ԱՄԱՆՈՐՅԱ ՈԳԵՇՈՒՆՉ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
27.12.2018 15:45

Նույն օրը ամանորյա գեղեցիկ անակնկալներով իր հյուրընկալ դռներն էր բացել Ասկերանի արվեստի դպրոցը: Դպրոցի դահլիճը ողողված էր ամանորյա շնչով, զարդարված խայտաբղետ փուչիկներով ու խաղալիքներով: Ամենուր սաների ձեռքերի հրաշալի գործերն  էին, որոնք վկայում էին նրանց քրտնաջան աշխատանքի մասին:

Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Վահագն Առստամյանը, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, հյուրեր, ասկերանցիներ:

Տոնական միջոցառումը վարում էր դասատու Ռուզաննա Մելքումյանը:

-Մեծ սիրով և ջերմությամբ շնորհավորում ենք բոլորիդ գալիք տոների առթիվ, թող այս տարին մեզ բերի սեր, խնդություն և խաղաղություն, անիրականը թող դառնա իրականություն:

Տասնյակ տարիներ մեր սաները մասնակցել են տարբեր մրցույթների և իրենց բազմաթիվ հաջողություններով լույսով ողողել բոլորիս հոգիները: Այդ են վկայում բազմաթիվ պատվոգրերն ու դիպլոմները: Ցանկանանք, որպեսզի եկող տարին ևս արգասաբեր լինի, բազմապատկվեն մեր սաների ձեռքբերումները և արվեստի դպրոցը փայլի, ինչպես միշտ:

Ռոբերտ Շումանն է ասել,-<<Արվեստագետի կոչումն է լույսով ողողել մարդկային հոգու խորքերը>>…

Եկեք լսենք մեր երեխաներին և ողողվենք անարատ և պայծառ լույսերով:

Արվեստի դպրոցի, Նորագյուղի և Խնապատի մասնաճյուղերի  սաները հանդես եկան երաժշտական կատարումներով՝ ներկաներին պարգևելով հաճելի և տոնական տրամադրություն: Նրանց պարային կատարումները մի յուրահատուկ հիացմունք պատճառեցին հյուրերին: Առանձնապես ոգևորիչ  էին հետաքրքիր ու զավեշտական բեմականացված պարերը:

Արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանն իր սրտի խոսքն ուղղեց ներկաներին.

-Այսօր գեղեցիկ և հիշարժան օր է բոլորիս համար: Մենք վայելեցինք սաների հրաշալի կատարումները, կտրվեցինք առօրյա հոգսերից, լցվեցինք լավատեսությամբ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ ներկա գտնվեցիք այս միջոցառմանը և կիսեցիք մեր ուրախությունը: Արցախ աշխարհին ցանկանում եմ խաղաղություն, թող բոլորս ապրենք ու արարենք միայն կապույտ երկնակամարի ներքո:

Շնորհավորանքի խոսք ասաց նաև շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը: Նա շնորհավորելով ներկաներին գալիք տոների առթիվ՝ նշեց, որ սաները կարողացան մեծ բավականությամբ և բերկրանքով պատել բոլորին: <<Թող 2019 թվականին երջանկությունն այցելի բոլորի օջախները և ամրապնդվի ապագայի հանդեպ ունեցած մեր հույսն ու հավատը >>,-ավելացրեց Ռուզաննա Մկրտչյանը:

Հուզմունքով և հպարտությամբ էր պարուրված արվեստի սիրահար Թաթուլ Շեկյանի ելույթը: Նրա թոռնիկները մշակութային այս օջախի սաներն են և սիրառատ պապիկը հաճախակի է այցելում արվեստի դպրոցը:

<<Ամեն անգամ զմայլվում եմ այս օջախի ելույթներով, մեծ հաճույք եմ ստանում սաների ու դասատուների համախմբված աշխատանքից, որից էլ բխում են այսօրինակ հանդեսները: Ինչպես միշտ, դպրոցն իր բարձրության վրա էր, որի համար շնորհակալություն եմ հայտնում ողջ կոլեկտիվին՝ Անահիտ Բադալյանի գլխավորությամբ: Իսկապես, մեր հոգիները մաքրվեցին փոշուց, ստացանք դրական էներգիա և պատվեցինք ամանորյա տրամադրությամբ>>,- նշեց Թաթուլ Շեկյանը:

Միջոցառման վերջում խանդավառված սաներն ստացան հուշանվերներ:

Թող Արցախ աշխարհում հնչեն միայն խաղաղություն ավետող զանգերի ղողանջները, թող 2019 թվականը երջանկություն, համերաշխություն բերի բոլորիս ընտանիքներին, թող ամեն մի հայկական օջախում ավելանան մանկան ճիչերը և հաղթանակի սոսկ լավն ու բարին…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter