ԳԱԼԴ ԲԱՐԻ՝ ՆՈՐ ՏԱՐԻ
28.12.2018 10:40

Գալիք տոների շունչը շուրջ մեկ ամիս է, ինչ զգացնել է տալիս։ Ամենուրեք վառվող ու բոցկլտացող բազմերանգ լույսեր, խանութների ցուցափեղկերի անասելի առատություն և լիություն։  Իսկ դեկտեմբերի 27-ին Ասկերանի կենտրոնական պուրակում արդեն թևածում էր բոլորիս ամենասպասված ու ամենացանկալի տոնը։ Ամանորի տոնական տրամադրությամբ քաղաքային պուրակում էին հավաքվել շրջանի և քաղաքի ղեկավար կազմերը, համայնքի բնակիչներ։ Ասկերանի քաղաքապետարանի և շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ կենտրոնի փոխհամագործակցությամբ ասկերանցի մանուկների համար կազմակերպվել է տոնական գեղեցիկ միջոցառում։ Մինչ երեխաներին այցի կգային տարվա ամենասպասված և ամենացանկալի հյուրերը՝ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և արվեստի դպրոցի սաները հանդես եկան երգերի, պարերի և ասմունքի գեղեցիկ կատարումներով։ Շուտով այցի եկան նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ բերկրանք պարգևելով հավաքվածներին։ Վառվեցին տոնածառի լույսերը։ Երեխաներից յուրաքանչյուրն ուզում էր ուրախացնել Ձմեռ պապիկին իր արտասանությունով, երգով ու պարով։ Չէ որ դրա համար բարի պապին նվերներ էր պատրաստել։ Ուրախ շուրջպարը, երգն ու ծիծաղը փոխարինում էին մեկը մյուսին։ Հրաշալի հրավառությունը կրկնապատկեց տոնական տրամադրությունը։

Արժե նշել, որ քաղաքի բնակիչների Ամանորյա տրամադրությունն ապահովելու համար  հարազատ բնօրրանի հոգսերով ապրող մարդիկ կրկին բարեգործությամբ են հանդես եկել։ Ասկերանցի՝ 0-ից մինչև 1 տարեկան շուրջ 50 երեխաների համար տոնական քաղցր նվերներ է պատրաստել ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ով և Ամանորի տոնական հրավառության բարեգործն էր։ Ավանդության համաձայն ասկերանցիների լավ բարեկամ ու մտերիմ Վարդան Գաբրիելյանի բարեգործության շնորհիվ Ասկերանը կրկին ողողված էր տոնական լույսերով։ Յուրօրինակ հովանավորչությամբ է հանդես եկել քաղաքապետ Սամվել Աղաջանյանը։

Այսօր քաղաքապերատանում 1-3 տարեկան երեխաներին նվերներ կբաժանվեն։

Անկախ ամեն ինչից մեզանից յուրաքանչյուրը հավատում է Ամանորյա հրաշքներին։ Տա Աստված 2019-ին հաջողությամբ պսակվեն բոլորիս բարի ձեռնարկումները։ Տնտեսական դաշտում աննախադեպ հաջողությունների արձանագրում, սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հոգսերից թոթափում, հիվանդներին՝ առողջություն և հաղթանակների կրկնապատկում գալիք տարում։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter