ԻՄԱՍՏԱՎՈՐՎԱԾ ԿՅԱՆՔ |
18.12.2018 15:52 |
Արցախյան ազատամարտի տարեգրության հերոսական և փառապանծ էջերն ապրողներիս համար կյանքի իմաստը վերաարժևորելու և վերաիմաստավորելու ևս մեկ հնարավորություն և առիթ են հանդիսանում։ Այդ հերոսական էջերից մեկն էլ կերտվել է Վարդան Ջիվանշիրյանի անձնազոհության, հանուն հայրենիքի ու արդարության մղված համառ ու նվիրական պայքարի շնորհիվ։ Դեկտեմբերի 13-ին Ակնաղբյուրում բանակ-դպրոց-հասարակույթուն կապի շրջանակներում նշվեց Արցախյան ազատամարտի նվիրյալ, ՚Մարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Ջիվանշիրյանի ծննդյան 55-ամյա տարեդարձը։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, հերոսի հարազատները, պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ, ակնաղբյուրցիներ։ Հուշ-ցերեկույթի մասնակիցները օրվա հերոսի և նրա բաշխտակից ընկերների հիշատակի առաջ խոնարհումի և հարգանքի տուրք մատուցեցին Ակնաղբյուրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ Վարդան Ջիվանշիրյանի անունը կրող միջնակարգ դպրոցում։ Այն սկսվեց Տերունական աղոթքով։ Վարդանը բարձրադիր լուսանկարից մեղմիկ ժպիտով ասես ողջունում էր բոլորին ու խոսուն հայացքն ուղղած ներկաներին բացահայտում իմաստավորված կյանքով ապրելու գաղտնիքը։ Դպրոցի պատմության ուսուցիչ, փոխտնօրեն Արթուր Ավանեսյանը ներկայացրեց քաջորդու կյանքն ու մարտական ուղին: Վարդան Ժորայի Ջիվանշիրյանը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 13-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգը։ Ծառայել է խորհրդային բանակում, ապա ընդունվել Բաքվի ֆիզկուլտուրայի տեխնիկումը, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել գյուղի դպրոցում, որպես ֆիզկուլտուրայի և ռազմագիտության ուսուցիչ։ Համարձակ ու ռազմական տեխնիկայի փայլուն գիտակ էր Վարդանը, ով ստաձնել էր հարազատ գյուղի դպրոցի մատաղ սերնդին ռազմահայենասիրական ոգով դաստիարակելու և դպրոցականներին ռազմական գիտելիքներով զինելուն՝ պատրաստելով նրանց Հայրենիքի պաշտպանությանը։ Եվ Հայրենիքին սպառնացող վտանգի պահին վայրկյան անգամ չերկմտաց գրիչը զենքով փոխելուն։ Գյուղի առաջին կամավորներից էր Վարդանը, ում մարտավարական հմտություններն ակնհայտ դարձան Շուշիի և Ամարասի հովտի պաշտպանական մարտերի ժամանակ։ Հմուտ հրամանատար էր, հուսալի մարտընկեր, ով հրամանատարի պարտականությունները ոչ միայն գերազանց գիտեր, այլև կարողանում էր ղեկավարին յուրահատուկ հմտություններն իրականություն դարձնել։ Մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների ամենատարբեր ուղղություններով, Շուշիի, Լաչինի միջանցքի ազատագրմանը, Կիչան-Չլդրան հատվածի մարտական գործողություններին, Մուսուլմանլար, Արփագյադուկ, Ասկերան պաշտպանական մարտերին, Աղդամի և հարակից տարածքների՝ ռազմավարական խոշոր նշանակության ազատագրմանը, իսկ 1993-ից Վարդանն իր ջոկատով մարտնչում էր Մարտակերտի շրջանում։ 1994-ի ապրիլին կատաղի մարտեր էին ընթանում Ջավագերլիի մոտ։ Քաջ հրամանատարի մշակած պլանը համալիրը գրավելու ուղղությամբ արդյունավետ էր, սակայն այն կյանք արժեցավ։ Հերթական մարտական գործողության ժամանակ՝ 1994թ. ապիլի 13-ին հերոսաբար զոհվեց Ակնաղբյուրի քաջորդին, ով հետմահու պարգևատրվեց §Մարտական խաչ¦ 2-րդ աստիճանի շքանշանով, §Շուշիի ազատագրման համար¦ մեդալով։ Այսօր Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցը կրում է երախտապարտ զավակի պանծալի անունը, իսկ Ն զորամասի վաշտերից մեկում հավերժացած է Վարդան Ջիվանշիրյանի անունը։ Միջոցառմանը ներկաների հետ մանկության, ապա նաև մարտական ընկերոջ մասին հուշերով կիսվեցին Աշոտ Սարգսյանը, ում հիշողությունները տարել են դեպի դպրոցական երանելի տարիներ։ Նա հորդորեց դպրոցականներին լինել ազնիվ, հավատարիմ և անդավաճան ընկերներ, օրինակ բերելով Ակնաղբյուրի խիզախ հրամանատարին։ Խաղաղություն և տոկունություն մաղթելով արցախցիներին, նա մաղթեց բոլորին երբեք չմոռանալ կյանքի գնով մեզ խաղաղ ու անհոգ կյանք պարգևած մարտիկներին։ Ն զորամասի շարքային զինվոր Հարութ Բալույանը և նրա ծառայակից ընկերները քաջապես գիտակցում և մեծապես գնահատում են ավագ սերնդի Հայրենիքին անմնացորդ նվիրվածությունն ու անձնազոհությունը, իրենց հերթին խոստանալով, որ լինելով ազատամարտի հերոսների գործի շարունակողները՝ արժանապատվորեն կկատարեն Հայրենիքի հանդեպ իրենց պարտքը։ -Մենք հպարտանում ենք, որ ծառայում ենք հենց այն վաշտում, որի անձնակազմի ցուցակում Վարդան Ջիվանշիրյանը մշտական գրանցված է որպես հավերժ զինվո։ Եվ հիմա խոստանում ենք անառիկ պահել այն սահմաններն ու հողերը, որոնք ազատագրել են մեր քաջերն իրենց կյանքի գնով։ Հարազատների անունից միջոցառման կազմակերպիչներին երախտագիտություն հայտնեց հերոսի քույրը՝ Բելա Ջիվանշիրյանը։ Նրանց համար մեծ հպարտություն և ուրախություն է, որ դպրոցում միշտ բարձր են պահում իրենց հարազատի անունն ու պատիվը, և դպրոցի աշակերտներն առաջնակարգ տեղեր զբաղեցնելով բարձր ամբիոններից հնչեցնում են §Ակնաղբյուրի Վարդան Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոց¦ արտահայտությունը, ինչը հերոսի հիշատակի հավերժացման ամենացայտուն օրինակն է։ Ելույթ ունեցողների խոսքերում մեկ անգամ ևս ընդգծվեց Վարդան-ազատամարտիկի, Հայրենիքի նվիրյալի մարդկային մեծագույն արժանիքները, հայրենասիրական բոցավառ հոգին ու Արցախ աշխարհին անմնացորդ նվիրվածությունը։ Հայրենիքը նրա համար բացարձակ արժեք էր, հանուն որի արժեր բազում զրկանքներ կրել, իսկ հանուն պատմական արդարության նույնիսկ կյանք զոհաբերել։ Այդպիսին էր Վարդան Ջիվանշիրյանը՝ մեծահոգի, ազգասեր, մեծ հումանիստ, արդարության ջատագով ու լեռնածին ասպետ։ Այդպիսին էլ մնացել է ու կմնա ճանաչողների հուշերում։ Միջոցառման ժամանակ Արցախի ազատամարտիկների միության նախագահի՝ Վարդան Ջիվանշիրյանին և նրա հարազատներին ուղղված երախտիքի խոսքը ընթերցեց ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը։ Միության անունից նա հուշանվեր փոխանցեց հերոսի ընտանիքի անդամներին։ Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչած ելույթներն ընդհատվում էին պաշտպանության բանակի §Ասպետ¦ համույթի զինվորների և Վարդան Ջիվանշիրյանի անունը կրող դպրոցի աշակերտների գեղարվեստական գեղեցիկ և հուզիչ կատարումներով։ Իրավմամբ, հուշ-ցերեկույթը վառ ապացույցն էր այն բանի, որ Վարդան Ջիվանշիրյանը կյանքի գնով է կերտել իր անմահության ճանապարհը՝ մեծ խորհուրդ թողնելով ապրողներիս համար. Մեռնել հանուն Հայրենիքի նշանակում է հավերժ ապրել։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |