ԹՈՂ ՀԱՎԵՐԺՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ… |
12.12.2018 16:27 |
Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է իր շրջապատում ամեն ինչ գեղեցիկ տեսնել, կատարյալ: Ակնհայտ է, որ գեղեցկությունն ավելի վառ ու արտահայտիչ երևում է արվեստում, որը մեզ վարպետորեն ներկայացնում են մեր արվեստագետները՝ բացահայտելով արվեստի բոլոր նրբություններն ու գեղեցկությունը: Այսօր հմուտ արվեստագետների մի հրաշալի խումբ է աշխատում §Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոն¦ ՊՈԱԿ-ում, որը գործում է 2011 թվականի հունվարի 1-ից: Կենտրոնն ունի 18 աշխատող սահմանված 17,5 հաստիքին համարժեք: Գործունեությունն իրականացվում է հստակ մշակված կանոնադրությամբ : Ուշագրավ էր իմ հարցազրույցը կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի հետ: -Տիկին Գրիգորյան, վերջին ժամանակաշրջանում շրջանի մշակութային կյանքում զգալի աշխուժություն է նկատվում, ինչը կարելի է վերագրել նաև Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի ակտիվ գործունեությանը… -Դուք ճիշտ եք նկատել: Իրոք, մեր կենտրոնի կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի մշակութային կյանքը վերելք ապրի շրջանում: Առհասարակ, կազմակերպության արդյունավետ և նպատակասլաց գործունեության համար խիստ կարևոր է նյութատեխնիկական բազան: Նշեմ, որ հաշվետու ժամանակահատվածում սեփական եկամուտների հաշվին ձեռք է բերվել համակարգիչ, ստեղնաշարային գործիքի և երաժշտական սարքավորումների համար հենաձողեր և պատվանդաններ: Մշակույթի կենտրոնի նախասրահը համալրվել է <<Իմ Ասկերանը>> գեղանկարչական կտավ-պաստառով: Պատմական ճանաչողական նշանակություն ունեցող այդ գեղանկարը, ասես, Ասկերանի անձնագիրը լինի: Շարունակում ենք հարստացնել երաժշտական գործիքների կազմը: Պտուտակավորվել և նորոգվել են դահլիճի նստարանները, նորոգվել է բեմի առաստաղը, սակայն տանիքի բացակայության պատճառով այն չափազանց անմխիթար վիճակում է: -Չնայած շենքային պայմանները լիարժեք չեն մշակութային առումով, բայց կենտրոնի արվեստասեր կոլեկտիվը շարունակում է պատասխանատվությամբ կատարել իր առաքելությունը… -Այո՛, դրանով նա հաստատում է, որ մշակույթը մեր ժողովրդի լինելիության ակունքն է և հավերժության գրավականը: Մեր կենտրոնի գործունեության կարևոր օղակը <<Բերդ>> համույթն է, որն իր հետաքրքիր համերգային ծրագրերով հանդես է գալիս տարբեր բեմերում: Աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի 305-ամյակին նվիրված համերգային ծրագրով համույթը հանդես է եկել ԱրՊՀ-ում՝ արժանանալով հանդիսատեսի և Արցախի հեռուստատեսության ուշադրությանը: Համույթի անձնակազմը փորձեց 305-ամյա հեռավորությունից հանրությանը փոխանցել մեր արքայական Սայաթ-Նովայի հոգեթով երգերը: Համերգային ծրագիրը շարունակվեց Ասկերանի, Ավետարանոցի, Ստեփանակերտի թիվ 8-րդ դպրոցներում: Համույթն Ամանորյա ծրագրով հանդես է եկել Խրամորթի, Վարդաձորի, Ասկերանի համայնքներում: Մշակույթի կենտրոնի §Բերդ¦ համույթի սուրբ առաքելությունն է կանգնել հայոց բանակի ու հայ զինվորի կողքին և ոգեշնչել նրանց հայրենասիրական խրոխտ երգերով: Ձմեռային առաջին զորակոչի մեկնարկից մինչև գարնանային զորակոչի ավարտը համույթի ստեղծագործական անձնակազմը կենդանի կատարումներով, ավանդական զուռնա-դհոլով նորակոչիկներին ճանապարհել է անփորձանք ծառայության: 2018 թվականը հոբելյանական է արցախցիներիս համար: Արցախյան Շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում §Պատմական փետրվարը¦ խորագրով համույթը բարեգործական համերգներով հանդես եկավ Ասկերանի §Վերածննդի¦ հրապարակում, ԱՀ ՊԲ Ն զորամասում: Շեշտեմ, որ ես մեծ տեղ եմ տալիս համագործակցությանը, քանզի այդ դեպքում միայն կարելի է հասնել հաջողությունների: Այս ժամանակահատվածում մեր համույթը հանրությանը ներկայացրել է 36 համերգ և դա շնորհիվ մի շարք համայնքների և դպրոցների տնօրենների հետ կայուն փոխհամագործակցության: -Գիտենք, որ գարնանը մեկնարկեց համերգային նոր ենթաշրջան… -Անշուշտ, տոնական համերգների շարքը նվիրվեց կանանց միամսյակին, որը կրում էր §Առանց կնոջ բնությունն ուղղակի թերի կլիներ¦ խորագիրը: Համույթը հանդես եկավ շրջանի Հիլիսի, Խաչենի, Լուսաձորի, Խնձրիստանի, Խնապատի, Հովսեփավանի, Այգեստանի, Խնածախի, Նախիջևանիկի, Արմենակավանի համայնքներում և միջնակարգ դպրոցներում: Ապա շարունակվեցին Մայիսյան եռատոնին նվիրված տոնական համերգները: Ասկերանի և Ծաղկաշատի համայնքների բնակչությունը վայելեց համույթի հրաշալի կատարումների շարքը: Արցախի հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ համույթը գեղեցիկ երգացանկով, որը համեմված էր հայրենասիրական, ազգագրական, ժողովրդական, գուսանական երգերով, հանդես եկավ ասկերանցիների համար: Սեպտեմբերի 10-ին համույթը մասնակցեց Սզնեքի համայնքի 301-ամյա հոբելյանական միջոցառմանը և նոր շունչ հաղորդեց ցերեկույթին: Նշեմ, որ այդ համայնքի ղեկավարը մշտապես կապ է պահպանում կենտրոնի հետ և նրա հրավերով հաճախակի ենք համերգներ կազմակերպում գյուղում: -Մեծ ակտիվությամբ մասնակցում եք նաև շրջանից դուրս կազմակերպվող միջոցառումներին… -Հոկտեմբերի 13-ին մասնակցեցինք §Մշակութային խաչմերուկ¦ մրցույթ-փառատոնի հանրապետական փուլին և թումանյանական հանգով §Ասկերանի դիմանկարը¦ անվանակարգով գրավեցինք 2-րդ մրցանակային տեղը: Մեծ սիրով մասնակցել ենք Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված §Բերքի տոնին¦, իսկ հոկտեմբերի 21-ին՝ Նռան 2-րդ փառատոնին, որը կայացավ Մարտունի քաղաքում: Հպարտությամբ պետք է շեշտեմ, որ Մարտունիում համույթը պարգևատրվել է պատվոգրով՝ կատարողական բարձր վարպետություն դրսևորելու համար: Ասեմ, որ աննախադեպ էր նաև Հրետանային գնդի հրավերը, §Տանկ¦ հուշահամալիրի մոտ հրետանավորների երդման արարողության մասնակիցը դարձավ §Բերդ¦ համույթը: Զինվորները ցնծում էին և ինքնամոռաց պարում, մենք կարողացանք անմոռանալի օր և ապրումներ նվիրել նրանց: Շոյիչ էր հրամանատարի՝ Գրիգորի Սահակյանի շնորհակալական խոսքը: -Կարծում եմ, մշակութային կյանքից անմասն չեն մնում երիտասարդության շրջանում տարվող միջոցառումները… -Ինչ խոսք, մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ մեր երկրի ապագան երիտասարդ սերնդի ձեռքերում է և նրանց հետ տարվող աշխատանքները պետք է ուշադրության կենտրոնում լինեն: §Առողջ ապրելակերպ¦ կարգախոսի շրջանակում Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվել է §Մրգերի աշխարհում¦ դաս-միջոցառում, ինչպես նաև ինտելեկտուալ խաղ՝ նվիրված երիտասարդության միջազգային օրվան: Երիտասարդները մասնակցել են §Հոգևոր անվտանգություն¦ թեմայով կազմակերպված միջոցառմանը, կազմակերպվել են սոցհարցումներ: Նոյեմբերի 15-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում կազմակերպեցինք միջոցառում, որը նվիրված էր Ուսանողության միջազգային օրվան: Համույթը հանդես եկավ հիանալի համերգով: -Տիկին Գրիգորյան, մոտենում է 2019 թվականը, ինչ կցանկանայիք մեր ժողովրդին: -Ես ուզում եմ, որ 2019 թվականը խաղաղություն բերի աշխարհին: Խաղաղությու՜ն…Այս բառի քաղցրությունն ու կարոտը առավել սաստկությամբ զգում ենք մենք՝ հայերս: Ուզում եմ երջանիկ տեսնել ամբողջ մարդկությանը. մանուկներին՝ կուշտ և առողջ, ծնողներին՝ գոհ ու անարցունք, սիրող զույգերին՝ իրարով հիացած, զինվորներին՝ հայրենասիրությամբ արիացած: Ուզում եմ բազմապատկել ծառերի բերքատվությունը, դաշտերի լիությունը, խաղաղ ամբարների օրհներգությունը, արևային բարությունը: Թող ժողովուրդս ապահով ու բարեկեցիկ կյանքով ապրի, կատարվեն ամենքի երազանքներն ու նպատակները: Թող Արցախ աշխարհի արշալույսները խաղաղությամբ բացվեն, մայրամուտները վաստակած հոգնությամբ հանգչեն: Միավորյալ լինի ժողովրդիս ուժը, թող հավերժվի հայկական մշակույթը:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |