մեծանան խաղաղ երկնքի տակ։ Կենտրոնի յուրաքանչյուր աշխատող էլ պարտքի վեհ զգացումով է կատարում իր աշխատանքը, ուրախանում, ոգևորվում ամեն մի սանի ձեռքբերումներով և աշխատում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կենտրոն հաճախող յուրաքանչյուր երեխա իրեն սիրված և արժևորված զգա, կարողանա ինքնաարտահայտվել և իր կարողությունները բազմապատկել։ Նկարչության մրցույթի բոլոր սաներն արժանացան տնօրինության կողմից խրախուսական գովասանագրերի, իսկ դպրոցի շրջանավարտ, ուլունքագործության խմբակի սան Մարգարիտա Սարգսյանը ստացավ թերևս իր կյանքի առաջին վկայականը։ Ինչպես նշեց Մ. Գաբրիելյանը, Մարգարիտան կենտրոնի շնորհալի երեխաներից մեկն է, ում հաջողվել է նաև անհատական ցուցահանդես ունենալ։ Կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը շնորհակալություն հայտնելով պարգևած անկրկնելի պահերի համար, նշեց, որ բոլորիս ջանքերն ուղղված պետք է լինեն մեր երեխաներին միշտ ուրախալի պահեր և տոն պարգևելու համար։Հավատացած ենք, որ մեր երեխաները անհոգ մանկություն են ունենալու՝ խաղաղ երկնքի և պայծառ արևի տակ ծառերն ու ծաղիկներն կընդունեն այն գույները, որոնք երեխաները պատկերել են իրենց նկարներում։ Իսկ կենտրոնի կոլեկտիվին մաղթելով ամենալավն ու բարին՝ հույս հայտնեց, որ նրանք այսուհետ ևս կշարունակեն ավելի եռանդով աշխատել մանուկների հետ՝ խինդ ու ծիծաղ պարգևելով նրանց։ Վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանը կարևորելով կենտրոնի աշխատողների կատարած նվիրված աշխատանքը՝ երեխաների արտաժամյա պարապմունքները բազմաբովանդակ և նպատակաուղղված կազմակերպելու համար՝ խոստացավ հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել։ ՄՊՍ կենտրոնի աշնան փառաբանության և գովաբանության տոնը համընկել էր ամենագեղեցիկ տոներից մեկի՝ Երեխաների համաշխարհային օրվա հետ։ Գաղտնիք չէ, որ Մոլորակի ամենաքնքուշ ու ամենասիրելի էակները մեր երեխաներն են։ Եվ իրավմամբ գեղեցիկ են այն շուրթերը, որ հաճախ բարի բառեր են ասում: Գեղեցիկ են այն աչքերը, որոնք փորձում են մարդկանց մեջ միայն լավը տեսնել, բարեկազմ կառուցվածքով է նա, ով իր կերակուրը կիսում է սովահարի հետ: Եվ այն մազերն են մետաքսե, որոնց ամեն օր փոքրիկ բալիկ է շոյում... Կենտրոնի տնօրինության և խմբակավարների համակարգված աշխատանքն էլ հենց ուղղված է երեխաներին խինդ ու ծիծաղ պարգևելու, նրանց մոտ նախասիրությունների բացահայտնմանն ու տաղանդի զարգացմանը։ Եվ դատելով մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպվող միջոցառումներից համոզված կարող ենք ասել, որ դա նրանց հաջողվում է։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |