ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՄԱՅՐԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
04.02.2019 16:23

Զառամյալ այդ կնոջն առաջին անգամ տեսա միայն մի քանի րոպեով: Հոգնած, կորացած վերադառնում էր բանջարանոցից: Երբ նրան ասացի, որ իր թոռնուհին՝ Ալեսան աշխատում է մեզ հետ՝ Ասկերանի <<Բերդ>> թերթի խմբագրությունում, նա մի խորաթափանց հայացքով նայեց ինձ և ասաց.<<Լա՛վ վերաբերվեք նրան, հոգատար եղե՛ք, առանց հայր է մեծացել>> …

Եվ նրա խորշոմներով պատված դեմքը տխրության շղարշով պատվեց, աչքերում լճացան արցունքները, նրա բազմաչարչար ձեռքերն անզոր կախվեցին: Արցախյան պատերազմում զոհված որդուն՝ Արամին էր հիշել: Մտովի մի զրույց սկսեց որդու հետ, հողից կոշտացած մատներով փաղաքշեց նրա գլուխը, համբուրեց նրա հպարտ ճակատը:

Երկար ճանապարհ է անցել ջրաղացներցի Ժենյա տատիկը, ինչե՜ր է տեսել, ինչե՜ր են անցել նրա գլխով…

…13 տարեկան էր, երբ հոր, մոր, քրոջ ու եղբայրների հետ աշխատում էր գյուղի կոլտնտեսությունում: Կարիքն էր ստիպում, իսկ 13-ամյա աղջնակը չէր ցանկանում դա հասկանալ: Նա խաղալ էր ուզում, քնել երկար…Ծեգը չծագած գնում էին դաշտ և ուշ երեկոյան վերադառնում՝ արևախանձ, հոգնած, տանջված: Ժամանակներն էին այդպիսին:

Դեռ 17-ը չէր լրացել, երբ ծնողներն ամուսնացրին համագյուղացի Ժորայի հետ: Արտասուքն աչքերին միշտ դեպի  հայրական տան կողմն էր նայում, ծնողներին էր կարոտում, քրոջն ու եղբայրներին:

Այսօր Ժենյա տատիկը մտածում է. <<Ախր անխղճություն էր 17 տարեկան երեխային ամուսնացնել, սակայն դժվար ապրուստն էր ստիպում, չեմ մեղադրում հարազատներիս>>…

Ծնվեցին երեք որդիները՝ Անդրանիկը, Ավետիսը և Արամը: Մեծ դժվարությամբ էին ապրում, մի կերպ ապրուստի միջոցներ հայթայթում: Ինչպես ինքն է ասում, տղաներին ոտքի կանգնեցնելուց հետո միայն կարողացավ հանգիստ շունչ քաշել: Այդ ընթացքում ամուսնու հետ նոր տուն էին կառուցել և տեղափոխվել այնտեղ: Զավակները մեծացան, ծառայեցին խորհրդային բանակի շարքերում, տուն ու տեղ կազմեցին:

Բայց հայը ե՞րբ էր ապրել առանց տանջվելու, մաքառելու…Սկսվեց Արցախյան գոյապայքարը, արցախցին ոստնեց՝ բռունցքվելով: Լցվել էր համբերության բաժակը, եկել էր զենքի միջոցով Ղարաբաղյան հարցը լուծելու պահը:

Ժենյա տատիկի կրտսեր որդին՝ Արամը (ավագներն ապրում էին Մոլդովայում) անմիջապես զինվորագրվեց ինքնապաշտպանության ջոկատներին: Ծառայում էր Ակնաղբյուրի գումարտակում, որն այդ ժամանակ պաշտպանում էր Ամարասի հովիտը:

Ժենյա տատիկը հիշում է, թե ինչպես էր որդին ոգևորված, չէ՞ որ շուտով ազատվելու էին օտարի լծից և արցախցին կարողանալու է ապրել ազատ ու խաղաղ երկնքի տակ:

<<Օրերով տուն չէր գալիս իմ Արամը, կարոտից խեղդվում էինք ու ապրում սպասումներով: Կինը, որ այնքա՜ն ջահել էր, ամաչկոտ հայացքը թաքցնելով մեզանից, անընդհատ դեպի դուռն էր նայում, իսկ երեխաները…Ախր շատ էին փոքր, ոչինչ չէին հասկանում>>,-ցավատանջ կինը լռում է երկար…

1992 թվականի օգոստոսի 31-ն էր: Քարամյանները պատրաստվում էին ավագ դստերը՝ Արմենուհուն ուղարկել առաջին դասարան: Երեքօրյա հերթափոխից հայրը պետք է տուն վերադառնար, սակայն բոթը նրանից առաջ հասավ՝թշնամու ականից զոհվել էր երեք երեխաների հայր Արամ Քարամյանը…

Ուժասպառ կինն անզոր էր պահել արցունքները, որոնք նրա կյանքի հավատարիմ ուղեկիցներն են դարձել: Ժենյա տատիկի աչքերում ես անհուն կարոտ եմ տեսնում: Կարոտ, որը մարդու սիրտ է մաշում, անմար կսկիծ դառնում նրա համար:

…Ժենյա տատիկի հայացքը հանկարծ լուսավառվում է, ողողվում ժպիտով: Նա նայում է իր զոհված որդու երեխաներին ու թոռներին և նրանց մեջ իր Արամին տեսնում: Առանձնապես գորովանքով գրկում է պապիկի անունը կրող Արամիկին և սեղմում կրծքին,սրտին,  որը բաբախում է միայն այս փոքրիկների համար:

Հունվարի 31-ին հերոսածին մոր՝Ժենյա Քարամյանի 90-ամյա հոբելյանն էր: Համեստ ու նվիրված հարսի՝ Սվետլանայի գլխավորությամբ հավաքվել էին նրա թոռներն ու ծոռները: Այդ օրն Արամ Քարամյանի օջախում թևածում էր երգն ու պարը, խինդն ու ծիծաղը:

Այնքա՜ն երջանիկ է հոբելյարը, այնքա՜ն ուրախ որդու զավակների համար:

<<Կարող ես ննջել խաղաղությամբ, զավա՛կս: Քո երեխաներն ապրում են քո երազած երկրում: Այստեղ ամեն ինչ խաղաղ է, գեղեցիկ: Քո և քո ընկերների թափած արյան շնորհիվ մենք ապրում ենք հիանալի երկրում, ապրում ենք՝ մշտապես վառ պահելով ձեր հիշատակը: Դուք ունեք արժանի հետնորդներ, որոնք կշարունակեն ձեր կիսատ թողած բոլոր գործերը>>,-հպարտությամբ է ասում Ժենյա տատիկը և երկար նայում որդու մեծադիր նկարին, իսկ որդին հանգիստ և բարի աչքերով հսկում է ընտանիքի անդորրը:

Կիսելով որդեկորույս կնոջ ապրումները՝ ուզում եմ հավաստիացնել, որ մեզանից յուրաքանչյուրը բարձր է պահում զոհված ազատամարտիկների անունները և մեծարում նրանց հարազատներին:

Ժենյա տատիկին շնորհավորենք 90-ամյա հոբելյանի առթիվ և խոստանանք, որ անպայման կհանդիպենք նրա 100-ամյա տարելիցին…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter