ԹՈՂ ՆՈՐ ՕՋԱԽՈՒՄ ՄԻԱՅՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԵՆ |
20.12.2018 12:40 |
Յուրաքանչյուր մարդ ձգտում է երջանկության և ամեն գնով աշխատում է հասնել այդ բերկրալից զգացողությանը, իսկ երջանիկ լինելու համար հարկավոր է հավատալ երջանկության հնարավորությանը: Վեց երեխաների մայր Գայանե Սարգսյանը հավատում էր այդ երջանկությանը, նա համոզված էր, որ կգա այն բաղձալի օրը, երբ իր երեխաները կունենան այն ամենը, ինչին ձգտում է յուրաքանչյուր մայր. ունենալ տաքուկ մի անկյուն, որտեղ ուրախությունից կշողան երեխաների աչքերը և նրանց անհոգ ծիծաղը կջերմացնի մայրական սիրտը: Վրեժ և Գայանե Սարգսյաններն այն երջանիկ մարդկանցից են, ովքեր կյանքին նայում են մի առանձին բերկրանքով, նրանք լցված են հույսով ու հավատով: Իսկ բոլորովին վերջերս իրականություն դարձավ նրանց վաղեմի երազանքը: ԱՀ կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով Սարգսյանների համար կառուցվեց գեղեցիկ բնակելի տուն՝ իր բոլոր կոմունալ հարմարություններով: Երբ սկսվել էին տան շինարարական աշխատանքները, ասկերանցիներս ուրախությամբ էինք հետևում այդ գործընթացին: Մեզանից յուրաքանչյուրն անկեղծ ուրախությամբ էր համակվել, քանզի գիտեինք, թե ինչպիսի պայմաններում էր ապրում բազմաերեխատեր ընտանիքը: Տունը, որտեղ ապրում էին Սարգսյանները, վերանորոգման խիստ կարիք ուներ, չկային կոմունալ հարմարություններ: Երեխաներից ավագը՝ Լիլիթը 14 տարեկան է, Ալեքսանդրը՝ 11, Լիան 10՝, Լիանան՝ 8: Երբ ծնվեցին զույգ տղաները՝ Ալենն ու Արենը՝ Վրեժի ու Գայանեի ուրախությանը չափ չկար: Միանգամից տունը լցվեց նոր շնչով, լույսով ու խինդով, այնքա՜ն երջանիկ էին բոլորը: Ասես չէին պատկերացնում վեց երեխաների դաստիարակության դժվարությունները: Այնքա՜ն երջանիկ և ուրախ: Առանձնապես ոգևորված էր ընտանիքի հայրը, չէ որ ապագա զինվորներ էին ծնվել Արցախի համար… Սակայն փոքրիկների ծնվելուց անմիջապես հետո բժիշկները նրանց մոտ հիվանդություն հայտնաբերեցին, որն անհապաղ բուժում էր պահանջում: Վրեժն ու Գայանեն անխախտ որոշում կայացրին. ցանկացած գնով փրկել տղաների կյանքը… Ու Սարգսյանների կյանքում սկսվեցին տանջալից ու երկար օրերը, որոնք դարձան ամիսներ, ապա՝ տարիներ: Ծանր վիրահատություններ տարան Ալենն ու Արենը և ոտքի կանգնեցին… Փա՜ռքդ շատ, Տեր Աստված… Այսօր երեք տարեկան այդ փոքրիկներն այնպես են վազվզում ու խաղում, որ տեսնելիս, փառավորվում ես, լցվում սիրով: Չէ որ այդ անմեղ մանուկների մեջ է մեր վաղվա օրը, մեր երկրի լուսավոր ապագան… Երբ այցելեցի Սարգսյանների նոր բնակարանը, իմ առջև դուռը բացեցին հենց այդ փոքրիկները և չարաճճի աչքերն ուղղելով ինձ՝հրավիրեցին ներս: Նորակառույց տունը հարմարավետ ու լուսավոր էր: Ձմեռային այդ օրն արեգակի ճաճանչներն այնպես էին ներթափանցել տան պատուհաններից, որ ամեն ինչ լուսափայլ էր ու պայծառ: Տանը տիրող ջերմությունն անմիջապես փոխանցվեց ինձ, այնքա՜ն ուրախ էի այս ընտանիքի համար, այս գեղեցիկ պայմանների և այն հավատի, որ ապրում էր նրանցից յուրաքանչյուրի մեջ: <<Ծնելիության և բազմազավակության խթանման իրականացում>> ծրագրի շրջանակներում Սարգսյանների համար կառուցվել էր չորս սենյականոց բնակարան: Երբ ստացան տան բանալիները, երիտասարդ ծնողները ցանկացան անմիջապես տեղափոխվել նոր տուն: Չէ որ շուտով Ամանորն է, ուզում էին այստեղ դիմավորել Նոր տարին ու երազանքներ պահել երեխաների համար: Նոր տունը նրանց ձգում էր վիթխարի ուժով, սակայն կային որոշակի խոչընդոտներ, որոնք հաղթահարելու համար Վրեժ Սարգսյանը ֆինանսական միջոցներ չուներ: <<Երեխաներս շատ էին ուզում տեղափոխվել մեր նոր տունը: Ինչքան էլ բացատրում էի, որ տան համար պատշաճ գույք չունենք, մի քիչ համբերել է պետք, նրանք չէին համակերպվում: Ընդառաջ գնալով երեխաներիս խնդրանքին՝ տեղափոխվեցինք: Ճիշտ է, անհարմար եմ համարում նոր տունը հին կահույքով կահավորելու, սակայն ինչ արած…>>,-ասում է ընտանիքի հայրը, և ես նրա ձայնում հուսահատ ելևէջներ եմ նկատում: Ինչքա՜ն գեղեցիկ կլիներ, որ նոր տան կահավորանքը փայլեր տան պատերի պես, և ոչ մի մտահոգություն չունենար բազմաերեխատեր ընտանիքը… Մեր հետաքրքիր զրույցի ընթացքում ես ավելի սիրեցի իմ ժողովրդին: Համոզվեցի, որ կարեկից ենք մեկս մյուսիս հանդեպ, բարյացակամ, կամեցող: Ես տեղեկացա, որ Ասկերանի քաղաքապետարանի ուշադրությունը սևեռված էր այս ընտանիքին՝առանձնապես, երբ ծնվել էին զույգ տղաները: Մանկասայլակները, որոնց կարիքը շատ էր զգացվում, նրանք նվեր էին ստացել Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանից: <<Երբ որոշվեց, որ մեր տունը պիտի կառուցվի հենց այս տարածքում, մենք շատ ուրախացանք, քանզի ապրելու էինք մի այնպիսի մարդու հարևանությամբ, ով էությամբ բարի և ազնվահոգի մարդու համբավ ուներ: Ինչ խոսք, հեշտ չէ վեց երեխաներ պահել, հագցնել ու դաստիարակել: Հավանաբար զգալով դա, Իվան Հարությունյանը սկսեց օգնել իմ ընտանիքին և այս վերջին տարիներին նրա ֆինանսական աջակցությամբ ենք կարողանում լուծել տան ջեռուցման ծախսերը: Ուրախ և հպարտ եմ, որ այդպիսի հոգատար և բարեսիրտ մարդիկ կան մեր շրջապատում>>,-ասաց Վրեժ Սարգսյանը: Թեև այս ընտանիքին շատ վաղուց էի ճանաչում, սակայն մեր անկաշկանդ ու անկեղծ զրույցի ընթացքում նոր բացահայտումներ էի անում: Ես հյուրընկալվել էի ազնիվ, աշխատասեր մարկանց օջախում, ովքեր երազում էին պայծառ գալիքի, սոցիալական արդարության ու խաղաղության մասին՝ իրենց ընտանեկան երջանկության գաղտնիքը համարելով երեխաների առողջությունը: Վեց երեխաների մայր Գայանեն չէր տրտնջում դժվարություններից, թեև գիտակցում էր, որ շատ անելիքներ ունեն ապագայում: Նա մտածում էր երեխաներին հայեցի դաստիարակություն տալու, իսկական մարդ կերտելու մասին: <<Ես իմ երեխաներով եմ հարուստ և երջանիկ: Ցանկանում եմ նրանց դաստիարակել այնպես, որպեսզի նրանք դառնան Արցախի համար արժանի զավակներ: Երախտապարտ եմ մեր երկրի կառավարությանը՝ մեզ աջակցելու և այս հրաշալի տունը պարգևելու համար: Մեր օջախում ավելացավ լույսն ու հավատը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնել ու սատարել են մեզ, զգացված եմ ամեն մի անկեղծ խոսքի ու բարի խորհրդի համար: Հայ մայրերին կոչ եմ անում շատ երեխաներ ունենալ, չէ որ մեծ հաճույք է շրջապատված լինել մանուկներով, զգալ նրանց անաղարտ շունչը, անմեղ էությունը >>,-գորովանքով նշում է Գայանեն և երջանկությունից շողացող հայացքն ուղղում դեպի իր երեխաները: Գիտե՞ք, ես մի առանձնահատուկ բավականություն ստացա այս հանդիպումից: Խաղաղ, առողջ և լավատեսությամբ լցված ընտանիքը համախմբվել էր Գալյա տատիկի շուրջը, ով հիանում էր թոռներով ու երազում հպարտանալ նրանց հաջողություններով: Թեպետ, հոգու խորքում Վրեժ և Գայանե Սարգսյանները բազմաթիվ մտահոգություններ ունեին, սակայն աշխատում էին, ինչպես արցախցին է ասում, սրտները լայն պահել և նայել առաջ… Շնորհավորենք Սարգսյանների բնակարանամուտը, թող նրանց օջախում իշխի ներդաշնակությունը, երեխաների ուրախ ծիծաղից նեղվեն տան պատերը… Հուսով եմ, որ այս ընտանիքի հանդեպ պետական հոգածությունը շարունակական կլինի և գալիք տարում կգտնվեն սրտացավ մարդիկ, որոնց աջակցությամբ կլուծվեն Սարգսյաններին մտատանջող կենցաղային խնդիրները: Իսկ մեզ բոլորիս կցանկանայի լինել բարեգութ, կարեկից, թող յուրաքանչյուր մարդ արժանի լինի իր կոչմանը և թող մարդկանց հոգիներից արմատախիլ արվի չարը: Եկեք, մեզանից դեն նետենք անտարբերության քողը, լավություն անենք մեկս մյուսին: Այդժամ կզգանք. ինչքա՜ն երջանիկ ենք մենք, երբ երջանկացնում ենք ուրիշներին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |