ԹՈՂ ՀԱՎԵՐԺ ԿԱՆԳՈՒՆ ՄՆԱ ՀԵՐՈՍՆԵՐ ԾՆԱԾ ԱՅՍ ԳՅՈՒՂԸ |
16.01.2019 17:34 |
Ասկերանի շրջանի Խնապատ գյուղն ունի հնագույն պատմություն, այն սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից և շարունակվում մինչև մեր օրերը: Գյուղի տարածքը բնորոշվում է լեռնային ձևավորումներով, այստեղ հիմնականում ցածր և միջին բարձրության լեռներ են, որոնք իրարից բաժանվում են ձորերով ու գետահովիտներով: Խնապատի անտառը բնորոշ է իր թավուտներով, մուգ կանաչ և փարթամ սաղարթներով, բազմաթիվ պտղատու ծառերով: Այն հարուստ է ծառերի արժեքավոր տեսակներով: Գյուղի տարածքում տեղ-տեղ պահպանվել են դարավոր ծառեր, որոնք անցյալում պաշտամունքի առարկա են եղել, իսկ մեր օրերում հանդիսանում են բնության հրաշալի կոթողներ: Անտառամերձ ձորակներից են սկզբնավորվում գյուղի տարածքի աղբյուրներն ու գետակները: Խնապատ գյուղի անտառն ու հարակից նախալեռնային տարածքները հարուստ են հոտավետ դեղաբույսերով և բազմաթիվ խոտաբույսերով, որոնք մեծ տեղ են գրավում խնապատցիների սննդակարգում, օգտագործվում են նաև բուժական նպատակներով: Իսկ ինչպիսի՜ բուրումնավետ ծաղիկներով է շրջապատված գյուղը… Խնապատը հարուստ է նաև աղբյուրներով: Ձորակներում, անտառային թավուտներում ու սարալանջերին կարելի է հանդիպել մեծ ու փոքր աղբյուրների, որոնց մի մասը հասնում է գյուղի բնակչությանը: Ինչպես Արցախի ամեն մի բնակավայր, Խնապատի տարածքում կան բազմաթիվ մանրատեղանուններ, որոնց մեծ մասը հնագույն ծագում ունեն և սերնդեսերունդ ձևափոխվելով, հասել են մեզ: Հնագույն այս գյուղի տարածքում կան պատմական հուշարձաններ՝ միջնադարյան գյուղատեղիներ, եկեղեցիներ, գերեզմաններ, խաչքարեր, սրբավայրեր: Գյուղը հայտնի է նաև հնագիտական այնպիսի հուշարձաններով, որոնք հիմք են տալիս գյուղի պատմությունը վերագրելու շատ ավելի վաղ ժամանակների: Հերոսական գյուղ է Խնապատը…Երբ սկսվեց Մեծ Հայրենական պատերազմը, և ահավոր լուրը հասավ գյուղ, ավելի քան 250 քաջեր մեկնեցին ռազմաճակատ՝ կատարելու սրբազան պարտքը հայրենիքի հանդեպ: Նրանք մարտնչեցին անձնվիրաբար, խիզախորեն՝ պահպանելով ազատատենչ հայ զինվորի իսկական կերպարը: 104 խնապատցի ընկավ հերոսի մահով: Նրանց հիշատակին գյուղում կանգնեցված է կոթողային հուշարձան: Դեռևս 1870 թվականին Խնապատ գյուղում բացվել էր նախակրթարան՝ 15 աշակերտով: 1884 թվականին բացվում է եկեղեցական-ծխական դպրոց՝ ունենալով 32 աշակերտ: Ցարական իշխանության վարած հակահայ քաղաքականության պատճառով շուրջ 10 տարի/1896-1906թթ./ Հայաստանում և Արցախում փակվում են հայկական դպրոցները: 1896 թվականին Խնապատ գյուղում ևս փակվում է դպրոցը և վերաբացվում 1908-ին: 1910-1911թթ. դպրոցն ուներ 66 աշակերտ, 1917 թվականին՝ 78 աշակերտ, 3 բաժանմունք և 2 ուսուցիչ: Խորհրդային կարգերից հետո, սովորողների թվաքանակի հետ մեկտեղ, փոխվում է նաև դպրոցի կարգավիճակը: 1925 թվականին այն տարրական էր, 1928 թվականից՝ յոթնամյա, ապա դառնալով միջնակարգ՝ 1940-41 ուստարում տալիս է իր առաջին շրջանավարտները: Խնապատի միջնակարգ դպրոցը միշտ էլ հայտնի է եղել իր ուսման և կարգապահական բարձր որակներով: Արցախյան ազատամարտի տարիներին խնապատցին իրեն դրսևորեց արժանավայել, նա զենքը ձեռքն առավ և միաբռունցք կանգնեց պաշտպանելու հայրենի հողը: 37 քաջորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն այսօրվա մեր ազատ ու անկախ երկրի: Փա՜ռք խնապատցի բոլոր զոհված ազատամարտիկներին, փա՜ռք պատերազմի բոլոր մասնակիցներին… Պատերազմից հետո խնապատցին կարողացավ հավաքել իրեն, գյուղը սկսեց ապրել ու բարգավաճել… Խնապատի համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը, ով 2006 թվականից ղեկավարում է համայնքը, անթաքույց հպարտությամբ է խոսում հարազատ բնօրրանի մասին: -Աշխատասիրությունն օրհնյալ որակ է մարդու համար, իսկ խնապատցին աշխատասեր է, ազնիվ և պատվասեր: Այսօր անգործ մարդ չես տեսնի գյուղում: Փառք Աստծո, աշխատատեղեր կան, և բնակչությունը կարողանում է վաստակել իր օրվա հացը, սիրում է աշխատել հողի հետ, բարիքներ ստեղծել: Յուրաքանչյուրն զբաղվում է իր գործով, մտածում իր երեխային ճիշտ դաստիարակելու և պատշաճ կրթություն տալու մասին: Հպարտությամբ եմ փաստում, որ գյուղում արտահոսք չկա, այլ ընդհակառակը՝ ուրիշ բնակավայրերից են մարդիկ գալիս այստեղ և ցանկանում բնակություն հաստատել,-ասում է համայնքի ղեկավարը: Արցախյան պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ Սամվել Շահրամանյանը, ով խնապատցիների հետ անցել է բազում փորձություններով, լավ է գիտակցում, որ ի հեճուկս մեր դարավոր թշնամու, գյուղը պետք է ավելի զորանա, դառնա Արցախի հրաշալի բնակավայրերից մեկը: Մեր տղաների արյունով ներծծված հողում այսօր ծնվում և հասակ է առնում նոր սերունդներ, որոնք պետք է իրենց պապերի ու հայրերի գործի շարունակողը լինեն: Խնապատի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցվել է հուշահամալիր, որի ֆինանսավորումն իրականացրել է բարերար, ոստիկանության գեներալ Սերգեյ Գրիգորյանը: Այստեղ միշտ մաքուր ու բարեկարգ է, տղաների հիշատակը բարձր են պահում դպրոցականներն ու գյուղի ողջ բնակչությունը: Խնապատի համայնքում կա 262 տնտեսություն՝ 1045 բնակիչներով: 2018 թվականին գյուղում ծնվել է 6 երեխա, իսկ 2017 թվականին՝ 19: Ինչպես նշում է համայնքի ղեկավարը, գյուղում բնական աճ կա, ինչը ուրախալի է բոլորի համար: Ըստ տվյալների 2019 թվականին ավելի շատ ծնունդներ են սպասվում: Գյուղում գործում է համայնքապետարան, մշակույթի տուն, Ասկերանի արվեստի դպրոցի մասնաճյուղ, բուժմանկաբարձական կետ: Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է 112 աշակերտ, դասավանդում՝ 21 ուսուցիչ: Գյուղը ջրամատակարարված ու գազաֆիկացված է, ունի հեռախոսակապ և ինտերնետ: 2008 թվականին SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության կողմից լրիվությամբ կառուցվել է գյուղի ներքին ջրացանցը, տեղադրվել են հաշվիչներ: 2009 թվականին պետական միջոցներով փոխվել են աղբյուրներից մինչև ջրավազանները տանող խողովակները: Նույն թվականին ասֆալտապատվել է Ասկերան-Խնապատ ճանապարհը: SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության շնորհիվ նորոգվել է գյուղի մանկապարտեզը, որտեղ հաճախում է 44 երեխա: Նույն միջոցներով 2010 թվականին կառուցվել է խաղահրապարակ, որը մեծ նվեր էր գյուղի մանուկների համար: 2010 թվականին պետական միջոցներով վերանորոգվել է գյուղի ակումբի շենքը, իսկ գործարար Բարսեղ Բեգլարյանը հոգացել է շենքը լրիվությամբ կահավորելու մասին: 2014 թվականից սկսված են գյուղամիջյան ճանապարհների սալահատակման աշխատանքները, որոնք շարունակվում են մինչ այսօր: Շինաքարը տրամադրվում է պետության կողմից, իսկ մյուս ծախսերն իրականացնում է Բարսեղ Բեգլարյանը: 2017 թվականին գյուղում անցկացվել է փողոցային լուսավորում, և այսօր գիշերային Խնապատը ողոված է լույսերի մեջ: Համայնքի ղեկավարը մեծ գնահատանքով է խոսում այն համագյուղացիների մասին, ովքեր ապրում են հարազատ բնօրրանը շեն տեսնելու հույսով: Նրանք անում են հնարավորինը, որպեսզի նպաստեն գյուղի զարգացմանն ու բարգավաճմանը: Ռուսաստանաբնակ խնապատցի Արտուր Բադալյանը, ով ապրում է գյուղի դարդ ու ցավերով և ուշի ուշով հետևում հարազատ բնօրրանի կյանքին՝ 2018 թվականին կապիտալ վերանորոգելով իր սեփականություն հանդիսացող շենքը՝ այնտեղ տեղադրել է սառնարանային համալիր: Նպատակը մեկն էր. էկոլոգիապես մաքուր արցախյան միրգը սառեցված վիճակում արտահանել և տարբեր երկրների ներկայացնել արցախյան բարիքները: Այդ նպատակով նա աճեցնում է տարբեր հատապտուղներ, որը մեծ պահանջարկ ունի նաև մեր երկրում: Արտուր Բադալյանի ձեռնարկած գործերի շնորհիվ գյուղում բացվել են աշխատատեղեր, ինչի համար խնապատցիները երախտապարտ են նրան: Գործարարը մտադրություն ունի նաև ապագայում ընդլայնել իր գործունեությունը գյուղում և զբաղվել խոզաբուծությամբ: -Հպարտանում եմ, որ ունենք Բարսեղ Բեգլարյանի, Սերգեյ Գրիգորյանի, Հրայր Հովսեփյանի, Շիրին Հակոբյանի, Արտուր Բադալյանի, Ռուսլան Գրիգորյանի նման հայրենակիցներ: Պետք է ասեմ, որ մեր գյուղի ժողովուրդն ակնածանք է տածում այդ մարդկանց հանդեպ, գնահատում նրանց կատարածը: Ցանկացած հիշարժան օր գյուղում տոն է, քանզի գիտենք, որ մեր համագյուղացիներն անպայման մեզ հետ են լինելու: Առանձնապես մեծ շուքով ենք նշում Մայիսյան Եռատոնը: Պանծալի այդ օրը Խնապատը ցնծում է՝ պարուրվելով հույսով ու հավատով-,-շեշտում է Ս.Շահրամանյանը և ես զգում եմ, թե ինչպիսի ջերմությամբ է ասում նա այդ խոսքերը… Միևնույն ժամանակ համայնքի ղեկավարը մտահոգություններ ուներ: Արտուր Հայրապետյան հերոսի անունը կրող միջնակարգ դպրոցն այսօր վերանորոգման խիստ կարիք ունի: Համայնքի մանկապարտեզը նախատեսված է փոքրաթիվ երեխաների համար, իսկ նախադպրոցական տարիքի երեխաների թվաքանակը կազմում է 92 երեխա, ինչն էլ հաճախակի է դժգոհության առիթ դառնում ծնողների համար: Գյուղը զուրկ է ոռոգման ջրից, որի պատճառով բնակչությունը չի կարողանում, ինչպես հարկն է, զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Ինչ խոսք, Ս.Շահրամանյանը չի կորցնում հավատը, որ այդ հարցերը ևս կլուծվեն և Խնապատը կդառնա այն հրաշք համայնքը, որի մասին երազում է յուրաքանչյուր խնապատցի… Իմ արմատները ևս սերվում են այս փոքրիկ գյուղից, դեռևս մանկուց իմ մեջ սերմանվել է առանձնահատուկ ջերմություն դեպի այս գյուղն ու գյուղացիները: Այստեղ են իմ նախնիների և մոտ հարազատների գերեզմանները, ասել է, թե այստեղ է իմ անցյալը, ինչու չէ, ներկան… Իսկ ապագայում ես կկամենայի հավերժ շեն ու ծաղկուն տեսնել այս գյուղը. համոզված եմ, Խնապատի համայնքում կլուծվեն բոլոր խնդիրները, հերոսներ և բազում անվանի մարդիկ ծնած գյուղը միշտ կմնա իր երբեմնի բարձրության վրա… Կարծում եմ, եթե վեհ է նպատակդ և ուժեղ՝ կամքդ, ապա քեզ կուղեկցի Աստծո աջակցությունը, կկարողանաս հաղթահարել ամեն մի դժվարություն և խոչընդոտ: Հ.Գ. Հոդվածս նախապատրաստելու համար օգտվեցի Սլավա Սարգսյանի <<Խնապատ>> գրքից, որը ներկայացնում է գյուղը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |