ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԹԵՐԹԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է
25.01.2019 16:06

Հունվարի 24-ին Արցախի ժուռնալիստների միության գրասենյակում նշվեց Ասկերանի շրջանային թերթի 40-ամյա հոբելյանը։

Միջոցառմանը մասնակցում էին թերթի նախկին աշխատողներ, ԱՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Վահագն Առուստամյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ։

Ողջունելով ներկաներին ԱԺՄ նախագահ Կիմ Գաբրիելյանը կարևորեց շրջանային թերթի անցած ճանապարհն ու Արցախի տարեգության կերտման մեջ նրա անուրանալի ներդրումը։

Ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած Ասկերանի շրջանային թերթում աշխատած լրագրողների հիշատակը, որոնց անունները ԺՄ նախագահը հնչեցրեց անուն առ անուն։

Կ, Գաբրիելյանի խոսքերով, այսօր Արցախի լրագրողական մեդիադաշտի ներկայացուցչիների շոշափելի մասն իր կարևոր դերակատարությունն է ունեցել Կարմիր դրոշ, ապա Խաչեն, այժմ Բերդ շրջանային թերթում, և թերթն է նրանց համար եղել կարևոր դարբնոց, քանզի նրանցից շատերն այստեղ են սովորել լրագրության այբուբենը, ձեռքբերել մասնագիտական կարողություններ։

Բերդ թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանը ներկայացրեց թերթի պատմությունն ու նրա անցած ուղին, ինչպես նաև արդի մարտահրավերներն ու դժվարությունները, որոնք ծառացել են թերթի բնականոն գործունեության առջև։

Ասկերանում լույս տեսնող ՙԲերդ՚ թերթը հիմնադրվել է 1979 թվականին՝ ՙԿարմիր դրոշ՚ անվամբ, ապա վերանվանվել է ՙԽաչեն՚-ի, իսկ 1995 թվականից՝ ՙԲերդ՚-ի։ Այդ ընթացքում թերթն ունեցել է մի շարք խմբագիրներ (Կոմիտաս Դանիելյան, Արարատ Բարսեղյան, Վարդգես Օվյան, Լիլիա Բաղրյան,  Վալերի Պետրոսյան, Նելսոն Ավանեսյան), խմբագրի տեղակալներ ու լրագրողներ (Կիմ Գաբրիելյան, Սվետլանա Խաչատրյան, Սլավիկ Միրզոյան, Նորեկ Գասպարյան, Դավիթ Միքայելյան, Ծովինար Գրիգորյան, Բենիամին Ղարախանյան, Մհեր Հարությունյան, Սամվել Հակոբյան, Իրինա Ավետիսյան, Անահիտ Պետրոսյան, Իլոնա Դանիելյան, Նելլի Մելքումյան, Լիլիթ Ասրյան, Ալիսա Մարտիրոսյան, Գայանե Մելքումյան, Կարինե Բախշիյան եւ ուրիշներ)։

Հիմնադրման օրվանից թերթը միշտ էլ գտնվել է իր բարձության վրա՝ օպերատիվ լուսաբանելով շրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Տեղին է նշել, որ Արցախյան շարժման ընդհատակյա ժամանակահատվածում խմբագրությունը վերածվել էր յուրահատուկ շտաբի։ Տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել թերթի թե որակական կողմին, թե արտաքին տեսքին։

Խոսելով թերթի առջև ծառացած դժվարությունների և խնդիրների մասին խմբագիրը նշեց, որ  թերթի բնականոն  լույս ընծայման համար պետք է ժամանակին բաժանորդագրություն կատարվի, ինչը շատ դժվարին (համարյա անհնարին) գործընթացի է վերածվել, քանի որ հազվադեպ է լինում, երբ կամավոր սկզբունքով ինչ-որ մեկը բաժանորդագրվելու ցանկություն է հայտնում։ Իսկ բաժանորդավճարը հավաքագրելը մեկ այլ տաժանակիր աշխատանք է, ինչը հաճախ ձգձվում է տարիներով։ Այս ամենի հետևանքով առաջանում են անհարկի հարկային պարտավորություններ ու տույժեր, որոնք կաթվածահար են անում խմբագրության բնականոն գործընթացն ու թերթի լույս ընծայումը։ Չնայած առկա դժվարություններին, այնուամենայնիվ, հաճախ նաև խախտելով նախահաշվի հոդվածները՝ թերթը տպագրվում է։

Այսքանից հետո առաջ է գալիս մեկ այլ առավել կարևոր խնդիր՝ թերթերը ժամանակին բաժանորդներին հասցնելը։ Իսկ համայնքներ թերթը հասնում է օրեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ անց։

Այս առումով անգնահատելի է թերթի էլեկտրոնային տարբերակի դերն իր անսահմանափակ հնարավորություններով, որը գործարկել ենք դեռևս 2012 թվականին և որոշակի ընդհատումներով գործում է առայսօր։ Այսօրվա դրությամբ կայքի այցելուների քանակը հասնում է մոտ մեկ ու կես միլիոնի ամբողջ աշխարհում։ Թերթի էլեկտրոնային տարբերակի անցնելուց հետո նախատեսվում է կայքում շրջանի յուրաքանչյուր համայնք համար առանձին կայքէջեր բացել։

Կ. Գաբրիելյանն անդրադառնալով թերթի առջև ծառացած խնդիրներին ցավով նշեց, որ դրանք առկա են հանրապետության շրջանների բոլոր խմբագրություններում, որոնք հրատապ լուծում են պահանջում։

-Ինչ վերաբերում է Կարմիր դրոշ- Խաչեն-Բերդ համաձուլվածքին, այն լիովին կատարել ու շարունակում է կատարել իր առաքելությունը, ինչպես Արցախյան Շարժման և ազատամարտի տարիներին, այնպես էլ ներկա ժամանակաշրջանում,- ասաց Կ, Գաբրիելյանը։

ԺՄ նախագահը պատվոգրով պարգևատրեց շրջանային թերթին՝ հիմնադրման 40 ամյակի կապակցությամբ, իսկ թերթի և ընդհանարապես Արցախի լրագրողական դաշտի ամենաերկարակյաց խմբագիր Վալերի Պետրոսյանին՝ նաև խոհրդանշական նվերով։

Ազատ Արցախ թերթի խմբագրի Նորեկ Գասպարյանը երանությամբ է հիշում շրջանային թերթում աշխատելու տարիները, գեղեցիկ հիշողություններն հաջորդում էին մեկը մյուսին։ Նա համարում է, որ այսօրվա իր հաջողությունների հիմքում հենց շրջանային թերթի նշանակալից դերն է։

Մամուլի զարգացման ասպարեզում ունեցած ավանդի և գործունեության 40-ամյակի առթիվ Ն. Գասպարյանը պատվոգիր հանձնեց թերթին։

Թերթի առաջին պատասխանատու քարտուղար Դավիթ Միքայելյանը խոսեց այն տարիներին թերթի հրատարակման հետ կապված դժվարությունների մասին, նշելով այդ ժամանակաշրջանում ինչպիսի հոգատարություն ու աջակցություն էր ցուցաբերում շրջանի ղեկավարությունը թերթի նկատմամբ։ Շնորհավորելով գործընկերներին նշանակալից տոնի առթիվ, Դ. Միքայելյանը շեշտեց, որ հպարտ է, որ եղել է թերթի հիմնադրման ակունքներում և իր համեստ դերակատարությունն է ունեցել թերթի ստեղծման գործում։

Իրենց սրտի խոսքով, թերթում աշխատելու տարիներին անմոռաց հիշողություններով և մտահոգություններով կիսվեցին Մհեր Հարությունյանը, Սվետլանա Խաչատրյանը, Ծովինար Գրիգորյանը։ Նրանք առավել կարևորում էին Շարժումը ոտքի կանգնեցնելու գործում Ասկերանի շրջանի դերակատարությունը, և խմբագրության աշխատակիցների անուրանալի նվիրվածությունը Շարժմանը, երբ խմբագրության շենքը վերածվել էր շտաբի, և այն գաղտնի Սմոլնի էին ասում։ Ծովինար Գրիգորյանը նշեց, նաև, որ ցավալի է, որ այսպիսի հերոսական ճանապարհ անցած թերթն այսօր իր սեփական հարկը չունի։

Ստեփանակերտ թերթի խմբագիր Սոֆյա Սարգսյանն անակնկալ նվեր էր պատրաստել թերթի հոբելյանի առիթով, որը սիրով և ընթերցեց.

Բերդ ես այսօր դու ամրակուռ,

Բերդից հզոր ու ոգեղեն,

Ազգիդ համար՝ հույսի բաց դուռ,

ԵԲվ սիրված ես, և ՝լուսեղեն:

 

«Կարմիր դրոշե, ապա՝ «Խաչենե,

Իսկ հիմա՝ «Բերդե, շա՜տ է հնչեղ,

6 խմբագիր միտքդ են կերտել,

Ճամփադ՝ հարթել՝ կամքով ահեղ:

 

Դու թրծվե՜լ ես բոցերի մեջ,

Երթդ՝ հասուն, միտքդ՝ զորեղ,

Ոչ մի պահի չեԲս երկնչել,

Դու՝ իմաստուն մտքի կանթեղ:

 

Չորս տասնամյակ լույս ես սփռել

Հայկյան շնչով մեսրոպատառ,

Կերպդ՝ խաղաղ ու աներեր,

Հունձքդ՝ բարի, խոսքդ՝ արդար:

 

Գրչի մշակ զինվորներդ՝

Մտքի, հույսի, լույսի փարոս,

Որ դժնդակ օրերիդ էլ

Կամքդ են կոփել՝ որպես հերոս:


Շնորհավո՜ր հոբելյանդ,

Բերդի նման աննկո՜ւն թերթ,

Դարի հևքում իմաստավոր

Քեզ՝ միշտ անչար ու բարի երթ:

 

Հպա՛րտ, կանգո՛ւն եղիր միշտ էլ,

Հանց սուրբ զանգի վեհ կոչնակ,

Որ Արցախի փառքը տանես

Դեպի դարերն անապակ:

Նա նաև գրքեր նվիրեց Վալերի Պետրոսյանին։

ԱՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր լրագրող Վարդգես Բաղրյանը յուրաքանչյուր լրատվամիջոցի դերակատարություն գնահատում է նրանով, թե ինչքանով է վերջինս կարողացալ լուսաբանել Արցախյան ազատամարտը, եղել սեփական ժողովրդի կողքին։

-Այս առումով, իսկապես, այսօրվա հոբելյարի հունձքը շատ առատ է,- նշեց Վ. Բաղրյանը։

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Վահագն Առուստամյանը վարչակազմի ղեկավարության անունից շնորհավորանքի խոսք ասաց, ինչպես նաև հավաստիացրեց ներկաներին, որ թերթի հիմնախնդիրները գտնվում են շրջանի ղեկավարության ուշադրության կենտրոնում։

Թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանը պատասխանատու քարտուղար Անահիտ Պետրոսյանին և թղթակից Կարինե Բախշիյանին պարգևատրեց պատվոգրերով։

Հավատարիմ մնալով  լավագույն ավանդույթներին թերթն այսօր էլ շարունակում է լուսաբանել շրջանի սոցիալ-տնտեսական կյանքը, փառաբանել Հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած, հաշմված ազատամարտիկներին, ոգեշնչել հարազատ ծննդավայրի և Արցախի համար տարբեր բարեգործական ծրագրերով հանդես եկողներին՝ միշտ կանգնած մնալով  ժողովրդի թիկունքին, հնարավորինս ներկայացրել նրա դարդն ու ցավը՝ դրանք լուծելու ուղիներ ցուցանել։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter