ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ |
11.12.2018 11:00 |
§Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն¦ հասարակական կազմակերպության տնօրեն Ալբերտ Ոսկանյանի նախաձեռնությամբ տարին մի քանի անգամ մեր հանրապետության տարբեր շրջաններում՝ այդ թվում և Ասկերանում, անցկացվում են տարբեր թեմաներով կլոր սեղաններ, արդիական և հրատապ թեմաների քննարկումներ, կինոդիտումներ։ Ասկերանի թիմի համակարգող Ալլա Արզումանյանի հետ շրջանի ներկայացուցիչներն այս անգամ մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի շարք հանդիպումների ու քննարկումների, որոնք ուղղված էին խաղաղության ամրապնդմանն ու կանանց գենդերային հավասարությանը մեր տարածաշրջանում։ Հանդիպմանը մասնակցում էին Արցախի շրջանի և ՀՀ Սյունիքի մարզի ներկայացուցիչներ։ 16 հոգուց բաղկացած խումբը հագեցած և բովանդակալից հանդիպումներ են անցկացրել ՄԱԿ-Ի Երևանյան գրասենյակում։ Առանձնակի հետաքրքիր էր գենդերային հարցերով էքսպերտներ Լիլիթ Զաքարյանի և Ռուզաննա Տոռոզյանի հետ հանդիպումը։ Իսկ ՄԱԿ-ի գրասենյակում՝ գրասենյակի աշխատակիցներ Արմինե Հալաջյանն ու Նաիրա Սուլթանյանը ներկայացրեցին ՄԱԿ-ի մոտեցումները կանանց հիմնախնդիրներին, խաղաղությանն ու անվտանգությանը։ Այնուհետև տեղի է ունեցել դասախոսություն §Կանայք հանուն խաղաղության և անվտանգության¦ թեմաներով Լուսինե Թորոսյանի և Գյուլնարա Շահինյանի դասախոսությամբ, որից հետո տեղի է ունեցել բանավեճ և փորձի փոխանակում։ Ասկերանի խմբի անդամները հանդիպման մասնակիցների հետ հյուրընկալվել են նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի ՀԿ գրասենյակում, որտեղ տնօրեն Նատալյա Մարտիրոսյանի դասախոսության հետ մեկտեղ տեղի են ունեցել նաև պրեզենտացիաներ, կարծիքների արտահայտումներ, քննարկումներ, ինչպես նաև նոր ծրագրերի ներկայացումներ և նկարագրումներ։ Հանդիպումներ են եղել նաև Եվրասիա Համագործակցության հիմնադրամի գրասենյակում, որտեղ բուռն քննարկումներ են եղել Մարինա Այվազյանի և Վազգեն Կարապետյանի՝ խաղաղության ծրագրերի ներկայացումից հետո։ Քննարկումներին մեծ ակտիվությամբ են մասնակցել Ասկերանի թիմի համակարգով Ալլա Արզումանյանն ու շրջանի ներկայացուցիչներ Թերեզա Առուստամյանն ու Անուշ Հակոբջանյանը։ Եռօրյա հանդիպումներն անցել են բարձր մակարդակով և ակտիվ ու ազատ քննարկումների մթնոլորտում, որտեղից խումբը վերադարձել է մեծ տպավորություններով և ստացած գիտելիքներն ու տեղեկատվությունն իրագործելու և կյանքի կոչելու պատրաստակամությամբ, ինչու չէ նաև մոտ ապագայում նմանատիպ անչափ հետաքրքիր և բովանդակալից հանդիպումների մասնակցելու ակնկալիքով։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|