ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
11.12.2018 11:51

Ավարտին է մոտենում 2018 թվականը, և տարբեր ոլորտներում ի մի են բերվում տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշները։ Թե ինչպիսին էր գյուղատնտեսական  տարին Ասկերանի շրջանի համար՝ փորձեցինք պարզել վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանից։

-Պարոն Ղուլյան, ինչպիսի՞ն էր 2018-ը, որպես գյուղատնտեսական տարի։

-Շրջանում գյուղատնտեսական տարին եզրափակում ենք բավականին համեստ ցուցանիշներով, որոնք պայմանավորված են ինչպես բնակլիմայական անբարենպաստ եղանակային պայմաններով, բնական աղետներով, այնպես  էլ առանձին մշակաբույսերի մշակման աշխատանքներում առկա թերացումներով։ Ընթացիկ տարում ևս ԱՀ կառավարության կողմից շարունակվել են գյուղատնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը, հողօգտագործողներին տրամադրվել են ինչպես դրամական աջակցություն, այնպես էլ անհատույց և

արտոնյալ պայմաններով բարձրորակ սերմեր և հանքային պարարտանյութեր։

-Բերքահավաքի արդյունքները գոհացուցի՞չ են։

-Գյուղատնտեսական մշակաբոււյսերի բերքահավաքը շրջանում ընթացել է կազմակերպված և անկորուստ, բոլոր հակահրդեհային նախազգուշական միջոցառումներն իրականացվել են անթերի և սահմանված ժամկետներում։ Ընդհանուր առմամբ ընթացիկ տարում հակահրդեհային մշակաբույսերի հնձման ենթակա տարածքները կազմել են 13200հա։ Բերքահավաքի ցուցանիշները բավարար են, առանձին ցուցանիշներ ցածր են նախորդ տարվանից, սակայն հաշվի առնելով տարվա ընթացքում տարբեր պատճառներ (կարկտահարություն, երաշտ, սելավներ), այն եզրափակում ենք եթե ոչ գոհացուցիչ, ապա բավարար ցուցանիշներով։

-Ի՞նչ կասեք բերքի տոնի մասին և ինչպիսի՞ նշանակություն ունի այն գյուղատնտեսների համար։

-Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ շրջանի հողօգտագործողները մայրաքաղաքում ակտիվ մասնակցել են գյուղատնտեսական աշխատողների օրվան նվիրված բերքի տոնին, որը հնարավորություն է տալիս ներկայացնելու ինչպես աճեցրած բերքը, այնպես էլ իրացնել այն մատչելի գներով։ Այս տարի բերքի տոնին շրջանի 5 համայնքներից մասնակցել է ավելի քան 170 հողօգտագործող։ Կարևորն այն էր, որ մեր շրջանի մասնակիցները տոնավաճառ են բերել որակով և բազմազան գյուղատնտեսական մթերքներ։ Նշենք նաև, որ շրջանում տարեցտարի զգալիորեն ավելանում են բերքի տոնի միջոցառման մասնակիցների թիվը։

-Ներկայում գյուղատնտեսական ինչպիսի՞ աշխատանքներ են ընթանում շրջանում։

-Ներկա դրությամբ շրջանում ավարտին են մոտենում գալիք տարվա բերքի տակ հացահատիկային մշակաբույսերի աշնանացանի աշխատանքները։ Կատարված է 10200հա հերկ և 7825հա ցանք, այդ թվում 6135հա ցորենի և 1690հա գարու։ Հատկանշական է այն, որ ավելի շատ ցանք է կատարվել համայնքների վարչական հողատարածքներում, իսկ հարթավայրային՝ Ակնա թաղամասում ներկայում շարունակվում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքը։

-Ձեր կարծիքով, մեր բնակլիմայական պայմաններում ավելի շահեկան է ցանել աշնանացան, թե՞ գարնանացան մշակաբույսեր։

-Արցախի Հանրապետության հարածքներում շահավետ է ինչպես աշնանացան, այնպես էլ գարնանացան մշակաբույսերի մշակությունը։ Այստեղ շատ կարևրո է խելացի կազմակերպել մշակաբույսերի ցանքաշրջանառությունը՝ ուղղված ինչպես հողերի բերրիության բարձրացմանը, այնպես էլ երաշխավորված բարձր բերքի ստացմանը։ Ներկայում շրջանում հողային ողջ ֆոնդը այնպիսի իրավիճակում է, որ առանց ցանքաշրջանառության և հողերի պարարտացման աշխատանքներ իրականացնելու անհնարին է բարձր բերք ապահովել, իսկ ոռոգվող հողատարածքներում առավել պահանջված են հողերի մշակության տեխնոլոգիայի ապահովմանն ուղղված միջոցառումները։

-Պարոն Ղուլյան, գուղատնտեսությամբ զբաղվողներն ի՞նչ աջակցություն կարող են ակնկալել պետության կողմից։

-2019 թվականին կշարունակվեն ԱՀ կառավարության կողմից նախատեսված  աջակցության բոլոր ծրագրերը։ Մեր կողմից ընդհանրացվում են հողօգտագործողներից ստացված գարնանացան մշակաբույսերի սերմերի պահանջարկի հայտերը, որոնց մեծ մասը կտրամադրվեն անհատույց, նաև կհատկացվեն հանքային պարարտանյութեր։ Այգիների, ինչպես նաև առանձին մշակաբույսերի մշակության կաթիլային ոռոգման համակարգի տեղադրումը ևս լայն թափ կստանա։ Մի խոսքով, պետական աջակցության բոլոր ծրագրերը նպատակաուղղված են գյուղատնտեսության ճյուղերի զարգացմանն ու գյուղմթերքների ծավալների ավելացմանը։

Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter