ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ… |
01.02.2019 11:40 |
Թերթում եմ Ասկերան քաղաքի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված <<Ասկերան. հերոսության հասցեներ>> գիրքը, անասելի ցավից ճմլվում է սիրտս: Մի անբացատրելի տխրություն է պարուրում հոգիս, փաթաթվում մտքերիս, լռելյայն տանում ինձ դեպի անցյալ: Գրքի էջերից ինձ են նայում երիտասարդ տղաներ, որոնց աչքերում լճացած թախիծը մարդու սիրտ է կեղեքում: Այնքա՜ն անելիքներ ունեին նրանք, այնքա՜ն շատ էին ուզում ապրել: Ավա՜ղ… Թերթում եմ և մտովի զրուցում նրանց հետ, խորապես ցավում յուրաքանչյուրի համար: Կրկնապատկվում է ցավս, երբ տեսնում եմ, որ ընտանիքներ կան, որ մի քանի զոհեր են տվել սրբազան այս հողի համար: Այսօր տողերս նվիրում եմ մի ընտանիքի, որն Արցախյան պատերազմի ողջ դաժանությունն զգացել է իր սեփական ուսերի վրա: Կարելի է ասել Ասկերանում այդ գերդաստանը տուժել է, ինչպես ոչ ոք: Բազմանդամ ու շեն ընտանիք էր Շահեն և Մանյա Մուսայելյանների ընտանիքը: Համեստ, աշխատասեր այս ընտանիքում ծնվել և դաստիարակվել են հինգ զավակներ՝ երեք տղա և երկու աղջիկ: Ամեն մեկն իր գործին, արդեն ընտանիք կազմած՝ ապրում էին համեստ աշխատավորի կյանքով: Ուրախանում էին իրարով, օգնում միմյանց և փառավորվում էր Մանյա մայրիկի սիրտը/ ընտանիքի հայրը վաղուց էր մահացել/: Եկել էր ցանածը հնձելու ժամանակը… Թվում էր, ամեն ինչ շարժվում էր իր հունով…Սակայն ցավո՜ք, ճակատագիրն սկսեց իրենն անել: Ավագ որդին՝ Սուրիկը, ով ընտանիքով ապրում էր ՀՀ Չարենցավան քաղաքում, հանկարծակի հիվանդացավ: Անբուժելի հիվանդությունը խլեց նրա երիտասարդ կյանքը: Մուսայելյանները դեռևս ուշքի չէին եկել վշտից, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Աշխարհը, ասես, գլխիվայր շուռ եկավ նրանց համար: Եվ սկսվեցին դաժան օրերը, որոնք լի էին գնդակոծություններով, հրթիռակոծություններով և չարագուշակ լուրերով: Ինչպես և բոլոր ասկերանցիները, Մուսայելյանները ևս տեղափոխվել էին այլ բնակավայր: Երբեմն կարոտում էին , գալիս էին տուն՝ ապա վերադառնում Նորագյուղ/այդտեղ էին տեղավորվել/: Մանյա մայրիկն աղջկա՝ Աիդայի հետ հերթական անգամ եկել էին Ասկերան ու հետ էին դառնում: Հասել էին Ասկերանի բերդի մատույցները, հանկարծ թշնամու ինքնաթիռներն սկսեցին հրթիռակոծել: Մայր ու աղջիկ վիրավորվեցին և տեղափոխվեցին Ստեփանակերտի հիվանդանոց: Ավա՜ղ, բժիշկներին չհաջողվեց փրկել մոր կյանքը: Նա հեռացավ՝ այդպես էլ չտեսնելով Արցախ աշխարհի անկախությունն ու ազատությունը: Անգութ Ճակատագիրը, հավանաբար, երկար էր մտածել: Նա այնպես արեց, որ Մանյա մայրիկը հետագայում չտեսներ զույգ որդիների կորուստը: Չէ որ անողոք պատերազմը շարունակում էր կատարել իր սև գործը: 1992 թվականն էր, հոկտեմբերի 28-ը: Մուսայելյանների ընտանիքում նորից սուգ ու շիվան էր: <<Չրմխութ>> կոչվող տեղամասում զոհվել էր միջնեկ որդին՝ Վլադիմիր Մուսայելյանը: 1991 թվականին քաջ հայորդին կամավորագրվել էր Ասկերանի ինքնապաշտպանական ջոկատին, ակտիվ մասնակցություն ցուցաբերել Նախիջևանիկ, Փրջամալ, Արանզամին և Խրամորթ գյուղերի պաշտպանական և ազատագրական մարտերին: Նա հեռացավ՝ թողնելով երկու փոքրիկներին կնոջ փխրուն ուսերին: 35 տարեկան էր, պետք է ապրեր, իր հայրենասիրությունը սերմաներ զավակների մեջ, լիանար նրանցով: Չտեսավ…Նրա գործն անտրտունջ շարունակեց կինը՝ Սեդան: Իսկական հայուհի, նվիրված մայր, առաքինի կին… Մուսայելյանների կրտսեր որդին՝ Բորիկը, որ ապրում էր հեռավոր Թուքմենստանում, կորցրել էր քուն ու դադար: Վրեժխնդրությամբ լցված, նա չէր կարողանում գտնել իր տեղը և անմիջապես վերադառնում է ծննդավայր: Արյունը եռում էր երիտասարդի երակներում: Տաքարյուն էր, խիզախ, պատվասեր: Ոչ ոք չկարողացավ հետ պահել նրան, նա անտեսեց կնոջ և քույրերի թախանձանքները: <<Դու ես մեր ապավենը, մեր գերդաստանի միակ տղամարդը, մի՛ գնա>>,-աղաչում էին քույրերը: Սակայն Բորիկն արդեն անդամագրվել էր Արցախի ինքնապաշտպանական ուժերին: Ամեն գնով կամենում էր վրեժ լուծել թշնամուց, կորստի ցավն այնքա՜ ն խորն էր… Անձնվեր երիտասարդը հերթական առաջադրանքն էր կատարում: 1993 թվականի սեպտեմբերի 3-ն էր: Չարաբախտ օր՝ Մուսայելյանների համար: Բոթը հասավ ասկերանցիներին, կրկին սուգ ու շիվան: Կուբաթլուի շրջանում իր հայրենասիրական պարտքը կատարելիս անհայտ կորել էր Բորիկ Մուսայելյանը: Հեռավոր Թուրքմենստանում որբացավ մի հայ մանուկ ևս… Արցախյան պատերազմում հազարավոր զոհեր ենք ունեցել, ամեն մեկի համար ցավել յուրովի, սակայն այլ է Բորիկի ցավը: Պատերազմից հետո նրա հարազատներն ամեն վայրկյան սպասել են ինչ-որ մի բարի լուրի, լցվել են հույսով, և ամեն անգամ նորոգվել են նրանց վիշտն ու ապրումները: Այսօր էլ Մուսայելյաններն սպասում են, հույսը չի լքում նրանց, անձայն աղոթում են Աստծուն և սպասում … Երկար տարիներ են անցել արցախցիներիս համար դաժան այդ օրերից: Մուսայելյանների ընտանիքը, թեև դժվարությամբ, կարողացավ ոտքի կանգնել: Հերոս տղաների քույրը՝ Աիդան իր ողջ կյանքը նվիրել է եղբայրների զավակներին, սատար կանգնել ամեն մի հարցում: Վլադիմիր Մուսայելյանի այրին մինչև այսօր ծառայում է ԱՀ ՊԲ-շարքերում: Տարիներ շարունակ, որպես հմուտ խոհարար՝ նա նաև մայրական գորովանք է տվել մեր երկրի սահմանները պահպանող զինվորներին: Իր հոր գործն է շարունակում նաև ավագ որդին՝ Արտուր Մուսայելյանը: Գործիմաց սպան զինվորների հետ կանգնած է սահմանին և Արցախ աշխարհի դիրքերն է պաշտպանում: Վլադիմիր և Բորիկ Մուսայելյանները հետմահու պարգևատրվել են <<Արիության համար>> մեդալով: Նրանցով հպարտանում են հարազատները, աշխատում ամեն կերպ բարձր պահել հերոսների անունները: Վլադիմիր Մուսայելյանի թոռնիկները սովորում են գերազանց գնահատականներով, նրանք գիտեն, որ մեր երկրի ապագա զինվորներն են և պապիկի գործի շարունակողները: Մուսայելյանների գերդաստանում սերունդներ են փոխվել: Այդ ընտանիքից սերվել են բժիշկներ, զինվորականներ և, պարզապես, լավ մարդիկ: Եվ այդ սերունդների մեջ մշտապես պահպանվել է Մուսայելյանների ամենակարևոր գենը՝ աշխատասիրությունը… …Գիտե՞ք, վաղուց էի խորհում գրել այս ընտանիքի մասին, անձնապես ճանաչելով և մոտիկից տեսնելով նրանց վիշտը, որը նրանք անխոս տանում են իրենց մեջ, միշտ էլ մտահոգում էր ինձ և մտորելու տեղիք տալիս: Չէ՞ որ գիտեի, որ դեռևս չլուծված խնդիրներ կան այս ընտանիքում: Միաժամանակ նպատակս էր մատաղ սերնդին ներկայացնել, որ մեր շրջապատում կան այդպիսի ընտանիքներ, որոնք անցել են դժվարություններով և կարողացել են հաղթահարել բազում խոչընդոտներ: Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հարգել զոհված ազատամարտիկների ընտանիքներին և աջակից լինել նրանց: Ես հավատում եմ, կգա այն օրը, և իմ շրջապատում բոլորը երջանիկ կլինեն: Զոհվածների հարազատների աչքերի անհուն թախիծը կփոխարինվի հույսի շողերով, կիրականանան նրանց երազանքները և օջախներում միայն ավետիսներ կհնչեն: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |