ԱՆԿՑԱՑՎԵՑ ԻՄԱՍՏՈՒՆ ԽԱՂԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
21.12.2018 12:07

Դեկտեմբերի 20-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի կողմից կազմակերպվեց և անցկացվեց դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի շրջանային առաջնություն։  Առաջնությանը մասնակցում էին շրջանի 6՝ Ասկերանի, Ակնաղբյուրի, Այգեստանի, Խաչենի, Նորագյուղի, Շոշի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը։

Ինչպես նշեց կրթության և սպորտի բաժնի սպորտի գծով

գլխավոր մասնագետ Գրիգորի Մարտիրոսյանը, վերջին շրջանում կազմակերպվող առաջնություններին որոշ դպրոցներ պասիվություն են ցուցաբերում։ Կան դպրոցներ, որոնք տարվա կտրվածքով մարզական մեկ առաջնության անգամ չեն մասնակցում։ Ինչը չի կարելի ասել Ասկերանի Նորագյուղի, Իվանյանի, Խաչենի և մի շարք այլ դպրոցների մասին, որոնք միշտ պատրաստակամորեն և մեծ ակտիվությամբ մասնակցում են ամենատարբեր մրցումների։ Հիշյալ դպրոցներում էլ ֆիզկուլտուրա առարկայի դրվածքը բարձր հիմքերի վրա է գտնվում։

Մրցությունն անցավ ակտիվ և անզիջում պայքարում, թիմերի անդամներից յուրաքանչյուրը համառ պայքար էր տանում սեփական թիմին միավոր բերելու համար։ Խաղի արդյունքների ամփոփմամբ առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Խաչենի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Այգեստանի Խաչատուր Աբովյանի և Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերը։ Ի դեպ, Խաչենի թիմն արդեն երրորդ անգամն է, ինչ շախմատի դպրոցականների շրջանային առաջնությունում գրավում է առաջին հորիզոնականը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են կրթության և սպորտի բաժնի պատվոգրերով, որոնք հաղթանակած թիմերին հանձնեց բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։ Նա կարևորեց շրջանի դպրոցականների՝ տարբեր մարզաձևերով հետաքրքրված լինելու և մարզվելու անհրաժշտությունը։ Մանավանդ, եթե խոսքը վերաբերում է իմաստուն խաղին։ Հայերս միշտ էլ ակնածանքով ենք հիշում շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին,  և նրա հաղթանակը ամեն մի հայ իրեն էր վերագրում, որպես անձնական հաղթանակ։ Չենք մոռանում նաև ՙԱրարատ՚ ֆուտբոլային թիմի փառավոր հաղթանակները, որը ժամանակին հաղթել է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին՝ Մյունխենի ՙԲավարիային՚։

-Ուստի, սիրելի դպրոցականներ, ամեն ինչ դեռ առջևում է, և գուցե հենց ձեզանից մեկն է լինելու հայի անունն ու պատիվը մեկ անգամ ևս աշխարհով մեկ հնչեցնողը։ Աշխատեք քրտնաջան, եղեք պատվախնդիր և անդադար պարապեք՝ սա է դեպի նպատակների իրականացում տանող միակ ու ճշմարիտ ճանապարհը։

Նշենք նաև, որ առաջին մրցանակային տեղը զբաղեցրած Խաչենի թիմը 2019 թվականին կմասնակցի շախմատի հանրապետական առաջնությանը։ Ինչի կապակցությամբ հաջողություն ենք մաղթում մեր շրջանը ներկայացնող թիմին և ակնկալում նոր հաղթանակներ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter