ԱՍԿԵՐԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ |
06.01.2019 16:36 |
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից է, որը նվիրված է Աստվածորդու` Հիսուս Քրիստոսի Ծննդյանն ու Աստվածահայտնությանը (Մկրտությանը): Միայն Հայ եկեղեցին է, որ հաստատուն է մնացել հնագույն ավանդույթին և Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը շարունակում է նշել միասին՝ հունվարի 6-ին: Հայ եկեղեցում Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը օրացուցային տարվա առաջին տոնն է: Հունվարի 5-ի երեկոյան Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար տեր Մեսրոպ քահանա Խունոյանը մատուցեց Ճրագալույցի սուրբ Պատարագ: Որից հետո աստվածային լույսն ու եկեղեցու օրհնությունը մարդիկ իրենց հետ տուն տարան: Սուրբ Ծննդյան գլխավոր տոնակատարությունը կատարվեց հունվարի 6-ին՝ սուրբ Պատարագի հանդիսավոր արարողությամբ ու Ջրօրհնյաց մեծաշուք հանդեսով, որը նվիրված է տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մկրտությանը: Հունվարի 6-ի առավոտյան տեր Մեսրոպ քահանա Խունոյանը մատուցեց տոնական սուրբ Պատարագ, որից հետո` կատարվեց Ջրօրհնեաց կարգ։ Խաչն իջեցվեց ջուրը և օրհնվեց, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն կաթեցրեց ջրի մեջ և օրհնեց այն: 2019թ. Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու ջրօրհնեքի խաչեղբայրը Իվան Հարությունյանն է, ով ասկերանցիներիս հայտնի է իր բարեգործական առաքելություններով։ Մեսրոպ քահանա Խունոյանը նորօծյալ խաչեղբորը հանձնեց օրհնված խաչը: Ներկաներն աղոթք հղեցին առ Աստված՝ Արցախ աշխարհի խաղաղության, հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար: Ընդունված կարգի համաձայն, ջրօրհնյաց խաչը քառասուն օր կգտնվի խաչեղբոր տանը, այնուհետև այն կվերդարձվի եկեղեցուն: Վերջում ժողովուրդը եկեղեցու ջրից տուն տարավ՝ որպես օրհնություն: Ավանդության համաձայն ջուրը բուժիչ դեղ է հիվանդների համար: Սուրբ ծննդյան հաջորդ օրը հիշատակվում է որպես մեռելոց և Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան կարգ։ -Այս տարվա խաչեղբայրը Իվան Հարությունյանն է, ում մենք շնորհակալ ենք, որ նա այդպիսին կա, իր էությամբ ու աստվածապաշտությամբ։ Նրան հաճախ կարելի է տեսնել եկեղեցում, սուրբ պատարագներին։ Եվ եկեղեցին խաչեղբայր ընտրելիս նախապատվությունը տալիս է հենց այդպիսի անհատների, ովքեր ուղղորդվում են Աստծո խոսքով ու Աստվածահաճո գործեր են կատարում։ Մեր օրերում շատ կարևոր է շրջապատում նման մարդիկ ունենալը,- մեզ հետ զրույցի ընթացքում ասաց տեր Մեսրոպ քահանա Խունոյանը։ Ինչպես տեղեկացանք սուրբ Աստվածածին եկեղեցու խաչեղբայր Իվան Հարությունյանից, հարազատ ժողովրդին օգտակար լինելուն և հնարավորինս նրանց աջակցելուն ուղղված իր ջանքերն անխուսափելի բարի պտուղներ կտան։ Չէ՞ որ չկա ավելի հաճելի բան, քան դիմացինիդ երջանկություն պարգևելն ու աջակցության կարիք ունեցողներին փոքր-ինչ ուշադրություն դարձնելը։ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ասկերանաբնակ 3 ընտանիքների Իվան Հարությունյանն իր բարեգործ ընկերների աջակցությամբ և միջամտությամբ դրամական օգնություն է ցուցաբերել։ Ինչպես խոստացավ բարեգործը, այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |