ԱՍԿԵՐԱՆԻ ՊԱՏՄԱԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
11.12.2018 11:17

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջկենտրոնում պատմաերկրագիտական թանգարանը գործում է 1996 թվականից և տեղակայված է Ասկերանի շրջվարչակազմի շենքում:

Թանգարանի ֆոնդի հիմնական համալրման աղբյուրները հավաքչական աշխատանքներն են և նվիրատվությունները: Ֆոնդի հարստացումը գտնվում է թանգարանի տնօրենի ամենօրյա ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ կատարվում են բազմաթիվ աշխատանքներ:

Ցանկանալով ավելի մոտիկից ծանոթանալ թանգարանի գործունեությանը՝ մի քանի հարցերով դիմեցի տնօրեն Վիգեն Գաբրիելյանին:

-Պարոն Գաբրիելյան, ի՞նչ կասեք թանգարանի գործունեության մասին:

-Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանը

Արցախի Հանրապետության պատմության, մշակույթի, հնագիտության և ազգագրության կարևոր օջախներից է: Թանգարանում պահվում են հայ ժողովրդի և նրա արցախյան հատվածի նյութական և հոգևոր մշակույթի բազմաթիվ արժեքներ: Պատմական այդ արժեքները մեծ նշանակություն ունեն Արցախի պատմության, ազգագրության, մշակույթի տարբեր բնագավառների ուսումնասիրության և ցուցադրության համար: Հավաքչական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել և խնամքով պահվում են զգալի քանակությամբ թանգարանագիտական արժեքներ:

-Ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել թանգարանի զարգացման ուղղությամբ:

-Հիմնականում աշխատանքներ են ընթացել Հայրենական Մեծ պատերազմն ու Արցախյան ազատամարտը արտացոլող նյութերի հավաքագրման, ձևավորման  և լուսաբանման ուղղությամբ. վիճակագրական տվյալներ, ֆոտոալբոմներ, որոնք ըստ շրջանի գյուղերի պարունակում են երկու պատերազմների մասնակիցների և զոհվածների մասին լուսանկարներ, կենսագրական տվյալներ, մարտական դրվագներ: Կարողացել ենք ձեռք բերել գյուղերի պատմա-աշխարհագրական բնութագրությունները, վաստակաշատ մանկավարժների, անվանի շրջանավարտների, պետական, հասարակական ակնառու գործիչների անձնական գործերը, երկրագիտական և ազգագրական նյութեր Արցախի պատմության վերաբերյալ:

-Ի՞նչ արժեքներ, գտածոներ կան թանգարանում:

-Ասկերանի պատմաերկրագիտական  թանգարանում պահվում են նաև կենցաղային բնույթի զգալի քանակությամբ ցուցանմուշներ, որոնք պատկանում են 18-20-րդ դարերի ժամանակաշրջաններին: Դրանք օգտագործվել են գյուղատնտեսության մեջ՝ գյուղմթերքների մշակման, պահպանման, կենցաղային իրերի պատրաստման, ապասարկման և այլ նպատակներով: Այդ իրերը ձեռք ենք բերել Ասկերան քաղաքի և համանուն շրջանի բնակավայրերից: Թվով 424 ցուցանմուշները գտնվում են բավարար վիճակում, պահվում են խնամքով:

Ձեռք ենք բերել ազգագրական 11 ցուցանմուշներ՝  1 հատ գորգ, 1 հատ գոտու ճարմանդ, 2 հատ կարպետ, 3 հատ խուրջին, 4 հատ՝ ձեռագործ:  Ունենք խորհրդային ժամանակաշրջանի դրամներ և թղթադրամներ, գեղանկարչական լուսանկարներ, 3 հատ նատյուրմորտ:

Թանգարանում պատվավոր տեղ են զբաղեցնում հայ մշակույթի, Հայոց ցեղասպանության, Արցախյան շարժման և ազատամարտի բազմաթիվ, ինչպես նաև Շահեն Մկրտչյանի <<Արցախի գանձերը>> լուսանկարները:

-Քանի բաժիններ ունի թանգարանը:

-Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանը բաղկացած է երկու բաժիններից: Ռազմարվեստի բաժնում տեղադրված են ցուցադրությունների, ցուցահանդեսների համար համապատասխան ցուցանմուշներ. Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վերաբերյալ գիտական աշխատություններ, գրքեր, լուսանկարներ, զոհված ազատամարտիկների և ռազմագործողությունների ակտիվ մասնակիցների անձնական գործեր:

Հնագիտության և Ազգագրության բաժնում տեղադրված են երկրագիտական և ազգագրական բնույթի նյութեր, Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների և գյուղերի լուսանկարներ, Հայոց պատմությանն ու մշակույթին վերաբերյալ գրքեր, լուսանկարներ, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր, ակնարկներ, հուշագրություններ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի պատմության մասին:

Տարվա  հիշարժան պատմական  օրերին կազմակերպվում և անց են կացվում ցուցահանդեսներ և դասախոսություններ:

Թանգարանի զբաղեցրած երկու սենյակների ընդհանուր մակերեսը 72 քառ.մ է:

-Արցախյան պատերազմի մասնակից եք, լավ գիտեք, թե մեր ժողովուրդն ինչի միջով է անցել, ինչպիսի ցավեր է տեսել: Նկատել եմ, որ թանգարանում պարբերաբար մատաղ սերնդի հետ հանդիպումներ եք կազմակերպում, խոսում անցած-դարձածի մասին...

-Լինելով ականատես և ռազմական գործողությունների անմիջապես մասնակից, նախ և առաջ ձգտել եմ ռազմաճակատի Ասկերանի հատվածում տեղի ունեցած բոլոր դեպքերն ու իրադարձությունները հավաքագրել, գրի առնել և հուշալբոմների ու լուսանկարների տեսքով ցուցահանդեսներ կազմակերպել:

Թանգարանային արժեքները հանրությանը ներկայացնելու համար հասարակության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում պարբերաբար տարվում են քարոզչական, բացատրական-պարզաբանական աշխատանքներ: Մեր պատմամշակությաին արժեքներն ավելի մատչելի դարձնելու համար տարվա հիշարժան  պատմական օրերին կազմակերպվում և անց են կացվում ցուցահանդեսներ: Ամեն ինչ անում ենք, որպեսզի ցանկացած այցելու, առանձնապես օտարերկրյա այցելուն օբյեկտիվ պատկերացում կազմի, վառ տպավորություն ստանա  Արցախի պատմության և մշակույթի մասին: Թանգարանը համարում եմ քարոզչության կարևոր միջոցներից մեկը Արցախի միջազգային հեղինակության բարձրացման և ճանաչման գործում: Մանավանդ, որ մեր երկրամաս են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ, առաջին հերթին պետք է հրավիրել նրանց պատմամշակութային օջախներ՝ Արցախի պատմությունն ու մշակույթը ներկայացնելու համար:

-Ինչպիսի՞ մտահոգություններ ունեք կապված թանգարանի զարգացման հետ:

-Հարկ է նշել, որ վարչակազմի ներսում տեղակայված այսօրվա թանգարանը չի համապատասխանում արդի պահանջներին: Նկատի ունեմ ցուցասրահների, պատկերասրահների, ֆոնդի պահպանման համար փոքր և ոչ բավարար վիճակում գտնվող սենյակները: Անհրաժեշտ եմ համարում մեր պատմական անցյալը հավաքագրելու, պահպանելու և զարգացնելու համար նոր շենքի կառուցումը՝ համապատասխան ցուցասրահներով ու պատկերասրահներով:

Դե ինչ, հուսով մնանք, որ մեր շրջանում կկառուցվի հավուր պատշաճի պատմաերկրագիտական թանգարան, որը կկարողանա գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, և ինչպես հարկն է, կներկայացնի Արցախի պատմությունն ու մշակույթը…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter