ՍՊԱՍԵՆՔ, ՀՈՒՍԱՆՔ… |
18.01.2019 18:02 |
Ինքս ինձ հետ, երազելով՝ քայլում էի… Երազանքներիս աշխարհում բոլորը բարի են, ներդաշնակ հոգով: Թևածում է սերը, թագավորում է գեղեցիկը, բարին հաղթում է չարին, մանուկները շողում են ուրախությունից… Ոչ մի շշուկ չէր խանգարում ինձ, միայն ձմեռային քամին էր, որ սուրում էր ուժգնությամբ՝ մխրճվում մարմնիս մեջ: Ակամա, արագացրի քայլերս: Շտապում էի րոպե առաջ տուն հասնել: Ասկերանի կենտրոնական փողոցը համարյա դատարկ էր, երևի ցուրտն էր պատճառը… Հանկարծ լռությունը խախտվեց, ինչ որ տեղից երեխայի լացի ձայներ էին գալիս: Ակամայից, կանգ առա ու հետ նայեցի: Սկզբից չէի կողմնորոշվում, թե որտեղից են լսվում այդ ձայները: Մտածեցի, որ ինձ թվացել է, շարունակեցի քայլել: <<Ե՛ս էլ եմ ուզում, ե՛ս էլ եմ ուզում>>,-պարզ լսեցի ես: Երեխայի ձայնն այնքան սրտակեղեք էր, որ ես չկարողացա անտարբեր մնալ: Ասկերանի ԱՀԱԸ մանկապարտեզի բակից երեխան ձեռքին մի կին էր դուրս գալիս: Ես լսում էի, թե նա ինչպես էր համոզում մանկանը լաց չլինել: <<Մի՛ լացիր, դեռ փոքր ես: Մի քիչ մեծանաս, դու էլ կգնաս: Համբերի՛ր>>,-ասում է երեխայի մայրը: Մայրն ինչքան կամաց էր խոսում, երեխան այնքան ուժեղացնում էր լացը, իսկ ինչպե՞ս կարող էր համբերել երկու տարեկան երեխան: <<Ո՛չ, ես էլ եմ ուզում մանկապարտեզ գնալ, ես էլ եմ ուզում այնտեղ խաղալ>>,-լացախառն ասում է փոքրիկը, իսկ երբեմն էլ դպրոցի անունն էր տալիս: Պարզապես փոքրիկը ընկերներ էր ուզում, նա հոգնել էր մենակությունից, ուզում էր երեխաների հետ լինել: Զգում էի, որ մայրը չգիտեր, թե ինչպես հանգստացնի երեխային, ախր ինքն էլ էր ուզում, որ իր փոքրիկ Մերին մանկապարտեզ հաճախեր մյուս երեխաների հետ: Գիտեր, որ այնտեղ փոքրիկներն ապահով են, շրջապատված՝ հոգատարությամբ ու ջերմությամբ: Փոքրիկը մի քիչ հանգստացավ և համակերպվելով իրավիճակի հետ՝ փարվեց մորը: Ես շարունակեցի իմ ճանապարհը, սակայն այդ տեսարանը օրեր շարունակ մտահոգում էր ինձ: Մտածում էի. փոքրիկ Մերիի նման քանի՜, քանի՜ երեխա կա, որ զրկված է մանկապարտեզ հաճախելու իրավունքից, իսկ նրանց մայրերն աշխատել, երեխաների կարիքները հոգալ են ուզում: Այսօր Ասկերանում գործող միակ մանկապարտեզը ԱՀԱԸ մանկապարտեզն է, որտեղ ընդունում են միայն 2,5 տարեկանից բարձր երեխաների: Մանկապարտեզը չունի մսուրային խումբ, իսկ դրա անհրաժեշտությունը, ինչպես երևում է, շատ է զգացվում Ասկերանում: Այնքա՜ն երիտասարդ կանայք կան, ովքեր պատրաստ են աշխատել անգամ դաշտերում և հանդերում, միայն թե կարողանային թեթևացնել ընտանիքի հոգսերը: Ինչքա՜ն լավ կլիներ, որ Ասկերանում բացվեր ևս մեկ մանկապարտեզ, կամ գործողում ավելանար մսուրային խումբը: Կարծում եմ, մսուրային խմբի առկայությունը մանկապարտեզում բազմազավակ ընտանիքների ավելացման գործում որոշիչ դեր կունենա: Սպասենք, հուսանք… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |