ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ
30.11.2018 09:55

Նոյեմբերի 30-ը ԼՂՀ կառավարության որոշմամբ նշվում է որպես Ոստիկանության օր։ Արցախյան տոնացույցի հերթական տոնն է Ոստիկանության օրը, որը լրացնելու է գալիս Արցախյան շարժման 30-ամյա հոբելյանին, Մեծ հաղթանակի, Անկախության տոներին ու դրանց խորհուրդը։

Ոստիկանության մասնագիտական տոնին ընդառաջ նոյեմբերի 29-ին Ասկերանի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ

կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում։ Տոնական Միջոցառմանը ներկա էին Ոստիկանության Ասկերանի շրջբաժնի պետ Արթուր Բաղունցի գլխավորությամբ բաժնի աշխատողներ, շրջանի ուժային կառույցների ղեկավարներ, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, ուսուցիչներ, դպրոցականներ։

Մինչ միջոցառման տոնական մասին անցնելը ներկաները Արցախի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո հոտնկայս հարգեցին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակը։

Ողջունելով հանդիսականներին միջոցառման հաղորդավարներ Սյուզաննան ու Նարեկը նշեցին, որ տարագիր հայերի երազանքն էր հայոց մայրաքաղաքում հայ ոստիկան տեսնելը։ Եվ այսօր ուրախությամբ և հպարտության վեհ զգացումով հավաքվել են հիշելու, մեծարելու Ոստիկանության համակարգում ծառայած ու ծառայող այն մարդկանց, որոնց անունն ու գործը ուղենիշ են դարձել բազմաթիվ երիտասարդների համար, ովքեր փառքով ու պատվով շարունակում են իրենց նպաստը բերել հարազատ բնօրրանին ու ժողովրդին։

Հիրավի, մեծ ու անգնահատելի էր միլիցիայի աշխատողների դերն ու նշանակությունն արցախյան ազատամարտի տարիներին։  Արցախյան ազգային - ազատագրական պայքարի բուռն վերելքի տարիներին ներքին գործերի համակարգն իրեն դրսևորեց որպես ազգային, համաժողովրդական խնդիրներով մտահոգված և ժողովրդի պաշտպանությանը նվիրված իրավապահ կառույց։ Ներքին գործերի բազմաթիվ աշխատակիցներ իրենց մասնագիտությանը զուգահեռ, զինվորագրվեցին Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ իրենց հերոսական ջանքերով, երբեմն նաև կյանքի գնով կռելով մեր սուրբ հաղթանակը:

2001թ. նոյեմբերի 30-ին ԼՂՀ ԱԺ կողմից ընդունվեցին ՙՈստիկանության մասին՚ և ՙՈստիկանության ծառայության մասին՚ ԼՂՀ օրենքները, համաձայն որոնց ԼՂՀ ներքին գործերի նախարարությունը վերակազմավորվեց Ոստիկանության, իսկ միլիցիայի աշխատակիցը դարձավ Ոստիկանության ծառայող։ Այսօր էլ հավատարիմ մնալով նախնյաց պատգամին Ոստիկանությունն իր բնականոն գործունեությունը շարունակում է Ամեն ինչ հանուն քաղաքացու անվտանգության կարգախոս-ուղենիշով։

Բոլորովին գաղտնիք չէ, որ ոստիկանության աշխատանքը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում և յուրաքանչյուր երկրում ոստիկանությունը պետության եւ հասարակության առանցքային կառույցներից է հանդիսանում, որի կատարած գործն առանձնահատուկ ու կարեւոր է. պահպանել օրինականություն, պայքարել հանցավորության դեմ, պաշտպանել քաղաքացիների իրավունքները։

Եվ դժվար ու փառավոր ուղի անցած, բազմաթիվ փորձություններում թրծված Ոստիկանության Ասկերանի շրջբաժնի աշխատակիցները շարունակում են պատվով կատարել պետության ու ժողովրդի կողմից առաջադրված խնդիրները՝ հանուն հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման, արատավոր ու մեր ազգային նկարագրին անհարիր երևույթների վերացման։ Անչափ պատասխանատու այս ծառայությունը ցանկացած պահի կարող է վերածվել իսկական փորձաքննության ու խիզախումի։ Եվ մենք հպարտանում ենք բոլոր այդ մարդկանցով, ովքեր համադրել են հանցավորության դեմ պայքարը Հայրենիքի սահմանների պաշտպանությանը՝ անկախության առաջին իսկ օրերից: Սահմանափակ թվաքանակով, տեխնիկական նվազագույն միջոցներով, առանց  արտակարգ պայմաններում աշխատելու փորձառության հայ միլիցիոները իսկական սխրանքներ էր գործում, քանզի ամեն ինչից վեր էր մարդկային ու մասնագիտական պարտքը, անխախտ էր հավատարմությունը՝ մեկ անգամ և ընդմիշտ տրված երդմանը։

Ներկաները հպարտությամբ ու խորը ակնածանքով հիշեցին ներքին գործերի զոհված, գերևարված, հաշմված բոլոր աշխատակիցներին, ովքեր հավետ կմնան բոլորիս հիշողություններում, ովքեր իրենց սխրագործությամբ հավերժացել են հայոց նորօրյա պատմության մեջ։

Միջոցառման մասնակիցներին հաճելի ակնթարթներ պարգևեցին 02 հաղորդաշարի հումորային տարբերակը, աշակերտների պատրաստած տեսանյութը՝ ոստիկանության ծառայողի մասին կրտսեր դպրոցականների պատկերացումներն ու մտածելակերպ, կատակ-բեմականացումը՝ դպրոցականի և մանկական տեսուչի երկխոսության տեսքով, ինչպես նաև ոստիկաններին, զինվորներին ու հայրենիքին նվիրված երգերի գեղեցիկ ու ազդեցիկ կատարումները։ Աշակերտներից յուրաքանչյուրը խորապես գիտակցում էր օրվա խորհուրդը, ոստիկանության աշխատողի ամենաօրյա տքնաջան աշխատանքը, արժևորում նրանց անձնվիրությունը։ Դպրոցի ՄՊ կազմակերպիչ Գայանե Հայրիյանի ջանք ու եռանդի շնորհիվ ներկաներն ականատեսը եղան հրաշալի միջոցառման, որն ավարտվեց Ոստիկան՝ հայոց տան պահապան երգի հուզիչ կատարմամբ։

Ոստիկանության Ասկերանի շրջբաժնի պետ , ոստիկանության փոխգնդապետ Արթուր Բաղունցը շնորհավորելով ոստիկանության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթեց բարի և անփորձանք ծառայություն, ապա նաև շնորհակալություն հայտնեց դպրոցականներին, միջոցառման կազմակերպիչներին և դպրոցի տնօրինության՝ հրաշալի միջոցառում կազմակերպելու համար։

- Այն անշուշտ իր դրական ազդեցությունը կթողնի մատաղ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում, ինչպես նաև ավելի կամրապնդի դպրոց-ոստիկանություն համագործակցությունը։ Իհարկե, մենք էլ կողքից մեզ տեսնելով, և հասարակության, մեր երեխաների ընկալումները մեր աշխատանքի, ինչու չէ նաև մեր աշխատակիցների հանդեպ, կանենք համապատասխան հետևություններ՝ հետագայում մեր ծառայողական պարտականություններն ավելի բարձր հիմքերի վրա դնելու համար,- ասաց Ա. Բաղունցը հավելելով, որ 2019-ին ոստիկանության յուրաքանչյուր ծառայող կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մատաղ սերնդի մոտ ոստիկանության կերպարի սխալ ձևավորված կարծիքը փոխվի, դառնալով բարի, սատարող, պաշտպանող՝ ծառայության մեջ շարունակելով առաջնորդվել պատվի ու պարտքի վեհ զգացումներով, պետության ու ժողովրդի հանդեպ մեծ նվիրումով։

Ա. Բաղունցն ի նշան երախտագիտության դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանին հանձնեց նկար-Սրբապատկեր՝ ցանկանալով, որպեսզի Աստված միշտ պահապան լինի մեր երեխաներին։

Դպրոցի աշակերտներն էլ իրենց ձեռքերով պատրաստած նվերը հանձնեցին ոստիկանապետին։

Շնորհավորելով Ոստիկանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, ցանկանանք նրանց հաջողություններ իրենց բարդ, պատասխանատու միաժամանակ պատվաբեր գործում։  Հավատացած ենք, որ կայացած, ուժեղ իրավական կառույցի յուրաքանչյուր աշխատակից երբեք չի երկնչի ոչ մի դժվարության առջև, և ընդդեմ նոր մարտահրավերների՝ պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ իր պարտքն ու առաքելությունը Արցախի Հանրապետության քաղաքացիների և Հայրենիքի հանդեպ անմնացորդ կատարելու համար։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 






 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter