ԱՅՍ ԿՐԹՕՋԱԽՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ
20.12.2018 12:36

Երաժշտությունն արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա:

Հովհ. Թումանյան

Ասկերանի արվեստի դպրոցն այն մշակութային օջախներից է, որտեղ աշխատում է պատրաստակամ, իրենց գործին գիտակ ու նվիրված մասնագետների մի մեծ աշխատախումբ: Նրանք սաների առաջ ջերմորեն բացում են դպրոցի դռները և կարողանում իրենց հմտությամբ երեխաների մեջ արթնացնել զգացմունքների ու մտքերի մի նոր աշխարհ:

Դպրոցում դասավանդում են 42 դասատուներ, սովորում՝ 230 սաներ: Արվեստի դպրոցն ունի նաև 3 մասնաճյուղ՝ Խնապատի, Նորագյուղի և Ավետարանոցի համայնքներում: Դպրոցում գործում են դաշնամուրի, վոկալի, դհոլի, ակորդեոնի, շվիի, դուդուկի, կլարնետի, քանոնի, ջութակի երաժշտական և գործիքային, ինչպես նաև թատերարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի և պարարվեստի բաժիններ:

Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը՝ 2018 թվականից աշխատում և ստեղծագործում են հրաշալի շենքում, որը բոլորի երբեմնի երազանքն էր: Միանշանակ, ավելի հեշտ ու արդյունավետ է աշխատել արդի պահանջներին համապատասխան շենքային այսպիսի պայմաններում:

Բոլոր դասատուներն իրենց աշխատանքներն իրականացնում են վարպետորեն, ամենայն պատասխանատվությամբ՝ սաների մեջ արմատավորելով գեղեցիկը, վեհն ու մաքուրը: Այս ուսումնական տարում դպրոցում և գործող մասնաճյուղերում բացվել են նոր բաժիններ՝ կերպարվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի և կիթառի:

Ուսումնական պլանի համաձայն դպրոցում կատարվում են կիսամյակային և տարեվերջի ստուգարքներ ու քննություններ, ներդպրոցական և դասարանային համերգներ, վիկտորինաներ: Ակտիվորեն են գործում նաև մասնաճյուղերը, և սաները մասնակցում են համայնքներում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառման: Դպրոցը համագործակցում է շրջանում գործող բոլոր մշակութային օջախների հետ: Արցախյան Շարժման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվեց Ասկերան քաղաքում, դպրոցի սաները ներկայացան ձեռքի աշխատանքի ցուցահանդեսով, ազգագրական երգերով ու պարերով:

Ապրիլի 24-ին դպրոցում կազմակերպվեց հուշ-երեկո՝ նվիրված մեծ Եղեռնին:

Ինչպես միշտ, այս տարի ևս դպրոցը գրանցել է  բազում հաջողություններ: <<Մշակութային խաչմերուկ>> մրցույթ-փառատոնին մասնակցել են Խնապատի մասնաճյուղի սաները և <<Հայաստան>> պարով անցել հանրապետական փուլ: Դպրոցի թատերարվեստի և պարարվեստի տղաների խմբերը նույնպես անցել են հանրապետական փուլ:

Թատերարվեստի բաժնի ղեկավար Մարինե Աբրահամյանի մտահղացմամբ դպրոցի մի խումբ սաներ հրավիրվել են Ստեփանակերտում կայացած <<Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները>> բեմադրությանը և մոտիկից ծանոթացել դերասաններին ու նրանց  բեմական վարպետությանը:

Անահիտ Բադալյանը շնորհակալություն հայտնեց Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանին՝տրանսպորտային հարցերում աջակցելու, ինչպես նաև տարվա լավագույն սաներին պատվոգրեր տրամադրելու համար:

Մեծ էր դպրոցի տնօրենի հպարտությունը, երբ խոսեց դպրոցի ամենանակարևոր ձեռքբերումների մասին: Շվիահար Հրաչ Դադայանն ընդունվել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը, իսկ դուդուկահար Ալեքս Վերդիյանը՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը:

Անահիտ Բադալյանի համար բոլոր տեսակի համագործակցություններն ունեն իրենց արդյունավետությունը: Դպրոցն ընդունում է  ցանկացած հրավեր և հնարավորության սահմաններում իրագործում: <<Յուրաքանչյուր  հարցում մեզ աջակցում են Ասկերանի շրջվարչակազմն ու քաղաքապետարանը, իսկ վերջերս Խնապատի համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը մասնաճյուղի պարարվեստի խմբին երաժշտական սարքավորումներ է նվիրել, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում նրան>>,-շեշտում է Ա.Բադալյանը:

Ասկերանի արվեստի դպրոցը հաճույքով և մեծագույն սիրով է հյուրեր ընդունում իր հարկի տակ: Մարտի 2-ին Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի քաղաքապետ Ռիշար Մալիենի ղեկավարած պատվիրակությունն Ասկերան քաղաքում էր, բարեկամական հռչակագիրը կնքվել էր դեռևս 2014 թվականին: Դպրոցը ևս հյուրընկալեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը: Սաներն ուրախությամբ դիմավորեցին նրանց, ժողովրդական նվագարանների ջազային և էստրադային, ինչպես նաև պարային խմբերն իրենց հրաշալի կատարումներով հիացմունք պատճառեցին հյուրերին:

<<Նրանք ծանոթանալով հայկական մշակութային ավանդույթներին՝ հմայվեցին մեր աշխատանքներով, արցախյան հյուրասիրությամբ և սաների ձեռքերով պատրաստած ազգային հուշանվերներով:

Ապրիլ ամսում Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայից մեր դպրոց ժամանեց երաժիշտ-պրոֆեսորների խումբ՝ վարպետաց դասեր անցկացնելու նպատակով:

Ասեմ, որ ունենք բազմաթիվ հրավերներ Երևանից, Թբիլիսիից, Սևաստոպոլից, Սանկտ-Պետերբուրգից, <<Սալյուտ Տալանտով>> միջազգային կազմակերպությունից, սակայն հնարավորություն չունենք այդ հրավերներն ընդունելու ՝ ֆինանսական խնդիրների պատճառով>>,-ասում է Անահիտ Բադալյանը:

Մեր հետաքրքիր զրույցի վերջում արվեստի դպրոցի տնօրենն իր շնորհավորական խոսքը հղեց հայ ժողովրդին:

-Թող Նոր տարին լինի չիրագործված հույսերի իրականացման, համերաշխության և սիրո տարի, հետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը... Թող 2019 թվականը նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող մեր սեփական ցանկությունները մեր սեփական ձեռքերով իրականացնելու հնարավորություն տա յուրաքանչյուրիս:

Թող խաղաղություն ու բարօրություն թող տիրի մեր երկրում ու բոլորիս ընտանիքներում: Բոլորիս մաղթում եմ արարման, ինքնաճանաչման, կերտման, նորանոր օգտակար բացահայտումների, զարգացման նոր ուղիների գտնման, անձնական ու համամարդկային ջերմ ապրումների տարի...

Շնորհավո՛ր Նոր Տարի …

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter