ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
14.01.2019 15:23

Հունվարի 14-ին Ասկերանում ձմեռային հերթական զորակոչն էր: Զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր: 20 պատանի պատրաստվում էր համալրել ԱՀ ՊԲ շարքերը: Նրանցից յուրաքանչյուրը լցված էր ինքնավստահությամբ և քաջ գիտակցումով, որ Հայրենիքի սահմանների պաշտպանությունը վեր է ամեն ինչից, նրանք պատվով են շարունակելու իրենց հայրերի ու պապերի սուրբ գործը:

Նորակոչիկներին ճանապարհելու և բարի ծառայություն մաղթելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Վահագն Առուստամյանը, Արցախյան պատերազմի ազատամարտիկներ:

Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը ողջունելով ներկաներին և նրանց շնորհավորելով այս հիշարժան օրվա առթիվ՝ շեշտեց.

-Համոզված եմ, որ այս տղաներն ամենայն պատասխանատվությամբ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները, քանզի նրանք իրենց հայրերի արժանի հետնորդներն են՝ նրանց գործի շարունակողները: Մեր ժողովուրդը երկար ճանապարհ է անցել, որը լի էր բազում դժվարություններով և արգելքներով, սակայն կարողացել է հաղթահարել ամեն ինչ և երբեք ծնկի չի եկել թշնամու առջև:

Կոչ եմ անում ձեզ լինել կարգապահ, միասնական, զգոն: Հիշեք, այստեղ ձեր վերադարձին են սպասում ձեր հարազատներն ու ընկերները:

Մայրական գորովանքով էր լցված Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի սրտի խոսքը.

-Այսօր ձեր գիտակցական կյանքի ինքնադրսևորման առաջին քայլն եք կատարում, դուք զինվորագրվում եք Արցախի պաշտպանության բանակին և դառնում եք մեր սահմանների պահապանները: Մենք վստահում ենք ձեզ, իմացեք, Արցախը Հայրենիք է, այլ ոչ թե տարածք և դուք կոչված եք այն պաշտպանելու: Թող ձեր ծառայությունը բարի ու անխոչընդոտ լինի: Մեզանից յուրաքանչյուրը սրտատրոփ սպասելու է ձեր վերադարձին, թող Աստծո աջը լինի ձեր գլխավերևում:

Արցախյան պատերազմի ազատամարտիկներ Սլավիկ Առուշանյանը և Վիգեն Գաբրիելյանը բարի ճանապարհ մաղթեցին նորակոչիկներին: Նրանք համոզմունք հայտնեցին, որ տղաները լավ կյուրացնեն զինվորի մասնագիտությունը, կտիրապետեն բոլոր նրբություններին և կդառնան Հայրենիքի իսկական պաշտպաններ: Ազատամարտիկները նորակոչիկներին կոչ արեցին լսել հրամանատարներին, լինել միմյանց հանդեպ հարգալից և ամեն ինչից վեր դասել Հայրենիքի սահմանների պաշտպանությունը:

Տոնական միջոցառումն ուղեկցվում էր Ասկերանի <<Բերդ>> համույթի երգ ու նվագով, որն ավելի մեծ ուժ և վստահություն էր հաղորդում ներկաներին: Նորաթուխ զորակոչիկների հարազատներն ակնհայտ հպարտությամբ և լավատեսությամբ էին պարուրվել: Նրանք հավատում էին, որ տղաները ծառայելու են այնպես, ինչպես վայել է իսկական հայորդուն, չէ որ նրանք ստացել են հայեցի դաստիարակություն, ունեն մեծ ուժ և ամուր կամք:

Սիրելի՛ տղաներ, մենք վստահում ենք ձեզ: Թող ձեր ծառայությունն անփորձանք ու խաղաղ լինի…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter