ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ |
28.12.2018 12:52 |
Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստը: Այն վարում էր շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանը: Նիստի աշխատանքներին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներ: Օրակարգի առաջին հարցը շրջանի տարածքում 2018 թվականի կապիտալ ներդրումների ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների և հետագա խնդիրների մասին էր, որի շուրջ տեղեկանք ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը: Շրջանի տարածքում 2018 ԱՀ թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով, Հայաստան համահայկական հիմնադրամի և ֆինանսական այլ աղբյուրների հաշվին որոշակի աշխատանքներ են իրականացվել կապիտալ շինարարության, օբյեկտների վերակառուցման-վերանորոգման, շրջանի համայնքներում աղետից տուժած բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների վերականգնմանն աջակցելու համար շինանյութերով օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Կառուցապատման աշխատանքներում զգալի բաժինը շարունակում է մնալ պետական պատվերով իրականացված ներդրումները, որոնց ծավալը կազմում է ավելի քան 1318361.7 մլն դրամ նախորդ տարվա 860.8 մլն դրամի դիմաց: Ընթացիկ տարում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար վերանորոգվել է 6 բնակելի տուն, 5 ընտանիքների տրամադրվել է փոխհատուցում: Բազմազավակ ընտանիքների համար կառուցվել է 10 բնակելի տուն, ընթացքի մեջ է 2 բնակելի տան շինարարությունը: Այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների համար Ուղտասար և Սղնախ գյուղերում կառուցվում են մեկական բնակելի տներ, 5 ընտանիքների ցուցաբերվել է աջակցություն բնակարանների և տանիքների վերանորոգման սանհանգույցի կառուցման հարցում: Կառուցվել և շահագործման են հանձնվել Ուղտասարի համայնքի դպրոցական շենքի, Իվանյանի, Քռասնու, Խնձրիստանի համայնքների հանդիսությունների տները և համայնքային կենտրոնները, վերանարոգվել շրջվարչակազմի և շրջդատախազության շենքերի որոշ սենքեր, բարեկարգման նպատակով վերակառուցվել սահմանամերձ Խրամորթ, Փառուխ, Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքների կենտրոնական գյուղամիջյան ճանապարհների հենապատերի որոշակի հատվածներ: Ընթացքի մեջ է Շոշի համայնքի 50 տեղանոց և Աստղաշենի համայնքի 30 տեղանոց մանկապարտեզների շենքների շինարարությունը: Նշանակալի աշխատանքներ են տարվել նաև շրջվարչակազմին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին նորաստեղծ <<Խաչենշին>> ՓԲԸ-ի կողմից: Տարվել են ճանապարհների վերանորոգողական, ինչպես նաև ջրամատակարարման համակարգի վերակառուցման ուղղությամբ բավականին աշխատանքներ: Շրջանի տարածքում ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով ԱՀ շրջանների կարողությունների զարգացման նպատակով կապիտալ ներդրումներով նախատեսված միջոցներով ձեռք են բերվել շինանյութեր և օգնության կարգով 84.0 մլն դրամ տրամադրվել ավելի քան 250 ընտանիքների և 21 հասարակական օբյեկտների: Կապիտալ շինարարության բնագավառում դեռևս առկա են որոշակի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ բաժնի կողմից քայլեր են ձեռնարկվում: Օրակարգի երկրորդ հարցն արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների դրվածքն էրԱվետարանոցի, Այգեստանի, Պատարայի և Խնապատի միջնակարգ դպրոցներում, որի մասին տեղեկանք ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը: Հանրակրթական հաստատությունները և արտադպրոցական հիմնարկները մեծ առաքելություն պետք է կատարեն սովորողների համակողմանի դաստիարակության, նրանց կյանքի նախապատրաստելու, օրվա ռեժիմն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: Այդ առումով բավարար աշխատանքներ են կատարում վերոնշյալ դպրոցների մանկավարժական կոլեկտիվները, առանձին օղակների պատասխանատուներ: Դպրոցներում աշխատանքային պլանները հաստատված են մանկավարժական խորհրդի առաջին նիստում՝ ընդգրկած սովորողների դաստիարակության, արժեքային համակարգի ձևավորման, միջոցառումների բազմաբնույթ հարցերով: Նշված դպրոցներում հիշարժան և տոն օրերի առթիվ կազմակերպվում են միջոցառումներ, լույս են ընծայվում պատի թերթեր, անց են կացվում ինտելեկտուալ խաղեր և մրցույթներ: Խմբակային պարապմունքները գտնվում են տնօրինության ուշադրության կենտրոնում: <<Դպրոց-բանակ>> համագործակցության շրջանակներում աշակերտների կողմից պատրաստվել են ամանորյա նվեր-արկղեր և ուղարկվել զինվորներին: Վերոնշյալ դպրոցներում ձևավորված է պետականության անկյուն, որտեղ անց են կացվում հանդիսավոր միջոցառումներ, բարձր հիմքերի վրա է ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքը: Այս դպրոցների աշակերտներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում շրջանային միջոցառումներին /ասմունք, շարադրությունների մրցույթ, կենգուրու, սպորտային մրցություններ/: Տեղեկանքով հանդես եկավ նաև վիճակագրության Ասկերանի շրջբաժնի պետ Սուրեն Թովմասյանը: Նա ներկայացրեց համայնքներում տնտեսությունների հաշվառման, ժամանակավոր բնակվող անձանց ցուցակի և տնտեսությունների այբբենական գրքերի վարման դրվածքը: Համայնքների գրքերը հիմնելու միջև ընկած ժամանակահատվածում /2016-2020 թթ./ ամեն տարի համայնքների աշխատակազմերը պարտավոր են անցկացնել համատարած ստուգում և կատարված գրանցումների ճշգրտում: 2018 թվականի տարբեր ժամանակահատվածներում ստուգելով համայնքի գրքերի վարման դրվածքը՝ պարզվել է, որ բոլոր համայնքների աշխատակազմերն առաջնորդվում են ԱՀ ԱՎԾ-ի կողմից հաստատված ցուցումներով և կատարել են համապատասխան աշխատանքներ համայնքներում տնտեսությունների հաշվառման, համայնքի գրքերի վարման լրացման ամբողջականությունն ու ճշգրտության ապահովման ուղղությամբ: Համայնքի տնային տնտեսությունների հաշվառման և ցուցակների պահպանման, ժամանակին ու արժանահավատ գրանցումների կատարման աշխատանքներն առավել լավ է իրականացվում Ասկերանի, Ակնաղբյուրի, Այգեստանի, Աստղաշենի, Ավետարանոցի, Դաշուշենի, Խանցքի, Խաչենի, Իվանյանի, Խնապատի, Խրամորթի, Ներքին Սզնեքի, Նորագյուղի, Սարուշենի, Մադաթաշենի, Ջրաղացների և Սղնախի համայնքներում: Ուսումնասիրությունների ընթացքում որոշ համայնքներում ի հայտ են բերվել տարբեր բնույթի թերություններ: 2018 թվականի ընթացքում ուսումնասիրված բոլոր համայնքների ղեկավարներին և աշխատակազմերի քարտուղարներին տրվել են համապատասխան ցուցումներ և մեթոդական օգնություն ի հայտ բերված թերությունների վերացման ուղղությամբ: Սուրեն Թովմասյանը հորդորեց համայնքների ղեկավարներին ուժեղացնել ուշադրությունն ու վերահսկողությունը համայնքի գրքերի վարման, վիճակագրական հաշվետվություններում ներառված տվյալների արժանահավատության ապահովման և սահմանված ժամկետներում ներկայացման վրա: Ներկայացվեցին նաև օրակարգային մի շարք հարցեր, ընդունվեցին համապատասխան որոշումներ և արվեցին հայտարարություններ: Նիստի վերջում Վլադիմիր Բալասանյանը շնորհավորեց ներկաներին գալիք տոների առթիվ՝ մաղթելով խաղաղ երկինք, առողջություն և բարօրություն բոլորի ընտանիքներում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |