ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ԿՅԱՆՔ |
21.01.2019 12:38 |
Արցախյան Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանին գիտեն և ճանաչում են ոչ միայն Արցախում այլև նրա սահմաններից դուրս։ Անգնահատելի է նրա դերը մեր շրջանում մարդականց ոտքի կանգնեցնելու և նրանց մոտ հավատ ներշնչելու Շարժման անհրաժշտության գործում։ Վերջերս լրացավ Սլավիկ Առուշանյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը։ Չնայած խորհրդանշական կլիներ, որ նա ծնվեր փետրվարին, քանի որ մեկն էր այն քաջորդիներից, որոնց շնորհիվ փետրվար ամիսը հայերիս համար նոր խորհուրդ ստացավ՝ այն մեր հույսերի փետրվարն էր, ու մեր հույսերն արդարացնողը։ -Պարոն Առուշանյան շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ և ցանկանում բարօրություն, երկար տարիների առողջ ու երջանիկ կյանք։ Ի՞նչն եք կարևորում ձեր կյանքում և ինչպե՞ս եք գնահատում ձեր անցած կյանքի ուղին։ -Ողջ գիտակցական կյանքս նվիրել եմ Արցախի փրկության գործին։ Սկզբնական շրջանում մինչև Երևանի պետական համալսարանն ավարտելն ու կուսշրջկոմում աշխատելու տարիներին, նախապատրաստվում էի իմ կյանքի ամենակարևոր գործին։ Ձեռքբերելով համապատասխան պրակտիկ և տեսական գիտելիքներ, հետագայում դրանք օգտագործել եմ Շարժումը ոտքի կանգնեցնելու համար։ Հենց դա էր պատճառը, որ Ասկերանի նախաձեռնող խմբի հաջողություններն ավելի շատ էին, քան մյուս շրջանների և Ստեփանակերտի նախաձեռնող խմբերի աշխատանքները։ Մեր ամբողջ աշխատանքի պտուղները կարելի է չափել փետրվարին Ասկերանի նախաձեռնող խմբի ձեռքբերումներով։ Եվ հենց Ասկերանի նախաձեռնող խմբի նախաձեռնություններից Շարժումը կարողացավ շատ արագ ոտքի կանգնել։ Այնպիսի կարևոր բաներ տեղի ունեցան, ինչպիսին էր Նորագյուղի գաղտնի ժողովը, Հռչակագրի քննարկումը, փետրվարի 12-ին՝ Ասկերանում, իսկ 13-ին Ստեփանակերտում հանրահավաքների կազմակերպում։ Խորհրդային միության պատմության մեջ առաջին անգամ Արցախի ժողովուրդը միաբանվեց և ոտքի կանգնեց Հայրենիքը փրկելու համար։ Փաստորեն, այդ ամենը շատերն էին ցանկանում իրագործել, սակայն չգիտեին ինչ ճանապարհով գնալ՝ արագ արդյունքների հասնելու համար։ Եվ այդ ճանապարհը Նորագյուղի գաղտնի ժողովում մատնանշեցինք, որին հետևեցին բոլոր շրջանները, մանավանդ ակտիվ էին ստեփանակերտցիները։ Տարբեր կազմակերպությունների ղեկավարներ և ակտիվիստներ գալիս էին շրջանային թերթի խմբագրության շենքը, որպեսզի իրենց ևս օգնենք իրենց կազմակերպություններում գումարեն համապատասխան ժողովներ։ Պետք է նշեմ, որ ժողովները շահեկան տարբերություն առաջացրեցին ժողովրդին ոտքի կանգնեցնելու գործում։ Ստորագրահավաքը պասիվ պայքարի ձև էր, իսկ ընդհանուր ժողովները յուրատեսակ ուխտ էին, և ժողովուրդը միասին քննարկեց, որոշեց հայտարարել Արցախը և հայկական մյուս տարածքները Հայաստանի մի մասը։ Չերկարացնելով նշեմ, որ ապարածս տարիների մեջ կարևորում եմ իմ ժողովրդին օգտակար լինելն ու նրան ծառայելը։ Իսկ գնահատական թող տա ժողովուրդը։ -Որ՞ն էր այս ամենից քաղած ձեր ամենամեծ դասը։ -Ուսումնասիրելով տարբեր ժամանակաշրջանների պատմությունը եկել եմ այն եզրահանգման, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի և յուրաքանչյուր սերունդ պետք է լիովին տիրապետի իր ժամանակաշրջանի պատմությանը։ Արցախյան Շարժման և դրան հաջորդած ազատամարտի տարիներին, ականատեսներից շատերն օրագրեր էին պահում, երգեր ու բանաստեղծություններ գրում։ Ցավոք, այդ բոլորը հավաքագրելու, ամբողջական, իրական պատմություն ստեղծելու համար առայժմ ոչ մի միջոց չի ձեռնարկվել։ Ցանկալի կլիներ, որ այս ամենն արվեր պետական միջոցներով, պետական հովանավորչությամբ ու հոգատարությամբ։ Ի վերջո մեր սերնդի վրա է դրված եկող սերունդներին ճշմարիտ և իրական պատմություն փոխանցելու գործը։ Մարդու կյանքում յուրաքանչյուր ժամանակահատված իր անելիքն է թելադրում։ Թվում էր, թե Հայրենիքին նվիրված կյանքը ենթակա չէր այլ զգացմունքներ իր մեջ կրելու։ Դա էր թերևս պատճառը, որ հանդիպելով իր կյանքի միակին, ձեռքը խնդրելու առաջարկի հետ նաև ասել է.§Հնարավոր է, որ դու դժբախտանաս, կյանքիդ կարևոր պահերին կողքիդ չլինեմ¦։ Հայրենիքի սիրով խանդավառված օրիորդ Մելանյային այդ խոսքերն ավելին արժեին, քանզի քաջապես գիտակցում էր, որ նախ Հայրենիք սիրիր, հետո ընտանիք, և Հայրենիքի հանդեպ սերն է մեծագույն սերը։ Բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել նա, դաժան իրադարձությունների ականատես եղել, սակայն երբեք չի տրտնջացել, և հավատարիմ մնալով ամուսնուն տված երդմանը՝ նրա հետ կիսել լավ ու վատ օրերը։ -Փաստորեն ձեր կյանքի լավագույն տարիները նվիրել եք Արցախին և նրա փրկությանը։ -Այո։ Պատահում էր օրերով, ամիսներով տանը չէի լինում, չէի տեսնում ոնց են մեծանում տղաներս։ Ոչ միայն Մելանյան, այլև ամբողջ բարեկամությունս ու մանավադ եղբայրս, ով ցավոք, զոհվեց ազատամարտի տարիներին,իմ թիկունքին էին։ Եղբայրս հորդորում էր ինձ կանգ չառնել և Շարժման համար անել ամեն ինչ, ինքն էլ իր հերթին խոստանալով, որ Աստված մի արասցե, եթե հետս որևէ դժբախտություն պատահի տեր կկանգնի իմ երեխաներին ոտքի կանգնեցնելու հարցում։ -Երբևէ ափսոսանքի պահեր ապրե՞լ եք։ -Երբ մեր արդար պահանջը խաղաղ ճանապարհով լուծում չստացավ և պարտադրված էինք զենքի օգնությանը դիմելու այն շատ վատ անդրադարձավ ինձ վրա։ Եղբայրս հաճախ էր ասում, որ մեր հարցը միայն զենքով կլուծվի, իսկ ինտելիգենցիային պետք է գնդակահարել, այդ թվում նաև ինձ, որ համապատասխան աշխատանք չի տանում, որպեսզի ժողովուրդը դիմի զենքի ուժին։ Այո, մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում, սակայն իմ մեջ անչափ մեծ էր ափսոսանքը, որ կորցնում էինք լավագույն նվիրյալ տղաներին։ Ու մինչ այժմ էլ շատ դժվար է հաշտվել այդ կորուստների հետ։ Այդ տղաների անձնուրացության շնորհիվ էր, որ Արցախն ու Հայաստանը փրկվեցին թշնամու կողմից խաղաղ ճանապարհով գրավումից։ Փաստորեն այդպիսի ճակատագրի արժանացավ Նախիջևանը։ Մի կողմից բնական աճի, մյուս կողմից խտրականության շնորհիվ կարողացան հայաթափել հայկական երկրամասը, որն ավելի դժվար գործընթաց էր նրանց համար, քանզի Նախիջևանն անմիջապես սահմանակից էր Հայաստանին ։ Սակայն խորհրդային Հայաստանը տեր չկանգնեց Նախիջևանի հայերին։ Նույնը եղավ և Արցախյան Շարժման սկզբում։ Երբ Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար ստիված եղանք պատվիրակություն ուղարկել մայրաքաղաք Երևան։ Որից հետո Հայաստանում նույնպես ժողովուրդը ոտքի կանգնեց։ Երկու տարվա ընթացքում բողոքի բազմաթիվ ձևերով՝ դասադուլներ, հացադուլներ, գործադուլներ կազմակերպեցին ի պաշտպանություն արցախահայության։ Սակայն բոլոր փորձերը հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար չօգնեցին։ Արցախյան ազատամարտը համախմբեց բոլորին։ Եվ շնորհիվ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնության կարողացանք ազատագրել հայկական էթնիկական տարածքների մի մասը։ -Ո՞րն է ներկայիս ձեր ամենամեծ ցանկությունը։ -Մեր պետությունում, որի կայացման և լինելիության համար մեծ զոհեր պահանջվեցին, յուրաքանչյուր մարդ կաողանա լիովին վստահի մեր իշխանություններին։ Որպեսզի յուրաքանչյուրն ազատորեն կարողանա իրացնի իր թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական հնարավորությունները։ Եվ կարծում եմ պետականության հիմնական խնդիրը հենց դա պետք է լինի, որ մեր ժողովրդի բարեկեցության աճն ապահովվի՝ օգտագործելով բոլոր ռեսուրսները։ -Պարոն Առուշանյան, ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան, որպես նրա նորագույն պատմության կերտողներից մեկը։ -Միայն ու միայն Հայաստանի հետ միավորված։ Եթե չվերամիավորվենք Հայաստանին կնշանակի, որ մենք հետագայում ևս զոհեր տալու հնարավորություն ենք թողնում։ Ինչն աններելի կլինի… Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
|