2018-19 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԱԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼԸ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է |
05.02.2019 16:09 |
Շրջանում մեկնարկել է 2018-19 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադան։ Այն անցկացվում է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Առարկայական օլիմպիադայի մեկնարկը տրվել է հունվարի 29-ին և կտևի մինչև փետրվարի 13-ը։ Ինչպես տեղեկացանք կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Շամիրյանից, շրջանի հանրակրթական դպրոցներից ներկայացվել է շուրջ 320 հայտ՝ տարբեր առարկաներից։ Ի դեպ, նախորդ տարիների համեմատությամբ այս տարի բնագիտական առարկաների օլիմպիադայի մասնակիցների թիվը փոքր ինչ բարձր է։ Ասել է, թե դպրոցականներին շարունակում են չհետաքրքրել բնագիտական առարկաները։ Խնդիրը շտկելու համար, կրթության բաժնի կողմից կազմակերպված խորհրդակցություններում շարունակաբար հայտարարություններ են արվում մեծ ուշադրություն դարձնել դպրոցներում բնագիտական առարկաների դրվածքին։ Սակայն դեռևս ապարդյուն են գործադրված բոլոր ջանքերը։ Խնդիրը զուտ տեղական բնույթ չի կրում։ Այն առավել խոր արմատներ ունի, ինչը բացատրվում է խորհրդային դպրոցի տապալմամբ ու նոր կրթական մեթոդների ներդրմամբ, կրթական համակարգում կատարված մի շարք ՙարմատական բարեփոխումներով՚։ Նեգատիվ ֆակտոր է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ ավարտական դասարանում աշակերտները քիչ թե շատ սովորում են միայն այն առարկաները, որոնցից պետք է քննություն հանձնեն ԲՈՒՀ ընդունվելու համար։ Որոշ դեպքերում էլ հույսները դնում մասնավոր պարապմունքների վրա։ Այս առումով խորհրդային դպրոցի վրա դրված էր հիմնարար գիտելիքների որոշ ծավալ հաղորդելու գերխնդիրը։ Մեզ հետ զրույցում կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գ. Շամիրյանը նշեց, որ առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլը հաղթահարած աշակերտները մեծ ակտիվությամբ են մասնակցում շրջանային փուլին։ Հենց դրան են ուղղված կրթության համակարգում նման մրցակցային միջոցառումների կազմակերպումը։ Այն դրական մրցակցություն է առաջացնում դպրոցականների միջև և աշակերտներից յուրաքանչյուրը ձգտում է հասնել առավելագույնի։ Անվիճելի է, որ այս հարցում որոշիչ դեր ունի նաև ուսուցիչը։ Նշենք նաև, որ առարկայական օլիմպիադայի շրջանային փուլում առավելագույն արդյունքներ հավաքած մասնակիցները կանցնեն հանրապետական փուլ, որը կմեկնարկի փետրվարի 23-ից։ Հուսանք, որ մեր շրջանը, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի նույնպես բարձր առաջադիմություն կգրանցի։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |