ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԵՆՔ |
18.12.2018 15:58 |
Դեկտեմբերի 18-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շրջանի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների խորհրդակցություն։ Այն վարում էր կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։ Ողջունելով գործընկերներին Կ. Մայլիյանը ներկայացրեց խորհրդակցության օրակարգը, որտեղ ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր։ Ինչպես և միշտ դպրոցներում մտահոգիչ է մնում բնագիտական առարկաների դրվածքը, ինչին և ուղղված էր օրակարգի առաջին հարցը։ Մաթեմատիկա, քիմիա և ֆիզիկա առարկաների ուսուցումը բարձր հիմքերի վրա դնելու և զարգացնելու համար կրթության բաժնի վարիչը հորդորեց տնօրեններին գտնել ամենատարբեր ուղիներ, աշակերտներին խարախուսելու ձևեր՝ այդ առարկաների դասավանդումն արդյունավետ կազմակերպելու համար։ Խոսելով կազմակերպվող ամենամյա առակայական օլիմպիադաների մասին, նշվեց, որ դրանցում մեծ ակտիվություն և որակ ապահովելու համար այսուհետ առաջնակարգ տեղեր զբաղեցրած աշակերտների ուսուցիչները (խոսքը բնագիտական առարկաների մասին է) կարժանան մեծ խրախուսանքի՝ մեկ շաբաթյա ուղևորություն Սփյուռքի որևէ դպրոց՝ փորձի փոխանակման, ինչու չէ նաև հանգիստ վայելելու համար։ Ասել է թե որևէ առարկայի ուսուցում դպրոցներում բարձր հիմքերի վրա դնելու հարցում հաջողության հասնելու համար պետք է աշակերտին ոչ միայն կոնկրետ առական սովորեցնել, այլև դրա միջոցով կայուն արժեհամակարգ ձևավորել, ուսուցման բովանդակությունը դարձնել ապագա քաղաքացու կերտման հիմքը։ Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում, թերևս, դժվար է հնագույն մեթոդներով աշակերտների մոտ այս կամ այն առարկայի հանդեպ սեր և հետաքրքրություն առաջացնել։ Ուստի առաջարկվեց մեկ անգամ ևս ուսումնասիրել դասագրքերը, հանդես գալ առաջարկություններով՝ դրանց բեռնաթափման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրեց Կ. Մայիլյանը, այս հարցի շուրջ ԿԳՍ նախարարությունում նույնպես ակտիվ քննարկումներ են ընթանում։ Խորհրդակցության ժամանակ խոսվեց դպրոցների հաստիքային աշխատակիցների աշխատանքային կարգապահության պահպանման, պարտականությունների՝ խղճի մտոք կատարման մասին։ Խոսելով մանկապարտեզների գործունեության և ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման մասին, Կ. Մայիլյանը նշեց, որ լավ կլիներ մանկապարտեզներում մեծ տեղ հատկացվեր խաղերին, դրանց միջոցով երեխաների մոտ սեր և հետաքրքրություն առաջացնել շրջակա միջավայրի հանդեպ։ Ներկայիս պայմաններում ողջունելի է, որ որոշ դպրոցներ ունեն իրենց սոցիալական ցանցերը, որտեղ պարբերաբար տեղադրվում են դպրոցում տեղի ունեցած միջոցառումները։ Կրթության բաժնի վարիչը հորդորեց դպրոցների տնօրեններին ստեղծել նմանատիպ կայքէջեր և սոցիալական ցանցն օգտագործել որպես այլ դպրոցիների հետ համագործակցության նոր հարթակ։ Կ. Մայիլյանը ներկայացրեց նաև դպրոցներում տարբեր առարկաներից տարբեր դասարաններում ԿԳՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից տրված գրավոր աշխատանքների արդյունքները։ Որոշ դպրոցներում դրանց պատկերը նախանձելիներից չէ։ Խորհրդակցության ժամանակ խոսվեց դպրոցներում 5-օրյա աշխատանքային ռեժիմի անցնելու, արտաժամյա պարապմունքների, սահմանապահ զինվորների համար ամանորյա նվերներ պատրաստելու, դպրոցներում պաշտպաճ մակարդակով ամանորյա հանդեսներ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև դպրոցականներին ամանորյա նվեր տրամադրելու մասին։ Կ. Մայիլյանը կոչ արեց տնօրեններին այսուհետ ևս ամենօրյա գործունեության մեջ առաջնորդվել փոխադարձ հանդուրժողականության և հարգանքի մթնոլորտում՝ ի շահ ընդհանուրի։ -Ձեր ամենօրյա գործունեության ժամանակ երբեք չպիտի մոռանաք, որ գործ ունեք դեռևս չձևավորված անհատականությունների հետ։ Եվ ինչպիսին կլինի մեր ազգի ապագան մեծապես կախված է մեզանից։ Ուստի երբեք սպառնալիքի կամ անձնական վիրավորանքի ճանապարհով դպրոցում չպիտի հարց լուծվի։ Ձեր ղեկավարած կոլեկտիվներում պիտի տիրի բարոյահոգեբանակ կայուն վիճակ, կոլեկտիվ մտածողություն, որոնց առկայության դեպքում կարելի է ցանկացած խոչընդոտ և արգելք հաղթահարել, բարձունքներ նվաճել,- ասաց Կ. Մայիլյանը։ Տեղերում մարդկանց աշխատանքի ընդունելու հարցում բաժնի վարիչը խորհուրդ տվեց համագործակցել համայնքների ղեկավարների հետ՝ առաջնահերթությունը տալով առավել կարիքավոր և սոցիալապես անապահով խավին։ Կառլեն Մայիլյանը դպրոցների տնօրեններին ներկայացրեց բաժնի նոր գլխավոր մասնագետին՝ Գայանե Շամիրյանին, փաստելով որ վերջինս բավականին բարձր ցուցանիշներով է անցել մրցույթը։ Վարիչը հույս հայտնեց, որ նորանշանակ մասնագետը բաժնի աշխատանքներին նոր շունչ ու թարմություն կտա՝ աշխատանքային գործունեության մեջ օգտագործելով մաթեմատիկական և նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու ունակություններն ու ընդունակությունները։ Բաժնի սպորտի գծով գլխավոր մասնագետ Գրիգորի Մարտիրոսյան ներկայացրեց մարզական միջոցառումներին մասնակցելու պասիվության, որոշ դպրոցներում ՆԶՊ և ֆիզկուլտուրա առարկաների հանդեպ մակերեսայնորեն վերաբերմունքի մասին։ Նաև հայտարարություններ արեց առաջիկայում կազմակերպվելիք մարզական միջոցառումների առնչությամբ։ Խորհրդակցության վերջում Կ. Մայիլյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, ինչպես նաև հանդես եկավ հայտարարություններով։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |