ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԿԱՊԱՀՈՎԵՆՔ
24.01.2019 12:01

  - Պարոն Աղաջանյան, ևս մեկ տարի պատմություն դարձավ։ Ինչո՞վ այն նշանավորվեց համայնքի համար։

-2018-ին և դրան նախորդած տարիներին քաղաքում բավականին հաջողություններ են ամրագրվել։ Ինչպես գիտենք 2018-ը մեր հանրապետության համար հոբելյանական էր, քանի որ լրացավ Արցախյան Շարժման 30-ամյակը։ Այն առավել նշանակալից է ասկերանցիներիս համար, քազի Շարժումը հենց Ասկերանից սկիզբ առավ։ Տարեսկիզբը նշանավորվել է Ասկերանի քույր քաղաքի՝ Ֆրանսիայի Բուկ Բել Էրի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը մեր համայնք, որի ընթացքում փոխհամագործակության հուշագիր է ստորագրվել։ Ուզում եմ հավաստիացնել համայնքի բնակիչներին, որ քաղաքապետարանի աշխատակազմն իր ամենօրյա գործելաոճով անում է հնարավոր ամեն ինչ, բնակիչներին 

հուզող հարցերին լուծում տալու համար։

- Ինչպե՞ս եք գնահատում համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը։

-Գտնում եմ, որ այն բավարար է։ Համայնքի բնակիչների զբաղվածության հարցը մեծապես լուծվում է տարածքում գործող պետական և մասնավոր հիմնարկությունների հաշվին։ Ասկերանում շատ են նաև խոշոր հողօգտագործողներն ու  գյուղատնտեսությամբ զբաղվողները։ Տարվա կտրվածքով պետական միջոցների հաշվին կարողանում ենք որոշակի օգնություն տրամադրել բազմազավակ և սակավակարող ընտանիքներին։ 2018-ին բազմազավակ մեկ ընտանիքի բնակարային խնդիրն է լուծվել։ Ֆինանսական միջոցների սղության պատճացով, ցավոք ոչ բոլոր դիմումներն ենք կարողանում բավարարել։

- Պարոն Աղաջանյան, ի՞նչ կասեք բնակարանաշինության մասին։ Արդյոք համայնքի երիտասարդ ընտանիքները կարող են հույսեր փայփայել, որ մոտ ապագայում կարողանալու են բնակարանամուտ տոնել։

-Դեռ կոնկրետ ծրագիր չկա։ Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Հաշվի առնելով շրջանային հիվանդանոցի անմխիթար վիճակը 2019-ին նախատեսվում էսկսել նոր հիվանդանոցի շինարարական աշխատանքները

-Համայնքի բնակիչների շրջանում արդարացի դժգոհություններ են առաջացել ու տարիներ շարունակ անպատասխան մնացել որոշ տնտեսություններում ջրաչափերի բացակայության հարցը։

-Միանգամային իրավացի դժգոհություններ են։ Սակայն այդ հարցը քաղաքապետարանի իրավասությունների մեջ չի մտնում։

-Գիտենք, որ համայնքի ցավոտ խնդիրներից է Ղլիժբաղի թաղամասում կոյուղի անցկացնելը։ Այս խնդիրի լուծման հնարավորություն կա՞։

-Այդ հարցը համայնքի ցավոտ խնդիրներից է, սակայն այն կապված է ֆինանսական խոշոր միջոցների հետ, ինչի հնարավորությունը համայնքն առայժմ չունի։

-Պարոն Աղաջանյան, համայնքում առկա էլ ինչպիսի խնդիրներ կան, և որոնք են դրանց լուծման եղանակները։

-Համայնքի հիմնական խնդիրը կապված է հարկերի և տուրքերի հավաքագրման հետ։ Քանի որ համայնքային բյուջեի եկամտային մասը ձևավորվում է սեփական եկամուտների, պետական պահուստային ֆոնդից համայնքներին տրամադրվող դոտացիաների և նվիրատվությունների հաշվին, ուստի համայնքի բնակիչները խնդրո հարցին պետք է մոտենան ըմբռնումով։ Հուսով եմ ընթացիկ տարում ևս կկարողանանք համակարգված աշխատանք տանել և համայնքի տնտեսական կյանքում բարձր ցուցանիշներ գրանցել։

Համայնքի ցավոտ հարցերի է նաև երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելն ու որոշ բնակիչների բնակարանային պայմանների բարելավումը, որոնց ուղղությամբ քաղաքապետարանում տարվում են համապատասխան աշխատանքներ։

-Ինչպես գիտենք 2019-թվականի ամռանը չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Արցախում, իսկ խաղերի մի մասը՝ նաև Ասկերանում։ Նախապատրաստական  ինչպիսի՞ աշխատանքներ են իրականցվում հյուրերին պատշաճ մակարդակով ընդունելու համար։

-Մեզ համար մեծ ուրախություն և հպարտություն է, քանի որ մեզ բախտի է վիճակվել նման հեղինակավոր միջոցառման մի մասը մեր քաղաքում ընդունելու և անցկացնելու համար։ Ներկայում մարզադաշտում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Եվ մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսին են տեսնելու հյուրերը մեր քաղաքը։ Այս ուղղությամբ բավականին անելիքներ ունենք և կարծում եմ Ասկերանն իր հյուրերին կդիմավորի բարձր մակարդակով։

-Պարոն Աղաջանյան, բաղմնավոր և համայնքի բնակիչների սրտով բարեբեր և բարենպաստ աշխատանքային տարի ենք մաղթում ձեզ և ձեր աշխատակազմին։

-Շնորհակալություն։ Գիտենք, որ 2019-ը հոբելյանական է թերթի համար։ Ուստի շնորհավորում ենք ձեզ թերթի հիմնադրման 40 ամյակի առթիվ և մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ։

-Շնորհակալություն։

 Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter