ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՄՊՍ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
27.12.2018 15:35

Շուտով Ամանոր է… Ամենասպասված և բարի տոնը, որին սպասում ենք յուրաքանչյուրս, սպասում ենք սրտի տրոփյունով և հրաշքների ակնկալիքներով: Այդ օրը մեզանից յուրաքանչյուրի սրտում ասես մի կախարդական հեքիաթ է արթնանում, որտեղ իշխում են միայն բարությունը, սերն ու ջերմությունը:

Տոնական և հանդիսավոր տրամադրություն է թևածում Ասկերանի շրջանի բոլոր կրթամշակութային օջախներում և հիմնարկներում: Ամենուր ամանորյա հանդեսներ են, ուրախ և հրաշալի տրամադրություն:

Դեկտեմբերի 26-ին տոնական տրամադրություն էր տիրում Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Զարդարված և լույսերի մեջ ողողված տոնածառը բազմել էր դահլիճի կենտրոնում և իր շուրջը հավաքել սաներին, նրանց ծնողներին ու խմբակավարներին: Բոլորի դեմքերը շողում էին երջանկությունից, փոքրերի հետ մեծերը ևս մանկացել էին ու սպասում էին հրաշքների:

Կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանը շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

-Սիրելի փոքրիկներ, մոտենում են ամենահրաշալի ու բարի տոները, որին սրտատրոփ սպասում են մեզանից յուրաքանչյուրը: Ես ցանկանում եմ, որպեսզի ձեր դեմքերը միշտ փայլեն այս տոնածառի լույսերի պես, իսկ ձեր աչքերը փայլատակեն ուրախությունից: Թող ձեր կյանքում ավելանան հաճելի անակնկալներն ու բարի լուրերը: Համոզված եմ, եկող տարին չի զիջի գնացող տարվան և մենք կշարունակենք արձանագրել հաջողություններ ու վերելքներ:

Կենտրոնի սան Վիկտորիա Ստեփանյանը, ով ստանձնել էր հաղորադավարի դերը, ասես չքնաղ մի արքայադուստր լիներ: Այնքա՜ն գեղեցիկ և հուզիչ էր նրա խոսքը: Շնորհավորելով բոլորին գալիք տոների առթիվ՝ նա չմոռացավ նաև սահմանում կանգնած զինվորին և մաղթեց նրանց անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ: Չէ որ երեխաներն այնքան շատ են սիրում մեր զինվորներին և աղոթում նրանց համար:

Կենտրոնի, Իվանյանի և Այգեստանի մասնաճյուղերի սաները բարի հուշերով էին ճանապարհում 2018 թվականը և մեծ հույսերով դիմավորում Նոր տարին: Այնքա՜ն երազանքներ ու ցանկություններ ունեին փոքրիկները, նրանք անկեղծ ուրախանում և հրճվում էին մեծերի հետ: Սաների ասմունքը համեմված էր բազում մաղթանքներով: Նրանք բոլորի ընտանիքներին երջանկություն, սեր էին ցանկանում և համոզմունք հայտնում, որ բոլոր խնդիրները կմնան անցյալում և 2019 թվականը կլինի ուրախ և հրաշքներով լի տարի:

Արի՛, Նոր տարի,

Ե՛կ ու ազատի մեզ հոգս ու ցավից,

Օգնի՛ր մեզ զատել միշտ վատը լավից,

Թև ու թիկունք տուր մեր նորոգ հույսին

Դարձի՛ր խնդություն և ակունք լույսի…

Երեխաների երգերն ու պարերը կատարյալ էին և անսքող ուրախությամբ էին պատել բոլորին: Ազգագրական <<Խամ-խամ>> և <<Բուլուլ>> պարերը ոգևորության ալիքներ էին բարձրացրել դահլիճում:

Ահա հանդեսի ամենասպասված պահը՝ ներս մտան Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը և երեխաները խինդ ու ծիծաղով շրջապատեցին նրանց: Չէ որ հաճելի անակնկալների պահն էր և նրանք ստացան սպասված նվերները:

Ապա հանդիսատեսը վայելեց թատերական խմբի <<Ամանորյա հանդեսը>> բեմականացումը: Կենտրոնի դահլիճը թնդում էր ծափերից և ուրախ բացականչություններից: Ամեն ինչ կատարյալ էր, տոնական ու անկեղծ:

Միջոցառման վերջում Մերի Գաբրիելյանը գովասանագրերով պարգևատրեց կենտրոնի բոլոր աշխատողներին, իսկ սաներն ստացան գեղեցիկ հուշանվերներ:


Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter