ԱԼԻԵՎԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ |
22.01.2019 18:09 |
Ասում են, մարդու կյանքում ամեն ինչ որոշում է նրա ճակատագիրը, որն ի վերուստ է գրված նրա համար և այն փոխել չի կարող ոչ ոք: Մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցելով դա՝ հարմարվում և իր ճակատագրի հետ համաքայլ քայլում: Երբեմն էլ կռիվ տալիս, անիծում, սակայն ճակատագիրը նրան հիշեցնում է. <<Լավ իմացի՛ր, ես այստեղ եմ, քո ուղեկիցն ու պահապանն եմ, դու բարի գործեր արա, օգնիր թույլին, տկարին ու հիվանդին, և ես կերջանկացնեմ քեզ ու կլուսավորեմ քո ճանապարհը>>… Եվ ճակատագիրն անում է այն, ինչ ինքն է կամենում: Վալյա Թովմասյանը ծնվել է 1942 թվականին Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում: Իր մանկության տարիները հիշելիս՝ անհուն տխրությամբ է պատվում 77-ամյա կինը: Նա մեծացել է առանց մոր սիրո ու խնամքի: Իր եղբոր հետ դաժան մանկություն է ունեցել, նրա հետ մի կտոր չոր հաց կիսել: Հետագայում հայրը նոր ընտանիք է կազմել, սակայն ով կարող էր փոխարինել հարազատ մորը: Վալյա տատիկը հառաչում է.<<Այնքա՜ն դժվար է մնալ առանց մայր: Միթե աշխարհում մոր համբույրից ու քնքշանքից թանկ որևէ բան կա: Այդպես էլ ես դա չտեսա, ճակատագիրն այնքան անողոք էր իմ հանդեպ, որ ինձ զավակ չպարգևեց, որպեսզի ես նրան տամ այն գորովանքն ու սերը, որ չեմ զգացել երբևէ>>… …Բախտը դեռատի աղջկան հեռացրեց հայրենի գյուղից և տարավ դեպի օտար ափեր: Այն ժամանակ, երբ խորհրդային տարիներ էին և չկար ազգային խտրականություն, Վալյան ընտանիք կազմեց ազգությամբ ադրբեջանցի Թոֆիկ Ալիևի հետ: 1964 թվականն էր…Թեև նոր ընտանիքում նրան լավ էին վերաբերվում, սակայն մայր հողը ձգում էր աղջկան: Ամուսնու հետ նա վերադարձավ Արցախ, և հիմնական բնակություն հաստատեցին Ասկերանում: Այդ օրվանից մինչև այսօր նրանք հանգիստ ու խաղաղ ապրում են Ասկերանում: Թոֆիկ Ալիևը, ով իրեն արցախցի է համարում, երբևէ չի մտածել այստեղից հեռանալու մասին: Երբ սկսվեց Արցախյան Շարժումը, նա առանց երկմտալու հաստատակամ որոշում ընդունեց. երբևէ չլքել Ասկերանն ու ասկերանցիներին: Այսօր Թոֆիկն ու Վալյան թոշակառու են, և ինչպես իրենք են ասում, վայելում են ծերությունը: Անզավակ ամուսիններն ուրախանում են ասկերանցիների հաջողություններով, օրեցօր զարգացող քաղաքով և ավելացող մանուկներով: <<Սիրտս փառավորվում է, որ տեսնում եմ, թե ինչպես է գեղեցկանում իմ հարազատ քաղաքը: Թող մեր երկնակամարը միշտ կապույտ լինի, այնտեղ սավառնեն խաղաղության աղավնիները: Թող երբեք պատերազմ չլինի, ոչ մի մայր չարտասվի զավակի կորստի համար>>,-ասում է ծեր կինը: Այնպես պատահեց, որ հյուրընկալվեցի այդ բարի ու տարեց մարդկանց տանը: Լսել էի, որ վերջերս Թոֆիկ պապիկի առողջությունը հանկարծակի վատացել էր և Ասկերանի շտապ օգնության մեքենայով նրան ծանր վիճակում հասցրել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Օրհասական վիճակում էր նա, համարյա հույս չկար, որ կենդանի կմնա, սակայն շնորհիվ մեր բանիմաց և նվիրված բժիշկների, նա վերածնվեց: Իր հույզերը ինձ հետ կիսեց Թոֆիկ Ալիևը. -Մտածում էի, որ եկել է երկրային կյանքիս հրաժեշտ տալու պահը: Ցավերս ուժեղ ու անտանելի էր, և շատ արյուն էի կորցրել: Հիվանդանոցում ինձ շրջապատեցին հոգատարությամբ և մեծ ուշադրությամբ: Պետք է շեշտեմ, որ անչափ շնորհակալ ու երախտապարտ եմ հանրապետական հիվանդանոցի վիրաբույժ Արմո Գրիգորյանին: Նրա հմտության ու բանիմացության շնորհիվ է, որ ես ողջ եմ մնացել: Գիշերներն անգամ նա չէր հեռանում իմ անկողնու մոտից: Նույն վերաբերմունքն էր ցուցաբերում իմ հանդեպ նաև նրա որդին՝ Արամ Գրիգորյանը: Թող Աստված երկարացնի և հաջողություններով լցնի նրանց կյանքը: Ես շնորհակալ եմ նաև Ասկերանի շրջբուժմիավորման ողջ անձնակազմին՝ իրենց բարեխիղճ և օպերատիվ աշխատանքի համար: Մենք՝ միայնակ ծերերս հոգատարություն և ջերմություն ենք տեսնում մեր հանդեպ և դրանով իսկ երջանիկ ենք զգում մեզ: Ծերունական օրհնանքս եմ տալիս ինձ համար հարազատ դարձած ասկերանցիներին ու աշխարհի բոլոր հայերին: Հիրավի, տարեց այս մարդկանց հետ զրուցելիս, վերստին համոզվեցի, որ նրանք զգում են մեր ուշադրության կարիքը, հոգու խորքում սպասում են բարի մի խոսքի, անկեղծ մի ժպիտի: Երկու տարբեր ճակատագրեր միանալով՝ հասել են Ասկերան ու դարձել մի պատմություն: Ազգությամբ ադրբեջանցի մարդը, ով իրեն հայ է համարում և արցախցի, այսօր օրհնում է մեր ժողովրդին ու երկիրը, քանզի նա այստեղ տեսել է միայն լավն ու բարին: Նա վախ չունի վաղվա օրվա հանդեպ, քանզի ապրում է օրինապահ ու վստահելի մարդկանց շրջապատում… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |