ԵՐԲ ԲԱՌԵՐՆ ԱՆԳԱՄ ԱՆԶՈՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ…
14.01.2019 16:44

Պարտադրված պատերազմը բազմաթիվ մարդկային ճակատագրեր է խեղաթյուրել… Արդարության ու ազատության համար մղված պայքարը որքան համազգային կարևոր նշանակություն ունեցավ, նույնքան ճակատագրական անդառնալի կորստյան ցավով պատեց մեզանից շատերին։ Հուսահատ ու անիմաստ կյանքով ապրելու ցավի ու կսկիծի պահեր շատերս ենք ապրել, սակայն մեր մեջ ուժ ենք գտել, մեր հարազատների հիշատակը հավերժ պահելու և խնկարկելու մեջ տեսնելով ապագան։

Ասկերանցիներից շատերն են քաջածանոթ Անյա Հայրիյանին, ում մշտապես կարելի է տեսնել սև հանդերձներով, գլխիկոր, սակայն մշտապես բարեհամբույր, սիրալիր ու լուսավոր։ Դառը ճակատագիր է նրան բաժին հասել. արցախյան ազգային-ազատագրական պայքարում զոհվել է կրտսեր որդին՝ Կիման, իսկ ավագ որդին՝ Կամոն ռուսաստաններում փնտրելով օրվա ապրուստը անբուժելի հիվանդություն է ձեռքբերել ու վախճանվել։ Վշտից ու դառը ճակատարից մի բուռ դարձած ամուսինը՝ Կարո Հայրիյանը նույնպես անժամանակ հեռացավ կյանքից։ Ինչպես ասում են՝ կյանքն ապրել է կորուստը կորստի ետևից… Այսքանով հանդերձ Անյա մայրիկը չի չարացել, չարությամբ չի լցվել աշխարհի հանդեպ, այլև ընդունելով ճակատագրի յուրաքանչյուր դաժան հարված էլ ավելի է խեղճացել, մի բուռ դարձել։

Կյանքը Անյա մայրիկի համար բաժանվել է երկու մասի՝ մինչև արցախյան պատերազմ և դրանից հետո։

Այր ու կին աշխատում էին։ Երազում էին մեծ ու բազմամարդ ընտանիք ունենալու մասին։ Սակայն ճակատագրի բերումով 5 երեխաներից միայն երկուսին հաջողվեց ոտքի կանգնեցնել։ Էլի որ ոչնչից չէին դժգոհում։ Սակայն Արցախի երկնակամարում աստիճանաբար կուտակվող չարագույժ ամպերը ոչ մի լավ բան չէի հուշում։

-Երբևիցե մեր տղաներին չենք հանդգնել ինքնապաշտպանական ջոկատներին անդամագրելուց ետ պահենք։ Կիման դեռ նոր էր վերադարձել խորհրդային բանակից, երբ արդեն ձևավորվում էին ինքնապաշտպանական ջոկատները և առանց վարանելու անդամագրել է։ Եթե յուրաքանչյուր մայր ետ պահեր իր զավակին, ապա ո՞վ տեր պիտի կանգներ մեր Հայրենիքն, ո՞վ պիտի պաշտպաներ մեր բնօրրանը,- ասում է Անյա մայրիկն ու խոր հոգոց հանում։

Հունվարի 11-ին լրացավ սիրասուն զավակի՝ Կիմայի ծննդյան 50-ամյակը։ Եվ արդեն 27-րդ տարեդարձն է, որ ծնունդ են նշում առանց հոբելյարի։ Կրկին հավաքվեցին հարազատները, այցի գնացին հերոս որդուն…

Կիմա Կարոյի Հայրիյանը ծնվել է 1969թ. հունվարի 11-ին, Ասկերանում։  Ավարտելով տեղի միջնակարգը՝ ընդունվել է Ստեփանակերտի ավտոդպրոցը։ 1988-90թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելով միացել է հայրենիքի անվտանգության ու ազատության համար հարազատ բնօրրանում ձևավորվող ինքնապաշտպանական ջոկատին։ Այնուհետև  կամավորագրվել է Սարդարաշենի Կայծ ջոկատին, որի կազմում մասնակցել է Քարագլխի, Տխտաքարի պաշտպանական մարտերին։ 1992թ. հոկտեմբերի 28-ին հակառակորդը կատաղի գրոհ էր սկսել Սարդարաշենի ուղղությամբ։ Ուժերն անհավասար էին, միչև ատամները զինված թշնամու առաջխաղացումը կասեցնելու ժամանակ հերոսաբար նահատկվեց Կիման։ Հայրենիքին մատուցած ծառայության համար Կիմա Հայրիյանը հետմահու պարգևատրվել է §Արիության համար¦ մեդալով։

Ծանր ու դժվարին են եղել  Անյա Հայրիյանի ապրած կյանքի օրերը։ Նույնքան ծանր էր մխիթարանքի խոսքեր գտնելը, որևէ բառով նրա վիշտը ամոքելը։ Երբ այցելեցինք նրան, նա իր հանգիստ ու հանդարտ բնավորությամբ, անսքող վիշտը թացքնող ժպիտով ընդունեց մեզ։ Իմանալով մեր այցի նպատակը տարակուսանքով ասաց՝ ի՞նչ ունեմ, որ ինչ ասեմ։

-Երբևիցե ոչ մեկի վատը չեմ ցանկացել, իսկ իմ կրած դառը ճակատագիրը նույնիսկ թշնամուս չեմ ցանկանա,- ասում է Անյա մայրիկն ու հավելում,- ¹եռ գոյությունս պահում եմ։ Միակ ցանկությունս այն է, որ երբեևիցե Արցախում նորից պատերազմ չսկսվի, մեղք են երիտասարդները։ Մենք հրաշալի երիտասարդներ ունենք, Աստված նրանց երկար կյանք պարգևի, և իրենց հմտությունները խաղաղ կյանքի համար պետք գան։

Արցախյան ազատամարտի տարիներին ծառայության էր անցել Ասկերանի հոսպիտալում։ Թե ինչպիսի հույզերի ու սրտաճմլիկ տեսարանների միջով է անցել Անյա մայրիկը, խուսափում է նույնիսկ վերհիշել։ Յուրաքանչյուր վիրավոր զինվորի հետ կիսում էր ցավն ու տառապանքը, ամոքիչ խոսքեր գտնում յուրաքանչյուրի համար։

-Մեծ հաշվով, ամբողջ կյանքս տանուլ եմ տվել։ Ես երախտապարտ եմ իմ հարազատներին, ովքեր ինձ երբեք մենակ չեն թողել իմ վշտերի հետ։ Այսօր էլ Կիմայի ծննդյան 50-ամյակին հավաքվել էին բոլորը։ Իսկ ի՞նչը կարող է փարատել կոտրված մոր սիրտը՝ միայն այն գիտակցումը, որ քո չլինելուց հետո էլ քո զավակներին չեն մոռանա, չեն մոռանա թեկուզ տարին մեկ անգամ նրանց շիրիմներին ծաղիկ խոնարհել… Միակ մտահոգությունս գերեզմանոցի տարածքի բարեկարգումն էր, որը վերջերս կարողացա գլուխ բերել։ Հիմա հանգիստ խղճով կարող եմ գլուխս բարձին դնել,- ասում է զրուցակիցս, ու նրա պայծառ դեմքին իջած խաղաղ ժպիտը կարծես թե լուսավորում էր շուրջս։ §Երիտասարդությունը գեղեցիկ դեմք ունի, իսկ ծերությունը գեղեցիկ հոգի¦ ասույթը կարծես թե հենց Անյա մայրիկի համար է ասված։

Հոդս են ցնդում բոլոր խոսքերն ու բառերը կարկամում են կոկորդումս…

Նա դեռ պիտի վայելեր կյանքն արդեն հասունացած, տղամարդ դարձած երկու որդիների և ընտանիքի հոգսերը ուսած ամուսնու հետ։  Թե քանի անքուն գիշեր է լուսացրել, կիմանա միայն նա, ինչքան արցունք թափել ու վշտահար երեսն Աստծուն ուղղել, ճչացել, խնդրել, աղոթել ազատել այդ անտանելի ու դժվար կացությունից, պատկերացնելն անգամ սարսափելի է։ Սակայն ցերեկներն իր տառապանքներն ի ցույց չի դրել։ Այլև խոնարհաբար ընդունելով ճակատագրի բոլոր դառնությունները՝ մնացել նույնքան բարի ու հեզ, ինչպիսին օժտել էր նրան բնությունը։  Հիրավի, այստեղ են ասել՝ դարդը տվեցին մարդուն՝ մարդը լուռ տարավ ու մի բուռ դարձավ…

Այսպիսին են հայ կանայք, ովքեր վիշտն ու տառապանքն ամփոփելով իրենց մեջ շարունակում են լույս ճառագել…

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter