ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ |
17.12.2018 15:39 |
Արցախի Հանրապետության շրջաններ կատարվող այցելությունների շրջանակում դեկտեմբերի 14-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ասկերանի շրջան: Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալները, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ և ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը: Խորհրդակցությանը ներկա էին համայնքների ղեկավարներ, շրջանի գյուղատնտեսներ, անասնաբույժներ և գործարարներ: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանը ողջունելով ներկաներին՝ հույս հայտնեց, որ խորհրդակցությունը կանցնի ակտիվ և անկեղծ մթնոլորտում և կխոսվեն խնդիրների մասին, որոնք առկա են գյուղատնտեսության բնագավառում: Գյուղատնտեսության նախարարն անդրադարձավ գյուղոլորտի աշխատանքներին ու առաջիկա գործընթացներին, որոնք վերաբերում էին ցանքաշրջանառությանը, սննդամթերքի անվտանգության խնդիրներին, անասնաբուծության կանոնակարգմանը և հիվանդությունների դեմ պայքարին, ոռոգման համակարգերի արդյունավետ օգտագործմանը, պետական ծրագրերով աջակցություններին, խորքային հորերի հորատմանը: Նա ընդգծեց շրջանում ջերմոցային գործի դրվածքի ուսանելի փորձը: Այստեղ աջակցություն կտրամադրվի նրանց, ում ջերմոցների մակերեսը կազմում է առնվազն 250 քմ, ջեռուցվում է և ունի ոռոգման համակարգ: <<Ինչ խոսք, շրջանում կան խնդիրներ, որոնք, անկասկած, ենթակա են լուծման: Եկեք հարգենք մեկս մյուսին, կազմակերպենք արդյունավետ և գրագետ գործունեություն, հողօգտագործողների հետ կառուցենք ճիշտ հարաբերություններ, տանենք բացատրական աշխատանքներ: Անշուշտ, նախարարությունը ցուցաբերում և կշարունակի ցուցաբերել պետական աջակցություն, որը պետք է ծառայի գյուղոլորտի զարգացմանը: Եկեք, զերծ մնանք անարդյունավետ և չմտածված ծախսերից>>,-շեշտեց նախարարը: Ելույթով հանդես եկավ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը: Նա անդրադառնալով մարդու համար ամենակարևորին՝ առողջությանը, հորդորեց հատուկ ուշադրության դարձնել սննդակարգի անվտանգությանը: Առաջարկեց համայնքի ղեկավարներին ուժեղացնել վերահսկողությունը և տանել հետևողական աշխատանքներ, որպեսզի հանրային սննդի կետերում, խանութներում չվաճառվեն ժամկետանց ապրանքներ: Հանդես եկավ նաև Ասկերանի շրջվարչակազմի շրջբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը և ներկայացրեց շրջանի գյուղոլորտի խնդիրները: Վերջում Ժիրայր Միրզոյանը հանգամանալից պատասխաններ է տվել բարձրացված մի շարք հարցերի: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |