ԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է
25.01.2019 14:31

Ինչպես մեզ տեղեկացրեց Ասկերանի շրջանային ՀՀ բաժնի պետ Իրադա Խաչատրյանը՝ շրջանում  սուր շնչառական վարակներով պայմանավորված  իրավիճակի կայունացումը  շարունակվում է: Նույնիսկ կարելի է փաստել, որ հունվարի 24-ի դրությամբ նվազել է ամբուլատոր դիմելիությունը:

Հաշվի առնելով ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսված ուսումնական գործընթացը, գրիպի և ՍՇՎ-ի տարածումը կանխելու համար նախադպրոցական և ուսումնական հաստատություններում իրականացվում է <<համաճարակային ֆիլտր>>: Դա նշանակում է, որ ամեն առավոտ այդ հաստատությունների բուժքույրերը պարտավոր են ստուգել երեխաների առողջական վիճակը և գրիպանման երևույթների առկայության դեպքում կատարել համապատասխան միջոցառումներ։

Հունվարի 24-ի դրությամբ շրջանի դպրոցներում սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 63 երեխա, մանկապարտեզներում` 23, որոնց անմիջապես տուն են ուղարկել:

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է հսկողությունը ջերմային ռեժիմի նկատմամբ, բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղամասային և տարածքային կառավարման մարմիններին:

Հունվարի 18-ին Ասկերանի շրջանի Քռասնի համայնքում, 2017 թվականին ծնված երեխայի մոտ գրանցվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

Վարակի հավանական պատճառ հանդիսացող մանրէների տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է. հազալիս կամ փռշտալիս փակել բերանը կամ քիթը անձեռոցիկով` օգտագործված անձեռոցիկը նետելով աղբարկղ, անձեռոցիկ չունենալու դեպքում հազալիս կամ փռշտալիս փակել բերանը արմունկով, այլ ոչ թե ափով, հաճախակի լվանալ ձեռքերը օճառով և տաք ջրով, կրել բժշկական դիմակ մյուսներին չվարակելու նպատակով:

Իրադա Խաչատրյանը հորդորեց շրջանի բնակչությանը լինել զգոն, պահպանել հիգիենայի տարրական կանոնները և խուսափել գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից։ Հիվանդության ախտանշանների՝ բարձր ջերմության, հազի, գլխացավի, հարբուխի դեպքում պետք է մնալ տանը, իսկ եթե հիվանդ է երեխան, թույլ չտալ հաճախել մանկապարտեզ կամ դպրոց։ Հիվանդ վիճակում աշխատանքի չպիտի հաճախեն հատկապես այն անձինք, ովքեր անմիջական կապ ունեն երեխաների, հիվանդների, այցելուների հետ։ Նա խորհուրդ չտվեց գրիպանման ախտանշանների դեպքում զբաղվել ինքնաբուժմամբ, այլ հորդորեց անհապաղ դիմել բժշկի, հատկապես քրոնիկ հիվանդություններով տառապողներին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter