ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ |
28.01.2019 14:34 |
Օրերս մեր թերթի խմբագրություն էր այցելել թերթի հավատարիմ ընթերցող և թղթակցող ասկերանաբնակ Վերա Գասպարյանը։ Նա թերթի հոբելյանական 40-րդ տարելիցի կապակցությամբ բարեմաղթանքներ ասաց, նշելով, որ միշտ էլ եղել է ու կմնա Բերդ-ի հավատարիմ ընթերցողը։ Ձեզ ենք ներկայացնում Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված չափածո ստեղծագործությունը, որը Վ. Գասպարյանը նվիրել է 1992թ. փետրվարի 23-ին առաջնագծում թշնամու դեմ համառ պայքար մղող ազատամարտիկներին... Սարերի վրա, խրամատների մեջ, Ծանր ավտոմատներն ուսներիդ դրած, Քայլում եք զգոն, քայլում եք անվերջ, Դեպի դիրքերը աչքներդ հառած։ Դո՛ւք, հայ զինվորնե՛ր, հայ ֆիդայինե՛ր, Ձմեռվա պարզկա այս կեսգիշերին Խոնավ փոսերում, ցրտից դողալով, Անդորրն եք պահում հայոց աշխարհի։ Մերթ Քարագլխի ժայռերին թառած, Մերթ Լաչին-Ղույի քամու բերանում, Մերթ Շահումյանում, մերթ Մարտակերտում, Մերթ էլ Փառուխի նեղ կածաններում… Եվ հանկարծ պարզկա, անամպ երկնքում Չորս կողմ լույս տալով կայծակն է փայլում. Ու խուլ որոտում ամպրոպն Արցախում… Եվ նորից մի տուն քանդվում, ավերվում: Եվ նորից, նորից կայծակ ու որոտ, Անթիվ, անհաշիվ լույսին ու ձայնին Ու հրավառված այս կես գիշերին Արցախն է տնքում խուլ հառաչանքով։ Դո՛ւք, հայոց երկրի հայոց պաշտպաննե՛ր Մի հուսահատվեք այս կես գիշերին, Վրեժով լցված դուք հետ նայեցեք, Ձեր շեն գյուղերին, այրվող գյուղերին… Մի հուսահատվեք, միաբանվեցեք, Մի բռունցք դարձեք ու միշտ զգոն եղեք, Որ չար թշնամին ձեզնից սարսափի … Այս կես գիշերին նոր ոճիր չգործի, Իսկ մենք Արցախի բյուրավոր մայրեր, Գլուխն ենք խոնարհում մեր ճերմակահեր Մարտերում զոհված մեր հերոսների Թարմ ծաղիկներով շիրիմների առջև… Առիթից օգտվելով հայոց բանակի կազմավորման և Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ շնորհավորում եմ բանակի հրամանատարներին ու զինվորներին, այսօր մեր սահմանները պաշտպանող հայոց սահմանապահ որդիներին, բոլոր ազատամարտիկներին և ցանկանում բոլորին առողջություն, մեր Հայրենիքին՝ հավերժ խաղաղություն… Վերա ԳԱՍՊԱՐՅԱՆ |