ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
21.01.2019 17:30 |
<<Արցախգազ>> ՓԲ ընկերությունն ամենօրյա հետևողական աշխատանքներ է տանում, խնդրում և հորդորում է բնակչությանը պահպանել բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները: Պետք է գազասարքեր տեղադրելիս հետևել վերջիններիս տեղադրման ստանդարտեցված չափանիշներին և մշտապես ստուգել ծխաօդատար ուղիներում քարշի առկայությանը, ինքնակամ կերպով առանց հայտնաբերված անսարքությունը վերացնելու չբացել ընկերության կողմից կապարակնքված գազասարքերը և չօգտվել դրանցից: Յուրաքանչյուր ոք պետք է մտածի չվտանգել իր, իր հարազատների, ինչպես նաև հարևանությամբ ապրող մարդկանց կյանքը: Մի քանի հարցերով դիմեցինք <<Արցախգազ>> ՓԲԸ Ասկերանի արտադրաշահագործման տեղամասի պետ Գարիկ Յուզբաշյանին: -Պարոն Յուզբաշյան, 2018 թվականին ինչպիսի աշխատանքներ են իրականացվել շրջանում, քանի համայնք է գազաֆիկացված: -Ասկերանի շրջանում գազաֆիկացված է 35 գյուղական և 1 քաղաքային համայնք: Փոխարինվում են ցածր, միջին ճնշման, իրենց շահագործման համար հատկացված ժամանակահատվածը վաղուց սպառած գազատարները: Ըստ բաժանորդների կողմից ստացված պատվերների՝ իրականացվում են ներտնային գազի ցանցերի մոնտաժային աշխատանքներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ընկերությունը շարունակում է բնակարաններից գազահաշվիչների դուրս բերման գործընթացը: -Բարելավվել են շենքային պայմանները, հավանաբար այսպես ավելի լավ են կազմապերպվում աշխատանքները… -2018թվականի ընթացքում ՙԱրցախգազ՚ ՓԲԸ տնօրինությունը նախաձեռնեց և նույն տարում էլ ավարտին հասցրեց ընկերության Ասկերանի արտադրաշահագործման տեղամասի շենքի հիմնանորոգումը: Ասկերանցիները, հավանաբար, կհիշեն նախկին պայմանները և ներկայիս հնարավորությունները: Նման պայմաններում, իհարկե, ավելի հաճելի է սպասարկել բաժանորդներին: Հիմնանորոգման ընթացքում ընկերությունը ձգտել է պահպանել շինության ճարատարագիտական տեսքը: -Տոնական օրերի ընթացքում արձանագրվել են արդյոք արտառոց դեպքեր: -Փառք Աստծո, Ամանորյա տոների ընթացքում Ասկերանի արտադրաշահագործման տեղմասում գազի հետևանքով արտակարգ պատահարներ չեն գրանցվել: Իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո: Ընկերությունը, ի դեմս տնօրինության, ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցառումները բաժանորդների անվտանգությունն ապահովելու համար: -Ունեք արդյոք կայուն համագործակցություն բաժանորդների հետ… - Ընկերության և բաժանորդների միջև կայուն համագործակցություն ապահովելու համար պետք է ակտիվություն ցույց տան նաև բաժանորդները: Նրանց հորդորում եմ ցուցաբերել ողջամտություն, լինել աչալուրջ և թույլ չտալ անվտանգության կանոնների խախտումներ: Հ.Գ. Նշենք, որ հունվարի 21-ին Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս մարդ: Ինչպես տեղեկացրին <<Արցախգազ>> ՓԲԸ Ասկերանի արտադրաշահագործման տեղամասից, դեպքի առնչությամբ կատարվում է քննություն: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|