ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ |
28.12.2018 13:46 |
Սիրելի հայրենակիցնե՛ր. Մի քանի օրից պատմության գիրկը կանցնի 2018 թվականը և մեզանից յուրաքանչյուրն ինքը կորոշի, թե ինչն է հիշելու ուրախությամբ և ինչը` գուցե թախիծով: Անցնող տարին նաև փորձությունների տարի էր, և այդ փորձությունները մեր ժողովուրդն արժանապատվորեն հաղթահարեց: Ինչպես տարիներ շարունակ, 2018-ին նույնպես, թշնամին մեր անդորրը խաթարելու փորձեր էր ձեռնարկում: Սակայն այդ փորձերն ամեն անգամ արժանի հակահարված էին ստանում մեր քաջարի զինվորների կողմից: Այս ամենը մեզ պարտավորեցնում է լինել ավելի միասնական և մեծ պատասխանատվությամբ կատարել մեր պարտականությունները: Այս գեղեցիկ տոնի նախաշեմին ես գլուխ եմ խոնարհում Հայրենիքի ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների շիրիմների առաջ։ Խոնարհվում եմ նաեւ քաջածին մայրերի առաջ և հավաստիացնում, որ նրանց զավակների հիշատակը հավերժ կապրի երախտապարտ սերունդների սրտերում։ Սիրելի հայրենակիցնե՛ր, նոր` 2019 թվականին բոլորիդ մաղթում եմ հաջողություն: Թող Նոր Տարին ձեզ և ձեր ընտանիքներին խաղաղություն, սեր եւ բարեկեցություն պարգևի: Մեր սահմանապահ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հարազատ օջախներ։ Թող Աստված պահապան լինի բոլորիս ընտանիքներին և մեր հաջողության գրավականը թող դառնան սերն ու միասնությունը: Հայոց բազմադարյա պատմությունը մեզ միայն մի բան է սովորեցնում` մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք: Ուրեմն միասնական ուժերով շենացնենք մեր Հայրենիքը։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ… |