ԹՈՂ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31.01.2019 10:12

Ասկերանի շրջանի Ջրաղացների համայնքի հիմնական դպրոցը կրում է դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, համահայկական խաղերի հիմնադիր, գրող Աշոտ Զարեհի Մելիք Շահնազարյանի անունը: Նա Արցախի հին ազնվական տոհմի ներկայացուցիչն էր, որը երկու հարյուրամյակ կառավարել էր պատմական հինգ  մելիքություններից մեկը՝ Վարանդան:

Ծնվել է 1931 թվականին Թբիլիսիում: 1937 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ նա ավարտել է թիվ 160 միջնակարգ դպրոցը: 1949 թվականին Աշոտ Մելիք

Շահնազարյանն ընդունվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որն ավարտել է 1956 թվականին: Հետագայում նա ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ բարձրագույն դիվանագիտական դպրոցը և ԽՍՀՄ ԱԳՆ ղեկավար աշխատողների դասընթացները:

Համարյա կես դար դիվանագիտական աշխատանք է կատարել. 33 տարի՝ ԽՍՀՄ ԱԳՆ-ում և 12 տարի՝ ՀՀ ԱԳՆ-ում:

ՀՀ ԱԳՆ-ում պաշտոնավարելու ժամանակ ակտիվ կերպով ու գործի իմացությամբ պաշտպանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի շահերը: 1993 թվականի ամռանը ԼՂՀ ԱԳՆ հիմնադիրներից մեկն էր և հետագա տարիներին օժանդակել է նրա կայացմանը: Նա իր մասնագիտական հարուստ փորձը փոխանցել է ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցներին՝ մինչև իր կյանքի վերջը մնալով աշխատանքի մեջ:

1997 թվականի սեպտեմբերից ունեցել է Արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան: Տիրապետել է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներին:

Աշոտ Մելիք Շահնազարյանը լայնորեն հայտնի է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում որպես համահայկական մարզական շարժման հիմնադիր, ոգեշնչող և կազմակերպիչ: 1996 թվականին Փարիզում նա հրապարակայնորեն առաջ է քաշել համահայկական մարզական խաղերի անցկացման գաղափարը, իսկ 1997 թվականին դարձել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը: Համահայկական խաղերի բոլոր խորհրդանիշների, ինչպես նաև քայլերգի երաժշտության, խոսքի և հրաժեշտի երգի հեղինակն է:

Աշոտ Մելիք Շահնազարյանը քաղաքական, մարզական և օլիմպիական թեմաներով մի շարք գրքերի հեղինակ է:

Այսօր Ջրաղացների հիմնական դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները մեծ հպարտություն են զգում, որ դպրոցը կրում է հենց այդպիսի մեծանուն, հայրենասեր ու նվիրված մարդու անունը:

Եվ նրանց հպարտությունն ու գոհունակությունը կրկնապատկվում է, երբ հայտնի տոհմի ներկայացուցչի որդին իր ծնողից ոչ պակաս հայրենասեր ու ազնվահոգի է:

Արսեն Մելիք Շահնազարյանն այսօր ապրում է Մոսկվայում և աշխատում ՌԴ ԼՂՀ մշտական ներկայացչությունում: Առաջին դասի խորհրդական է, քաղաքագետ և լրագրող: Ապրելով Մոսկվայում՝ անմասն չի մնում իր հոր անունը կրող դպրոցի կյանքից: Պարբերաբար հետաքրքրվում է դպրոցի խնդիրներով, հուզող հարցերով: Հաճախակի է այցելում դպրոց և ձգտում ամեն կերպ օգտակար լինել:

Բարի, հայրենասեր, ազնիվ ու նվիրյալ հայն իր սուրբ պարտականությունն է համարում օգնել իրեն հարազատ դարձած Ջրաղացներին: Այս վերջին տարիների ընթացքում նա դպրոցին նվիրել է թենիսի սեղան, համակարգիչներ, հեռուստացույց, տպիչ սարք, դպրոցական կահույք: Դպրոցի աշակերտներն ամեն տարի սրտատրոփ սպասում են Ամանորին, քանզի գիտեն, որ իրենց հավատարիմ բարեկամի կողմից ամանորյա նվերներ կստանան: Վերջին մեկ տարվա ընթացքում Արսեն Մելիք Շահնազարյանի միջոցներով փոխվել են դպրոցի հին պատուհանները և տեղադրվել են մետաղապլաստե 13 պատուհան:

Ջրաղացների Աշոտ Մելիք Շահնազարյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանն անթաքույց հպարտությամբ և ուրախությամբ է խոսում բարերարի մասին:

-Երբ զգում ես, որ սատարող ուժ և բարիդ կամեցող ունես, ավելի մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ ես լծվում գործիդ, աշխատում ես անհնարինը հնարավոր դարձնել ու բարձր պահել հարազատ կրթօջախիդ պատիվը:

Ջրաղացների համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովի, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների անունից երախտագիտություն ենք հայտնում Արսեն Մելիք Շահնազարյանին: Նրա անշահախնդիր բարեգործությունները, որոնք վեհ նպատակ են հետապնդում, գնահատված են բոլորիս կողմից: Չէ որ այն, ինչ արվում է մատաղ սերնդի դաստիարակության համար, միայն մեծարանքի է արժանի: Տեսնելով մեր բարերարի սրտաբուխ և անկեղծ վերաբերմունքը դպրոցի հանդեպ, զգալով նրա սրտացավությունը՝ ինքնին լցվում ենք հույսով ու հավատով: Բոլորիս համար մեծ հպարտություն է, որ Արսեն Շահնազարյանը, ապրելով հեռավոր Մոսկվայում, իր ներդրումն է ունենում Արցախի այս փոքրիկ գյուղի կրթօջախի համար: Կարծում եմ, այդպես պետք է վարվի ամեն մի հայ, անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում:

Ինչ խոսք, բարություն կատարող մարդը չի կարող իղձեր, երազանքներ չունենալ: Անշուշտ, նա երազում է իր շուրջը բոլորին երջանիկ, առողջ և ապահով տեսնել: Արսեն Մելիք Շահնազարյանը փափագում է, որպեսզի Արցախ աշխարհը միշտ հզոր լինի, արցախյան բոլոր համայնքները՝ շեն ու կանգուն:

Հիրավի, ճիշտ է ասված, որ բարությունը կփրկի աշխարհը, ուստի մեզանից արմատախիլ անենք չարը, բոլորս երկրպագենք բարությանը, սնենք այն, աճեցնենք մեր հոգիներում:

Երանի՜ մեր բարերարների օրինակով վարակվեն օտար ափերում ապրող մեր հայրենակիցները, մենք սպասում ենք նրանց…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter